Բոյկոտ ռուսական TV-ներին

21.01.2015, Քննադատ

Գրող, կինոդրամատուրգ:

Բացառիկ բան տեղի ունեցավ Հայաստանում՝ հանրային նախաձեռնությամբ հունվարի 20-ը սգո օր հայտարարվեց։ Ինչպես վայել էր, հազարավոր մարդիկ մոմեր վառեցին ի հիշատակ Գյումրիի սպանդի 7 զոհերի։

Իսկ ի՞նչ է լինելու հիմա, երբ սգո հանդիսություններին հաջորդել է առօրյան։ Խոսքը դատավարության լուսաբանման մասին չէ, որ առանձին մեծ թեմա է, այլ ռուսական դաշնային TV-ների վարքագծի, որ 3 օր ուշացումով անդրադարձան սարսափելի ոճրագործությանը։

Թիվը խորհրդանշական է. ճիշտ 3 օր ուշացավ սովետական զորքը, երբ 1988-ին ադրբեջանական Սումգայիթ քաղաքը սպանում, խոշտանգում, բռնաբարում էր իր անմեղ հայ բնակիչներին։ (1990-ի Բաքվի «պոգրոմների» ժամանակ էլ ուշացումը 7 օր էր, ոնց որ Վ. Պուտինի ցավակցության դեպքում)։

Միակ ենթադրությունը, որ խելամիտ է թվում՝ նրանց արգելված էր խոսել, մինչեւ Կրեմլը ձեռնտու վարկած մշակեր. ասենք՝ որ Ամերիկայի մատն է խառը կասկածյալի՝ 102-րդ ռուսական բազայի զինծառայող Պերմյակովի կողմից մի ամբողջ հայ ընտանիք բնաջնջելու գործում... որ կասկածյալի հայրը Ռուս ուղղափառ եկեղեցու հետեւորդ չէ եւ այլն։

Դա նշանակում է, որ երբ սկսվի դատավարությունը, («ռուսական դատավարություն»՝ ըստ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովի) ռուսական TV-ները ոչ թե լռելու են, այլ իրենց ուզած լույսի տակ ներկայացնեն ոճիրն ու «սեփականացրած մարդասպանին»՝ ուղղակի կամ անուղղակի վիրավորելով Հայաստանի Հանրապետությունը եւ հայությանը։

Ռուսական ալիքները հեռարձակումը կարգավորվում է ըստ հայ-ռուսական միջպետական պայմանագրի։ Հայաստանում հեռարձակվում են ռուսական երեք ալիքներ՝ «Առաջին ալիք»-ը, «Ռոսիա-ՌՏՌ»-ը, «Կուլտուրա»-ն, ինչպես նաեւ ռուսալեզու «Միր»-ը: Սա ամենաճիշտ պահը չէ՞, որ ԱԺ խմբակցությունները միջպետական պայմանագրի վերանայման նախաձեռնություն ցուցաբերեն։

Շատերը կմտածեն, թե ինչ իմաստ ունի,եթե մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն ու իր ղեկավարի համարձակությունը նույնիսկ սուգ հայտարարելուն չի բավարարել, ավելին՝ հանրային սգի օրը նրանք զինված իրավապահներով հեղեղեցին Գյումրին, ռազմական ուղղաթիռներ հանեցին մայրաքաղաքի երկինք, որ մարդիկ վախենան ու իրենց դեմ չսգան, չսգան Կրեմլի դեմ։

Իմաստ ունի։ Նախաձեռնությամբ հանդես գալն ու մերժվելը պայքարի փուլերից մեկն է, որն իրազեկում է հանրությանը գաղափարի մասին, քաջալերում հնարավոր կողմնակիցներին, նոր համակիրներ ձեռք բերում։ Նման նախաձեռնությունը կարող է ապացույց դառնալ, որ, բացի գյումրեցիներից, Երեւանի, Վանաձորի, այլ բնակավայրերի արժանապատիվ քաղաքացիներից, էդ հատկությունը՝ արժանապատվությունն ունեցող մարդիկ կան նաեւ իշխանության մարմիններում։

Հակառակ դեպքում արժե ստորագրահավաք սկսել, որ Ազգային ժողովի անվանումից հանվի «ազգային» բառը կամ օգտագործելու թույլտվության համար տվյալ մարմինը տարեկան պետական տուրք մուծի` բազային տուրքի 600-ապատիկի չափով, որը նախատեսված է «Հայ», «Հայաստան», «հայկական» բառերը եւ դրանց թարգմանությունները ֆիրմային անվանման տարբերակող նշանակության անվան մեջ օգտագործելու թույլտվության համար» («Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ 27 դեկտեմբերի 1997 թվական, ՀՕ-186, 20-րդ հոդվածի 31-րդ կետ):

Ռուսական TV-ները որեւէ կերպ չբացատրեցին լռության դավադրությունը՝ 3-օրյա ուշացումը, ներողություն չխնդրեցին՝ «հայ ժողովրդի վրա սրբելով ոտքերը», ինչպես բնորոշեց ռուսական իշխանության ողջ գործելակերպը հրապարակախոս Յուլիա Լատինինան։ Հայաստանի քաղաքացիներն արժանապատիվ եղանակ ունեն դրանց հանդեպ արտահայտելու իրենց վերաբերմունքը՝

բոյկոտ։

Վահրամ Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?