2014.11.12,

Քննադատ

Մտավոր զվարճանք «ստեղծագործաբար դիմադրող սպառողներին»

author_posts/vahram-martirosyan
Վահրամ Մարտիրոսյան
facebook

Գրող, կինոդրամատուրգ

Շուրջ մեկ տարի առաջ դիմագրայինֆեյսբուքյան») տարածքում հայտնվեցին առցանց հաղորդումների հղումներ, որոնք ընդգրկում էին հայ հանրությանը քիչ հայտնի տրամասություններ (դիսկուրսներ)։ Բանախոսները լայն հանրությանը նույնպես ոչ շատ հայտնի, բայց իրենց ոլորտի նորագույն վիճակին քաջ ծանոթ ու նոր գաղափարներ ներկայացնող մտավորականներ էին։

Մեկ տարի մեկ ամսում առցանց հեռուստաընկերությունը պատրաստեց հարյուրավոր հաղորդումներ, որոնք տեղադրված են կայքի 45 բաժիններում։ Դրանց թվում են՝ կոնֆլիկտոլոգիան, մշակութաբանությունը, մարդաբանությունը (ոչ թե սովետական ընկալմամբ՝ ֆիզիկական, այլ սոցիալական, մշակութային մարդաբանություն), տեղեկատվական տեխնոլոգիաները, որ կամ նոր գիտություններ են, կամ նոր են տեղայնանում Հայաստանում։

Խոսքն, իհարկե, «Բուն TV»-ի մասին է, որն ինքն իրեն բնութագրում է որպես «Հայկական առաջին գիտա-մասնա-գիտա-կան TV»։ Ինչու՞ «իհարկե», որովհետեւ հեռուստաընկերությունը կարճ ժամանակամիջոցում ճանաչվեց ու սիրվեց «ֆեյսբուքահայության» կողմից (վիճակագրական տվյալներ չկան, հիմնվում եմ սեփական տպավորություններիս վրա)։

«Բուն TV»-ի հաջողությունը, ըստ իս, պայմանավորված է առաջին հերթին մտավոր «զվարճության» պահանջարկով, որի գոյության մասին մեր հանրության զգալի մասը կամ իրազեկ չէ, կամ, լինելով նույնիսկ նրա կրողը, չի բանաձեւել իր համար։

Մինչդեռ տեղեկատվության խոշորագույն տեսաբանները գլոբալիզացիայի շրջանի տիպար-լսարան համարում են «ստեղծագործաբար դիմադրող սպառողներին կամ ազգային մշակույթները», որոնց քննարկման առանցքային նյութը մտավոր արտադրանքն է (ըստ Քոլին Սփարքի հետազոտությունների՝ Փոլ Ջոնս, Դեյվիդ Հոլմս. Մեդիայի եւ հաղորդակցության առանցքային հիմնադրույթները, էջ 22, աղյուսակ 2), իսկ «Տեսություն եւ փորձ» (Theory and Practice) միջազգային նախաձեռնությունը նույն բանը կազմակերպում է միջոցառումերի մակարդակով։

«Բուն TV»-ի հաջողության երկրորդ «գրավականը» բարձրագույն կրթության ոչ պատշաճ մակարդակն է Հայաստանում, դասախոսների գիտելիքների «սովետից» հետ գցած պաշարը, շատ բուհերում ուսման ձեւական բնույթը։

«Բուն TV»-ի երրորդ առավելությունը գիտական, մշակութային արժեքավոր նյութը պահի պատեհությանը չծառայեցնելու դիրքորոշումն է՝ ի տարբերություն «ավանդական» հեռուստընկերությունների գործելաոճի, որը «Բուն TV»-ի իր բանախոսության նախաբանում (05.00) դիպուկ է բնութագրում ազգագրագետ Գայանե Շագոյանը.

«Ինձ երբ որ զանգում է որեւէ լրագրող որեւէ հեռուստատեսությունից եւ խնդրում մեկնաբանել ինչ-որ իրադարձություն… կամ մասնակցելու թոք-շոուների, որոնց ես, որպես կանոն, մերժում եմ… միանգամից ի´մ փոխարեն ի´մ դիրքորոշումը արդեն ձեւակերպած են լինում։ Զանգում են եւ ասում են. «Ուրեմն այսպես. մենք անում ենք թոք-շոու խառնամուսնությունների մասին եւ մեզ պետք է, որ դուք գաք եւ բացատրեք, թե ինչի՞ են հայերի համար վտանգավոր խառնամուսնությունները»։

Միգուցե ավելի արդար լինի «Բուն TV»-ի հաղորդումերը համեմատել ոչ թե թոք-շոուների, այլ ճանաչողական, կրթական ծրագրերի հետ։ Դա առաջին հերթին անունով իսկ խնդրո առարկային համապատասխանող «Հանրալսարան» հաղորդաշարն է, որը հեռարձակվում է Առաջինով եւ իր բովանդակությամբ համապատասխանում է Հանրային հեռուստաընկերության առաքելությանը։

Մյուս կողմից՝ համեմատությունը առերեւույթ է տեղին. Հայաստանում արմատապես տարբեր են առցանց եւ հանրային սփռման լսարանները։ Բավական է ասել, որ Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի դասախոսությունը Յութուբում մեկ ու կես ամսում հավաքել է 85 դիտում։ Պետք է ենթադրել, որ «Մայր բուհի» ուսանողներից հենց էդքանն են հեռուստացույց նայում (կամ, միգուցե, Հանրայինի հաղորդումները)։

Հիմք ընդունելով էդ տարբերությունը՝ առաջիկայում, թերեւս, փորձեմ զուգահեռ անցկացնել «Հանրալսարան» եւ ռուսական «Կուլտուրա» ալիքի «Ակադեմիա» հաղորդաշարերի միջեւ, մանավանդ որ վերջինս նույնպես սփռվում է Հայաստանում։

Իսկ «Բուն TV»-ն իր կառուցվածքով ռուսական «Պոզնովատելնոե» (ճանաչողական) առցանց հեռուստաընկերությանն է նման, որի առաջին հինգ բաժիններն են՝ «Առողջություն», «Ընտանիք», «Գեղեցկություն», «Գործ եւ փող», «Տուն եւ կալվածք»։

Հերթականություն, որ հայկական կենացների շարք է հիշեցնում, բայց զարմանալիորեն բովանդակությամբ էլ շատ տարբեր չէ։ «Քաղցր փող» հաղորդման բանախոս Օլեգ Տորսունովի մի ելույթն, օրինակ, ամբողջովին նվիրված է նրան, որ կինը չպետք է փող աշխատի, այլ տանը տիրություն անի, իսկ փող աշխատելը տղամարդու գործն է։

Նույն կայքում կա նաեւ Հայաստանում բավական հայտնի պատմաբան Ալեքսանդր Դուգինի մի քանի բանախոսությունը, որոնցից մեկը կոչվում է «Ինչու՞ են Միացյալ Նահանգները բարեկամություն անում ոչ ժողովրդավարական երկրների հետ»։

Մինչդեռ «Բուն TV»-ի վերոհիշյալ «Մարդաբանություն» բաժնի վերնագրերն իսկ հուշում են, որ հեռուստաընկերության ծրագրում պարզունակ քարոզչության նշույլ չկա՝ Հայաստանի բանակցային մշակույթը, «Պրեստիժությունը» արդի Երեւանի թաղման ծեսում, Թվային մարդաբանություն, Հարսանիքի տրանսֆորմացիա։

Եվ վերջապես։ «Բուն TV»-ի ծննդյան առաջին տարեդարձի օրը պարզվեց, որ հեռուստաընկերությունը ֆինանսավորում են հիմնադիրներ Քրիստինե Արմենակյանը եւ Գեմաֆին Գասպարյանը, իրենց համեստ միջոցներից։

Էսօրվա Հայաստանին բնորոշ պատկեր. ամենատարբեր հովանավորներ գումարներ են տրամադրում մեդիային, որի զգալի մասը կորչում է, իսկ կրթական-ճանաչողական հեռուստաընկերությունն ստեղծվում է երկու երիտասարդի ծախսով։

Մյուս կողմից՝ ճիշտ է, դա ունի իր առավելությունը. «Բուն TV»-ն ազատ է որեւէ թելադրանքից կամ սահմանափակումից Հայաստանի մտավոր սերուցքը առցանց հեռուստադիտողին ներկայացնելիս։

Վահրամ Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *