«Հույժ գաղտնի» խախտումներ
«Կարիք չկա թվարկել Հայաստանի շինարարական արդյունաբերության բոլոր բացթողումները, որ նկատել է տեսչական ստուգումը։ Բայց կուզենայի հղում կատարել արձանագրությունից, որը կազմվել է 1987 թվականի մայիսին, երկրաշարժից մեկ ու կես տարի առաջ։ Մեջբերում եմ. «Նշված թերություններով շենքերի կառուցումը սեյսմիկ շրջաններում մեծ վտանգ է ներկայացնում, քանի որ նույնիսկ ամենափոքր սեյսմիկ ազդեցության դեպքում տեղի կունենա լիակատար ավերածություն»։
Սա մի հատված է Սովետական Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանի ելույթից։ 100 մեքենագիր էջանոց այս փաստաթուղթը, որ պահվում է Հայաստանի պետական արխիվում և այսօր հասանելի է բոլորին, կրում է «Հույժ գաղտնի» մակագրությունը։
Արդեն 1989 թվականն էր, ՍՍՀՄ կոմունիստական կուսակցության ղեկավար Միխայիլ Գորբաչովը 1986-ից «հրապարակայնություն» էր հռչակել, բայց գործնականում կոմկուսը շարունակում էր գաղտնի պահել ժողովրդից կատարված հանցագործությունները։
Թեև 1988 թվականի երկրաշարժի առումով ժամանակի իշխող կուսակցության ներկայացուցիչների գործելակերպը, ըստ էության, առայժմ արդարացրել է իրեն։ Հանցագործությունները, որ տասնամյակներ կատարվել էին շինարարության ոլորտում, անուշադրության մատնվեցին տարիների հետ, ամեն ինչ վերագրվեց տարերային աղետին։
Իրականում ավերածությունը կարող էր բազմապատիկ պակաս լինել, հազարավոր մարդիկ ողջ մնային, եթե չլիներ թալանը, աշխատանքային ծայրահեղ անբարեխղճությունը։
Համեմատենք։
Սպիտակի երկրաշարժի ուժգնությունը, ըստ Ռիխտերի սանդղակի, 6,9 բալ էր։ Հյուսիսային Կալիֆորնիայում հաջորդ տարի՝ 1989-ի հոկտեմբերի 7-ի երկրաշարժինը՝ 7,1։
Սպիտակի երկրաշարժի զոհերի թիվը մոտ 25000 է, վիրավորներինը` 31000։
Կալիֆորնիայում զոհվեց… 67 մարդ, վիրավորվեց 2435-ը։
Եվս մեկ համեմատություն, որ պատկերացում կտա, թե ինչ է նշանակում 25000 զոհը մեր երկրի համար։
Ըստ ուսումնասիրությունների` Հայաստանում 1937-38 թթ. բռնությունների է ենթարկվել 8104 մարդ։ Նրանցից ստալինյան դատական համակարգը գնդակահարության է դատապարտել 4530-ին: (1938-ին գնդակահարվածների մի մասը 1937-ի դահիճներն են, բայց դա չի կարելի արդարադատության հաղթանակ համարել. նրանց, իրենց զոհերի նման, դատապարտել են լրտեսության և այլ մտացածին մեղադրանքներով, շատերը Ստալինի մահից հետո արդարացվել են)։
Արցախյան պատերազմի ընթացքում 1988-94 թթ. հայկական կողմը ունեցել է շուրջ 5800 զոհ, մի քանի անգամ ավելի վիրավոր։
1988-ի երկրաշարժի զոհերի թիվը մոտ 25000 է, վիրավորներինը 31000։
Հայկական մեդիան փորձե՞լ է տասնյակ բնակավայրեր ավերակների վերածելու մեղավորներին պարզել։ Հետաքննություններ որպես այդպիսին չեն անցկացվել։
Հետազոտություն «Լրատուն» մեդիա թանգարան նախագծի շրջանակներում ես եմ կատարել, որի զգալի մասը լույս է տեսել Media.am կայքում։ Իսկ երբ արդեն այդ նյութերը ամփոփվել էին «Լրատան» «Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան» ցուցահանդեսում, որը ներկայացվեց Հայաստանի 4 մարզում ու Երևանում, հանդիպեցի տեղացի լրագրողներին, որոնք ունեին լրագրողական հետաքննության տեսակետից բացառիկ նյութեր՝ դեռևս չհրապարակված։
Սկսեմ մեկից, որը մեծ հաշվով անմեղ է։ Մարտունու տեղական մամուլի թղթակից Սպարտակ Հայրապետյանը լուսանկարել է խանութից մի արկղ խմիչք հափշտակելու պահը։ Լուսանկարը ժամանակին չի տպագրվել, հեղինակի թույլտվությամբ այն հրապարակվում է առաջին անգամ։
Ֆորս մաժոր իրավիճակներում կատարվում են դիակապտության շատ ավելի ահավոր դեպքեր Մեխիկոյի 1986 թվականի երկրաշարժից, Նոր Օռլեանի 2005 թվականի հեղեղումից հետո… Այնպես որ, հավանաբար ցրտին տաքանալու կամ վիշտը փարատելու համար օգտագործվելիք խմիչքի արկղի հափշտակությունը չարժե դասել լուրջ բացահայտումների շարքին։
Սպարտակ Հայրապետյանը ավերածությունների շատ լուսանկարներ ունի, որոնք արժեքավոր են որպես վավերագրություն։ Ի դեպ, նա նաև ժողովրդական վարպետ է, որը բնապատկերներ է ստեղծում հիմնականում մամուռի օգնությամբ։ Սպիտակում ավերակներին նստած սգավոր կնոջ լուսանկարը հետագայում նա փոխանցել է կտավին։
Շատ կարևոր մի փաստաթուղթ է հայթայթել և 1989-ից պահպանում է գյումրեցի լրագրող Յուրի Խաչատրյանը։ Դա «Նախագծային և շինարարական որակի ստուգման Կառավարական հանձնաժողովի աշխատանքի արդյունքների մասին» վերնագրով «տեղեկանքն» է. այս հանձնաժողովը ՍՍՀՄ կենտրոնական իշխանությունը ստեղծել էր 1989-ին` արձագանքելով ահռելի ավերածությունների առթիվ հանրային վրդովմունքին։ «Տեղեկանքի» եզրակացությունները տպագրվել են, ավելի ստույգ մեքենագրվել են ընդամենը 5 օրինակով։ Յուրի Խաչատրյանը մեզ թույլ տվեց պատճենել և օգտագործել փաստաթուղթը։
Ավարտը` հաջորդիվ:
Վահրամ Մարտիրոսյան
Լուսանկարները՝ Սպարտակ Հայրապետյանի
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: