«Եթե պատերազմական գոտում ես, ինֆորմացիայի պակաս անպայման ունենալու ես»

05.04.2016, հայ

Լրագրող, արվեստի քննադատ

BBC-ի արաբական ծառայության լիդ տնօրեն (Lead Director), ծագումով հայ Էդմոնդ Սաբելլան հայաստանցի լրագրողների հետ վարպետության դասեր անցկացրեց ու պատմեց պատերազմական իրավիճակների լուսաբանման, վավերագրական ֆիլմարտադրության, ուղիղ եթերում աշխատանքի իր փորձի մասին: 

Աշխարհի տարբեր թեժ կետերում աշխատած Էդմոնդ Սաբելլան հատկապես մեծ ուշադրություն է դարձնում անվտանգությանը : «Ավելի լավ է պատրաստ լինես, քան հանկարծ վտանգի ենթարկվես»,- ասում է նա:

Իր վարպետության դասի ընթացքում թեժ կետերում աշխատել ցանկացող լրագրողներին Էդմոն Սաբելլան խորհուրդ տվեց առաջին հերթին ուշադրություն դարձնել ապահով հագուստի ու հարմար կոշիկի վրա: Եթե մեկնում ես թեժ կետեր, որտեղ ինչ ասես կարող է պատահել, պետք է պաշտպանված լինես ու անես այնպես, որ առաջին իսկ հայացքից պարզ դառնա, որ լրագրող ես ու զինված չես:

Ըստ նրա՝ տարբերակող նշաններով հատուկ համազգեստը (զրահաբաճկոնով ու սաղավարտով) չպիտի լինի սև գույնի (գերադասելի է կապույտ, կանաչ կամ կարմիր), քանի որ սև գույնը որպես կանոն նույնացվում է հակամարտող կողմերի հետ:

Էդմոնդ Սաբելլան կարճ ուղեցույց է կազմել հակամարտության գոտում աշխատող լրագրողների համար:

 

Ձեր տեսանկյունից՝ լրագրողի համար ի՞նչն է ամենաբարդը:

Որպես վավերագրական ֆիլմեր պատրաստող հեռուստառեժիսոր կարող եմ ասել, որ ամենաբարդը որոշելն է, թե ինչպես պետք է լսարանին ցույց տաս քո դոկումենտալ նյութը (որը հաճախ շատ գրավիչ ու հետաքրքիր չէ), որպեսզի համոզես մարդկանց դիտել այն: Կարծում եմ՝ ամենադժվարը համոզիչ լինելն է:

Երբ վավերագրական ֆիլմեր ես անում, օրինակ, բոլորի ուշադրության կենտրոնում գտնվող Սիրիայի մասին, հետաքրքրելն ավելի դյուրին է, քան երբ, ասենք ֆիլմ ես պատրաստում Հունաստանի մասին, որտեղ հենց այս ժամանակահատվածում առանձնապես ցնցող բան չի կատարվում: Բայց պետք է այնպիսի վավերագրություն ստեղծես, որը մարդիկ ուզենան դիտել:

 

Կոնֆլիկտային, պատերազմական գոտում աշխատելը լարված ու բարդ գործ է: Դուք հաճախ եք մեկնում թեժ կետեր, ի՞նչն է ձեզ համար առաջնային:

Ես սիրում եմ թեժ կետերում աշխատել: Եվ անկեղծ ասած՝ ինձ համար, դա դժվար չէ:

Իհարկե, պատերազմական գոտիներում աշխատելը վտանգավոր է, բայց պատրաստված լինելու դեպքում՝ դժվար չէ: Վտանգի աստիճանը կախված է, թե ինչպիսի պատրաստվածությամբ և ում ուղեկցությամբ ես մեկնում (դա կարող են լինել պետական բանակը, ոստիկանությունը):

 

Հաճա՞խ են լրագրողները վնասվածքներ ստանում պատերազմական գոտիներում աշխատելու ընթացքում:

Պատերազմի ընթացքում վնասվածքներ սովորաբար չենք ստանում: Սեփական փորձս ցույց է տալիս, որ թեժ կետերում աշխատելու ժամանակ փրկում է ադրենալինի բարձր աստիճանը: Շատերի մոտ տրավմաներն ի հայտ են գալիս աշխատանքից հետո: Դրանք հիմնականում հոգեբանական տրավմաներ են:

Իսկ պատերազմական գոտիներում աշխատելու ընթացքում վնասվածքներ չեն լինում, քանի որ մենք անցնում ենք հատուկ դասընթացներ, որոնք BBC-ի ակադեմիան կազմակերպում է բանակի հետ:

Բոլոր պարագաներում հարկավոր է ուշադիր լինել, խմբով աշխատել, որ եթե հանկարծ որևէ վնասվածք ստանաս, կողքինդ հասցնի քեզ օգնություն ցույց տալ կամ հասցնել հիվանդանոց:

էդմոնդ Սաբելլան Երեւանում վարպետության դասի ընթացքում

Որքա՞ն են տևում այդ դասընթացները:

Շատ երկար: Սկզբում մեր լրագրողները անցնում են տեխնիկական դասընթացներ, որոնք օգնում են աշխատել ցանկացած վայրում: Տեղեկանում ենք զենքերի ու զինամթերքների տարբեր տեսակների, բժշկական առաջին օգնության և կյանքին սպառնացող տարբեր գործոնների մասին:

Պետք է ճանաչենք այն աշխարհամասը, ուր մեկնելու ենք, իմանանք, թե ինչպես են այնտեղ աշխատում տարբեր ենթակառուցվածքները: Անպայման միջավայրի ուսումնասիրման մասին դասընթացներ ենք ունենում, իմանում ենք, թե ինչպիսին են եղանակային պայմանները, ավտոճանապարհների վիճակը և շատ ու շատ այլ բաներ:

Հաշվարկվում են ռիսկերը, և բոլոր լրագրողները պարտադիր կերպով կյանքի ապահովագրություն են ձեռք բերում:

 

Պատերազմական գոտի մեկնելու որոշումը կայացնում է լրատվամիջո՞ցը, թե՞ լրագրողը:

Իհարկե, լրագրողը: Ցանկացած լրագրող կարող է հրաժարվել պատերազմական գոտի մեկնելուց, նույնիսկ եթե մեկ տարի շարունակ դասընթացների է մասնակցնել (իսկ դրանք բավական թանկ դասընթացներ են): BBC-ն մինչև վերջին վայրկյանը ընտրության հնարավորություն է տալիս:

Մենք աշխատում ենք մի քանի հոգով՝ լրագրող, պրոդյուսեր, օպերատոր ու համագործակցում ենք տեղացի մեկի հետ (ասենք, վարորդի կամ ուղեկցորդի):

Եվ բոլոր դեպքերում՝ կարծում ենք, որ ամենավստահելի օղակը պաշտոնական բանակն է:

Եղել են դեպքեր, երբ լրագրողի ուսին դրված տեսախցիկը պատերազմող կողմերը համարել են հրանոթային զենք ու կրակել են այդ լրագրողի վրա: Այդ պատճառով էլ կրակի գոտում աշխատելիս՝ երբեք տեսախցիկը ուսին մի դրեք: Եվ պատրաստ եղեք երկրորդ խցիկը ունենալ, եթե առաջինը շարքից դուրս է գալիս: Մենք նաև արբանյակային հեռախոսներ ենք ունենում, որոնցում կան բոլոր կարևոր հեռախոսահամարները:

 

Լրագրողը ոչ միայն ինքն իրեն, այլև իր հավաքած ու նկարահանած ինֆորմացիան պետք է պաշտպանի:

Նաև հոգ տանի իր սարքավորումների համար՝ տեսախցիկների, բարձրախոսների, լույսի: Ես տեխնիկական պրոդյուսեր ու օպերատոր եմ, իմ գործը նկարահանումներ իրականացնելն է: Ես լրագրող չեմ, այդ պատճառով էլ՝ բովանդակության մասին շատ բան ասել չեմ կարող:

Բայց պետք է միշտ հիշել, որ եթե պատերազմական գոտում ես, ուրեմն ինֆորմացիայի պակաս անպայման ունենալու ես: Հարցնում էիք՝ որն է ամենադժվարը: Ամենից դժվարը ճիշտ կոնտակտներ ունենալն է:

 

Իսկ Հայաստանի մեդիայի աշխատանքին հասցրի՞ք ծանոթանալ:

Լավ ծանոթ չեմ Հայաստանի լրատվամիջոցների աշխատանքին: Մի քանի գործնական սեմինար վարեցի հայ լրագրողների հետ ու տեսա, որ իրենք լավ են աշխատում, բավական պատրաստված ու պրոֆեսիոնալ են:

 

Հաճախ հարց է ծագում, թե ինչու՞ BBC-ին չունի հայկական ծառայություն: Հնարավոր համարու՞մ եք այդ բաժնի բացումը:

Այս հարցին չեմ կարող պատասխանել, այն պետք է ուղղվի լրատվամիջոցի մենեջերներին:

 

Իսկ Հայաստանում պատրաստվու՞մ եք վավերագրական ֆիլմ նկարահանել:

Որպես BBC-ի աշխատակից՝ ոչ: Իմ բոլոր վավերագրությունները 15-20 րոպե տևողությամբ են, և ողջ արխիվն էլ պատկանում է BBC-ին:

Բայց եթե ուզենամ ինքնուրույն անկախ ֆիլմ նկարահանել, դա անպայման կլինի Հայաստանի մասին: Կուզեի ճամփորդել ու հավաքել Հայաստանի պատկերը քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ:

Հուսով եմ, որ սեպտեմբերին ավելի երկար ժամանակով կգամ Հայաստան: Եվ դա կլինի իմ անձնական նախաձեռնությամբ, ոչ BBC-ի: Ես ահռելի հաճույք ստացա՝ լինելով այստեղ: Պարզապես ես սովոր եմ հարցազրույց վերցնել, բայց ինքս խուսափում եմ հարցազրույց տալ: Տալն ավելի բարդ է:

Հարցազրույցը` Նունե Հախվերդյանի

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?