2016.05.04,

Քննադատ

Ձերբակալվել է լրագրող

author_posts/lilit-avagyan
Լիլիթ Ավագյան
facebook

Լրագրող

Երկար տարիներ լինելով լրագրողական դաշտում՝ հստակ գիտեմ, որ լրատվամիջոցները գոյատևելու խնդիրը կարգավորելու նպատակով երբեմն՝ ստիպված, երբեմն՝ «հաճույքով», դիմում են տարբեր պաշտոնյաների կամ գործարարների՝ լրատվամիջոցի ոչ լեգալ հովանավորությունը ստանձնելու խնդրանքով: Գումարի համար, հասկանալի է, առաջարկվում է ծառայություն՝ չեզոք լինել տվյալ քաղաքական գործչի հանդեպ, տվյալ գործչի պատվերով կամ խնդրանքով գրել մեկ այլ քաղաքական գործչի դեմ:

Լրատվամիջոցներն այսպիսով կախման մեջ են հայտնվում «եկամտի աղբյուրից» և, ըստ էության, անազնիվ գործարքի մեջ են մտնում ընդդեմ ընթերցողի, հեռուստադիտողի…

Այն լրատվամիջոցների ղեկավարները, որոնք փորձում են դաշտում ազնիվ աշխատել, արդեն բարոյական ու ֆինանսական խնդիրների առջև են կանգնում, նրանց սկսում է նյարդայնացնել իրականությունը: Ինչպես, օրինակ, «Հետք» առցանց լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանին, որը Ֆեյսբուքի իր էջում 2013-ի սեպտեմբերի 29-ին այս գրառումն է արել:

«Բավական ժամանակ է` մտմտում եմ «Հետք» թերթը փակելու մասին: Որովհետեւ մեդիա դաշտում մենք կարծես թե արդեն տեղ եւ անելիք չունենք: Բայց մի քանի հետաքննություններ ունենք ընթացքի մեջ, դրանք պետք է ավարտել: Եւ դրանցից մեկով էլ կներկայացնենք, թե ինչպես իշխանությունը կարողացավ ոչնչացնել մեդիադաշտը: Ինչ պրոյեկտներ է իրականացրել նախկինում եւ այժմ ինչ է անում Բաղրամյան 26-ը: Այս կամ այն լրատվամիջոցի որ լրագրողն է տանում, ասենք վարչապետի գիծը, որը ոստիկանապետի գիծը….Որ օլիգարխը որ լրատվամիջոցին ինչքան է վճարում: Ովքեր են հեռուստաընկերությունների իրական սեփականատերերը: Ինչպես են պետական պաշտոնյաները, օլիգարխները կարգավորում իրենց հարաբերությունները խմբագիրների, առանձին լրագրողների հետ: Ինչպես մենաշնորհվեց գովազդի դաշտը, ով է այնտեղ հիմնական խաղացողը: Եւ՝ հրաժեշտ հայաստանյան մեդիադաշտին»:

Իհարկե, «Հետք»-ում նման հետաքննություն չհրապարակվեց: Եվ, ինձ թույլ եմ տալիս ենթադրել՝ ոչ այն պատճառով, որ փաստեր գտնել չհաջողվեց, այլ որովհետև չափազանց բարդ է գործընկերներիդ կամ այն միջավայրին առնչվող հանցագործության մասին հայտարարություն տալ, որի անդամներից մեկն էլ դու ես:

Ինքս նման խնդրի բախվել եմ նախորդ տարի, երբ ամուսնուս զանգահարել էր լրատվական կայքերից մեկի ղեկավարը, հարցազրույց խնդրել, իսկ զրույցի ավարտին գումար պահանջել: Ամուսինս հրաժարվել էր՝ հիմնավորելով, թե դուք եք հարցազրույց խնդրել, ես էլ իմ ժամանակի հաշվին ընդառաջել եմ, ինչու՞ պետք է վճարեմ: Լրագրողը ՝ ի նշան «բողոքի», իր կայքում հոդված էր գրել ամուսնուս գործունեության դեմ, ընդ որում՝ մասնագիտական պարզ կանոններին հակասելով:

Եվ, ահա, ոստիկանության կայքում նյութ է հրապարակվում, թե «Մայիսի 2-ին ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկը ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում հաղորդում է տվել, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, որոնց ընթացքում, անդրադառնալով կայքի նախկին հրապարակումներին, դրանք չդադարեցնելու և հետագայում նմանատիպ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300.000 դրամ:

«Այնուհետև, կայքի տնօրենի ներկայացրած պահանջի կապակցությամբ պատգամավորի անունից բանակցություններ է վարել նրա ներկայացուցիչը: Բանակցությունների ընթացքում նրանց միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ պահանջվող 300.000-ական դրամը, նախապես պայմանավորված որևէ վայրում, մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը պետք է վճարվի կամ կայքի տնօրենին, կամ նրա օգնականին»:

Չանտեսելով անմեղության կանխավարկածը՝ նկատենք միայն, որ, ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, բերման է ենթարկվել և ձերբակալվել վերոնշյալ կայքի տնօրենը:

Լրատվամիջոցներին հայտնի է դարձել, որ ձերբակալվածն «Անալիտիկ» ակումբի հիմնադիր Անի Հովհաննիսյանն է: Իսկ նրա դեմ հաղորդում է ներկայացրել «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը:

Չափազանց զգայուն այս թեմային անդրադառնալիս կարող ենք լրագրողների կողմից պետական պաշտոնյաներից, գործարարներից գումարներ խնդրելու, պահանջելու, կորզելու բազմաթիվ հիմնավորումներ ներկայացնել («Լավ օրից չէ», «Մենք էլ կուզեինք օրինական դաշտում լինել, բայց թույլ չեն տալիս» և այլն, և այլն): Այդպես, հիմնավորումների անսպառ աղբյուր ունեն նաև կոռումպացված մեր պաշտոնյաները:

Լրագրողի աշխատանքը բացառիկ բարեխղճություն է պահանջում: Եվ հարգանքը լրագրողի կոչման հանդեպ, ընթերցողի վստահությանն արժանանալու պարտավորությունը և, ի վերջո, պարզապես ազնիվ աշխատելու ցանկությունը անհամեմատ ավելի արժեքավոր են, քան պատվիրատուների ծրարները:

Լիլիթ Ավագյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

2 Responses to “Ձերբակալվել է լրագրող”
  1. Նարինե says:

    Ավետիսյան
    «Հետքի» վիճակում մենք վաղուց ենք հայտնվել, նույնիսկ հենց «Հետքում» հրապարակումներ եղան «Լոռի» հեռոըստաընկերության վերաբերյալ՝ փաստերով եւ անուններով:

    1. Էմմա says:

      Տաք տեղից
      «Հետքը» կայուն դրամաշնորհային ֆինանսավորում ունի կարծեմ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *