December 13, 2018,

Նյուսրում

Օնլայն TV-ները՝ հեռուստացույցում

Գագիկ Աղբալյան

Լրագրող

Հայաստանում IPTV ծառայություններ մատուցող երկու ընկերություններ՝ «Յուքոմը» և «Ռոստելեկոմը», իրենց փաթեթներում ներառել են ինտերնետային հեռուստատեսային ալիքներ։  «Ազատություն»-ը «Յուքոմ»-ի եթերում է, 1in.am կայքը որոշ ժամանակ «Ռոստելեկոմ»-ի եթերում էր։

«Ազատություն» ռադիոկայանը ձգտում է ներկայացված լինել բոլոր հարթակներում։ Ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հրայր Թամրազյանն ասում է, որ այդպիսով «Ազատությունը» սոցցանցերից և ինտերնետից չօգտվող մարդկանց համար դարձել է մատչելի, նրանք բազմոցին նստած, կմիացնեն 222-րդ ալիքն ու կդիտեն թարմ լրատվություն։

«Ազատություն» TV-ն ունի հսկայական ծավալի դիտումներ և հետևորդներ՝ սոցցանցերում։ Միայն Ֆեյսբուքում հետևորդների թիվն անցել է 580 հազարից։

Յուրաքանչյուր օր 300-400 հազար մարդ արձագանքում է «Ազատության» հրապարակումներին։ Օրինակ դեկտեմբերի 5-11-ը «Ազատության» վիդեոդիտումների քանակն անցել է 18,2 միլիոնը։ Վեց միլիոն մարդ արձագանքել է հրապարակումներին։

«Մեզ համար լսարանի մասշտաբն այնքան էլ կարևոր չէ։ Սկսած առավոտյան 10-ից, մինչև երեկոյան 22։00-ը, յուրաքանչյուր ժամ լուրեր ենք տալիս։ Ուղղակի պիտի ներկայացված լինենք բոլոր հնարավոր հարթակներում, տալ մարդկանց հնարավորություն դիտելու մեր լրատվական ծրագրերը նաև հեռուստաէկրանին: Իհարկե, դա չի նշանակում, թե մտադիր ենք նվազեցնել մեր ջանքերը համացանցում»,- ասում է Հրայր Թամրազյանը։

Ըստ նրա՝ հեռուստատեսությունը պետք է լինի շատ ճկուն, առաձգական.

«Եվ դրա բացակայության պատճառով է, որ մարդիկ լքում են հեռուստատեսությունն ու տեղափոխվում սոցցանցեր, այնտեղ դիտելու»։

Նա ուրախ է մրցակցային միջավայրի համար։ Խոսքն այն մասին է, որ օնլայն TV-ները գնում են դեպի կաբելային հեռուստատեսություն։ Ընդհանրապես, Թամրազյանը կարծում է, որ  առաջիկայում Հայաստանում լինելու է տնտեսության իրական ազատականացում, որն էլ իր հերթին ազդելու է գովազդի շուկայի վրա։

«Եթե նախկինում ԶԼՄ-ների մեծ մասը հովանավորվել է կառավարությանը մոտ կանգնած աղբյուրներից, պետական բյուջեի միջոցներով և այլն, ապա հիմա գովազդատուն կողմնորոշվելու է նրանով, թե որքան մեծ է տվյալ լրատվամիջոցի լսարանը։ Եթե ուզում ես քո լրատվամիջոցը բիզնես դառնա, պետք է հետևես գովազդային շուկայի զարգացումներին։ Եթե չհետևեցիր, կփակվես։ Այս վտանգը սպառնում է որոշ հեռուստաընկերություններին»,-ասում է Հրայր Թամրազյանը։

Նա ծրագրում է համագործակցել մարզային փոքր կաբելային ընկերությունների հետ և «Ազատության» ալիքը հասանելի դարձնել նաև այն մարզերում, որտեղ «Յուքոմ»-ը չի աշխատում։

«Ռոստելեկոմ»-ով մի քանի օր հեռարձակված 1in.am կայքի խմբագիր Արման Բաբաջանյանը պատմում է, որ պրովայդերն իր նախաձեռնությամբ վերցրել է իրենց կայքի յութուբյան էջն ու հեռարձակել է։ Հիմա 1in.am-ը «Ռոստելեկոմ»-ի փաթեթում չէ։ Մինչև տարեվերջ, արդեն պայմանագրի հիման վրա, 1in.am-ը կլինի կաբելային ընկերություններից մեկի փաթեթում։*

Գագիկ Աղբալյան

* Հոդվածը փոփոխվել է 2018թ․ դեկտեմբերի 14-ին։ Սկզբնական տարբերակում հոդածում գրված էր, որ 1in.am-ը «Ռոստելեկոմ»-ի փաթեթում է, սակայն պարզվեց, որ այս տեղեկությունը հնացած է։ Հիմա 1in.am-ը «Ռոստելեկոմ»-ի փաթեթում չէ։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

1
0
0
0
0
0
0

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *