Այսօր Ազգային ժողովում տհաճ միջադեպ է տեղի է ունեցել «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանի եւ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի միջեւ։
Երբ «Ա1+» հեռուստաընկերության լրագրողական խումբը մոտեցել է պատգամավորին, վերջինս, անգամ չլսելով իրեն ուղղված հարցը, բացականչել է. «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ։ Արդեն կապներդ կտրվել ա, սանձներդ թողեցիք»։ Իսկ երբ Մհեր Արշակյանը հարցրել է թե ի՞նչ նկատի ունի պատգամավորը, Մհեր Սեդրակյանը ավելացրել է՝ «Իյա…»։
Իշխող կուսակցության ներկայացուցիչը նման բուռն ու կոպիտ արձագանքը բացատրեց նրանով, որ զայրացած էր, քանի որ, ըստ նրա, ինքը ԱԺ միջանցքում հանգիստ կանգնած խոսում էր, իսկ լրագրողը խախտել է իր զրույցի գաղտնիությունը եւ մոտեցել իրեն բարձրախոսով։
Հանրային վայրերում հանրային ոլորտի ներկայացուցիչների (եւ ոչ միայն պատգամավորների, այլեւ լրագրողնրի) վարքն ու խոսելաոճը վերջերս հաճախ է հայտնվում մեդիայի ուշադրության կենտրոնում, նաեւ քննարկվում էթիկայի տեսանկյունից։ Համենայնդեպս, եւ՛ Մհեր Արշակյանը, եւ՛ Մհեր Սեդրակյանը չեն բացառել, որ միջադեպի կապակցությամբ դիմելու են էթիկայի հանձնաժողով։
Երեկոյան հայտնի դարձավ, որ 40 հայաստանցի լրագրողներ նամակ են ուղղել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ խնդրելով նրան կարգի հրավիրել այն ԱԺ պատգամավորներին, ովքեր անվայել վարք են ցուցաբերում լրագրողների հետ շփվելիս:
«Զորօրինակ, վերջին թարմ դեպքը, երբ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը, ով հայտնի է որպես Թոխմախի Մհեր, անվայել խոսքեր է ասել «Ա1+» լրատվամիջոցի լրագող Մհեր Արշակյանի հասցեին: Խնդրում ենք կարգի բերել Մհեր Սեդրակյանին, ինչպես նաև Սամվել Ալեքսանյանին, ովքեր խորհրդարանում աշխատող լրագրողների հետ իրենց թույլ են տալիս շփվել ոչ հարգալից արտահայտություններով՝ «քուր ջան, ազիզ ջան» եւ այլն»,- ասված է նամակում:
Facebook սոցիալական ցանցում ստեղծված «Լրագրողների նամակ պահանջը Հովիկ Աբրահամյանին» խմբի անդամները նաեւ պահանջում են, որպեսզի պատգամավորը ներողություն խնդրի լրագրողից:
Նունե Հախվերդյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: