Լռության դավադրությամբ արձագանքեցին ՌԴ TV-ները Գյումրիում կատարված սպանություններին։
Առաջին օրը՝ հունվարի 12-ին համառուսաստանյան երեք գլխավոր ալիքներից («Россия», «Առաջին ալիք», «НТВ») ոչ մեկը չանդրադարձավ սպանդին, որի համար կասկածվում էր ռուսական 102-րդ բազայի զինվոր Վալերի Պերմյակովը։
«Առաջին ալիք»-ն իր երկերեսանիության մեջ էնքան հեռու գնաց, որ նույն օրվա նորությունների գլխավոր թողարկման մեջ մեղադրեց Եվրոպային «Շառլի էբդոյի» սպանությունները լայնորեն լուսաբանելու, իսկ Դոնեցկում ծանր վիրավորված երեխային մոռացության մատնելու համար: Սակայն Ոչ մի բառ չասաց «ռազմավարական դաշնակից» Հայաստանն ալեկոծած ողբերգության մասին (մինչեւ հիմա)։
Հաջորդ օրը՝ հունվարի 13-ին, լռությունը խզեց «НТВ»-ն, որի ցինիզմը գերազանցեց «Առաջին ալիք»-ին։ Ալիքի նորությունների թողարկումներից մեկը հաղորդեց, որ Գյումրիում տեղակայված ռուսական բազայից զինվոր է փախչել, որին գտել եւ հանձնել են հրամանատարությանը։
Այսինքն՝ «НТВ»-ին հուզող խնդիրը դասալիքի հանդեպ ռուսական իշխանությունների վերահսկողության ապահովումն էր։ Կարող է անհավատալի թվալ, բայց իր եթերը զանազան քրեական սերիալների ու պատմությունների միջոցով արյան բաղնիքի վերածած հեռուստաընկերությունը ծպտուն չհանեց սպանությունների մասին։ Ընդհանրապես:
«Զինծառայողին, որին կալանավորել էին հայ-թուրքական սահմանն անցնելիս, հանձնել են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմական բազայի հրամանատարին։ Այդ մասին հայտնեց Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) ղեկավարությունը (բառացի – Վ.Մ.)։ Դասալիքի անունն է Վալերի Պերմյակով։ Նա հայտնաբերվել է Բայանդուր գյուղից ոչ հեռու, որի մոտակայքում տեղակայված է ռուսական սահմանապահ ջոկատը։
Սահմանախախտը քաղաքացիական հագուստով է եղել, ունեցել է երեք բջջային հեռախոս եւ մեծ գումար։ Իսկ, ահա, փաստաթղթեր նրա մոտ չեն հայտնաբերվել։ Հարցաքննությունից եւ անձը պարզելուց հետո Վալերի Պերմյակովին զինվորական քննիչների եւ դատախազների ներկայությամբ հանձնել են բազայի ղեկավարությանը, որտեղ նա ավելի վաղ իր ծառայությունն էր անցնում»։
Բնորոշ երեւույթ ռուսական պետական քարոզչության համար։ Ճշմարտությունը չասել կամ ասել էնքանը, ինչքանը ձեռնտու է տվյալ պահին, թեկուզեւ դա լինի նրա չնչին մասը, ասենք թե զինվորի փախուստն իր զորամասից՝ առանց նրան վերագրվող սպանությունների։
Դա, իհարկե, անհեթեթ է դարձնում լրատվությունը, նույնիսկ «Զվեզդա» ալիքը չի հայտնի դասալքության սովորական միջադեպի մասին, բայց երեւի «НТВ»-ն վստահ է, որ արդեն էնպես են լվացել ռուսաստանյան հեռուստադիտողների ուղեղը, որ նա ոչ մի արտառոց բան էլ չի նկատի։
Թյուրիմացություններից խուսափելու համար ճշտեմ. «НТВ»-ի կայքում տեղադրված տեսանյութի առաջին կադրի վրա կան մակագրեր, որոնք նկարագրում են սպանությունը, բայց եթեր հեռարձակվել է միմիայն մեջբերված տեքստը։
Մյուս խոշոր հեռուստաընկերություններից «Ռոսիա 24» ալիքը, նույնպես մեկ օր ուշացումով մարդասպանության դեպքը լուսաբանելով, շեշտադրեց, որ Պերմյակովը ծառայության գերազանցիկ է եղել։ Ո՞վ կասի, թե որն է տեղեկության իմաստը. դա մեղմացուցիչ հանգամա՞նք է, թե՞ գերազանցիկությունը մարդկային սպանդ իրականացնելու նախադրյալ է։
Եվ վերջապես «РБК» ալիքը, որը համեմատաբար նվազ է մասնակցում քարոզչական շոուներին եւ երբեմն նույնիսկ ձայն է տալիս ընդդիմադիր ռուս գործիչներին, անցած 2-3 օրերի իր՝ շուրջ հարյուր լրատվական թողարկումներում (ամեն կես ժամը մեկ) ուրիշ եղանակ չգտավ արյունալի հաշվեհարդարը ներկայացնելու՝ բացի «ՏԱՍՍ» գործակալության տեղեկությունը վազող տողով հեռարձակելուց։
Ցավալի է, բայց Հայաստանի պետական մարմինների ուշքն ու միտքը հնարավոր հակառուսական տրամադրությունները ցրելն էր, որ վայել է «գրպանի» պետության ղեկավարությանը, երբ համառուսաստանյան ալիքներն ամեն կերպ շրջանցում էին զարհուրելի սպանությունը, ինչն իրոք կարող է ռուսատյացություն հարուցել։
Սպանությունը կոծկելը քրեական պատասխանատվություն ենթադրող արարք է։ Երեւի թե արժե իրավական էդ պատիժը մեդիայի վրա էլ տարածել՝ հատուկ համառուսաստանյան հեռուստաալիքների համար։
Վահրամ Մարտիրոսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: