2015.03.13,

Տեսակետ

«Տվյալների լրագրությունը միայնակ խաղացողի գործ չէ»

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան

Լրագրող

Եվա Կոնստանտարասը տվյալների վերլուծությամբ զբաղվող ամերիկացի հետաքննող լրագրող է:

Նա մասնակցել է թափանցիկ կառավարման եւ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված միջազգային տարբեր նախագծերի:

Ըստ journalism.co.uk կայքի՝ Եվան աշխարհի 10 ոգեշնչող կին լրագրողներից մեկն է, ով մեծ ներդրում ունի մեդիայի եւ տեխնոլոգիական իննովացիայի ոլորտներում:

Աշխատել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, Համաշխարհային բանկի, «Hivos» եւ «Google» ընկերությունների հետ: Որպես լրագրող՝ համագործակցել է «Seattle Times», «El Mundo» եւ «El Confidencial» պարբերականների եւ լրագրողական բլոգների հետ («PBS MediaShift», «Open Knowledge Foundation», «Knight-Mozilla OpenNews»):

Եվա Կոնստանտարասը գտնում է, որ սոցիալական մեդիայի դարաշրջանում, երբ մարդիկ լուրերն առաջինը կարդում են Թվիթերից եւ Ֆեյսբուքից, լրագրողի գործն այլեւս լուրն առաջինը հաղորդելը չէ, այլ խնդրի մեջ խորամուխ լինելն ու տվյալների օգնությամբ բացատրելը, թե ինչու է այս կամ այն բանը տեղի ունենում:

Ի՞նչն է ամենակարեւորը տվյալների լրագրության մեջ:

Իմ կարծիքով՝ տվյալների լրագրության մեջ ամենակարեւորը պատմության մեջ խորամուխ լինելու հետաքրքրությունն է: Օրինակ՝ հիվանդանոցի փակման մասին լուրը լուսաբանելիս սովորական լրագրողը հավանաբար հարզացրույց կանի մի քանի մարդկանց հետ՝ պարզելու, թե ինչու է այն փակվել:

Տվյալների լրագրությամբ զբաղվող լրագրողը խորամուխ կլինի եւ կուսումնասիրի հիվանդանոցի բյուջեն՝ հասկանալու արդյո՞ք բյուջեի գերածախս է եղել որոշակի բնագավառում, կամ կուսումնասիրի տեղական բյուջեն՝ պարզելու արդյո՞ք հիվանդանոցի ֆինանսավորումը կասեցվել է:

Տվյալների լրագրությամբ զբաղվող լրագրողը փորձում է գտնել պատճառները, որոնց հետեւանքով հանրությունը կորցնում է առողջապահությունից եւ հանրային այլ ծառայություններից օգտվելու հնարավորությունը, փորձում է բարելավել մարդկանց կյանքի եւ կառավարության աշխատանքի որակը:

Ո՞րն է տվյալների օգնությամբ պատրաստված հաջողված նյութի բանաձեւը:

Պետք է չմոռանալ, որ, որպես լրագրող, ձեր գործը լավ պատմություն պատմելն է: Մարդկանց չեն հուզում տվյալները, մարդկանց հուզում են մարդիկ: Եթե ձեր պատմությունը մարդկային դեմք չունի, կարեւոր չէ, թե որքան հետաքրքիր կամ համոզիչ են ձեր հավաքագրած տվյալները:

Մարդիկ ուզում են կարդալ մարդկային պատմություններ:

«Տվյալների լրագրությունը գրավիչ է նրանով, որ լրագրողները կարող են օգտագործել տվյալները՝ բացատրելու համար, թե ինչու է այս կամ այն բանը տեղի ունենում» 

Մուլտիմեդիա լրագրությունը շատ օգտակար է նման դեպքերում. կարող եք տեսանյութ պատրաստել, որը կպատմի մարդու մասին, ում վրա ազդել է տվյալ խնդիրը:

Կարող եք լավ գրված նյութ հրապարակել ամսագրում կամ հետաքննական լրագրության հարթակում, որն իսկապես կօգնի մարդկանց հասկանալ, թե ինչպես են տվյալներն ազդում իրական մարդկանց կյանքի վրա:

Ինչո՞վ է տվյալների լրագրությունն այդքան գրավիչ:

Աշխարհի տարբեր երկրներում մեդիան ճգնաժամի մեջ է: Մարդիկ հրատապ լուրերը փորձում են գտնել Թվիթերում եւ Ֆեյսբուքում, լրագրողի գործն այլեւս լուրն առաջինը հաղորդելը չէ:

Լրագրողի գործն այդ պատմության մասին տեղեկատվության լավագույն աղբյուր լինելն է: Մենք այեւս չենք բացատրում, թե ինչ է կատարվում, այլ՝ թե ինչու է կատարվում:

Եվ տվյալների լրագրությունը գրավիչ է նրանով, որ լրագրողները կարող են օգտագործել տվյալները՝ բացատրելու համար, թե ինչու է այս կամ այն բանը տեղի ունենում:

Կարծում եմ՝ աշխարհի տարբեր երկրների լրագրողները, որոնք իսկապես մտահոգված են իրենց աշխատանքով եւ մեդիայի ապագայով, սա ընկալում են որպես լավ հնարավորություն՝ իրենց աշխատանքի որակը բարելավելու եւ հանրությունն ավելի կարեւոր դարձնելու համար:

Նրանք իսկապես զգում են հանրությանը ծառայելու առաքելություն՝ քաղաքացիներին բացատրելով եւ օգնելով ավելի ակտիվ որոշում կայացնողներ դառնալ եւ ներգրավվել տեղական կառավարման մեջ:

Ինչպե՞ս է տվյալների լրագրությունը փոխում լրագրությունը:

Կարծում եմ՝ տվյալների լրագրությունը մասամբ է փոխում լրագրությունը, քանի որ տեղեկատվության բնույթն է փոխվում: Ինտերնետի շնորհիվ այժմ ավելի մեծ ծավալի տեղեկատվություն է հասանելի քաղաքացիներին, բայց նրանց համար դժվար է իմանալ, թե ինչին կարելի է վստահել:

Տվյալների լրագրությունը լսարանին հետաքրքրող արժանահավատ ու հավաստի տեղեկատվություն է ապահովում, որը քաղաքացիները պետք է իմանան՝ ավելի տեղեկացված որոշումներ կայացնելու, իրենց ընտանիքների մասին ավելի լավ հոգ տանելու եւ հասարակության ավելի ակտիվ անդամ լինելու համար:

Ինչպե՞ս կարող է լրագրողը ստուգել այն ինֆորմացիան, որը հավաքագրում կամ ստանում է:

Խորհուրդ եմ տալիս զարգացնել լրագրողական հոտառությունը: Լրագրողները վիճակագիրներ, փորձագետներ կամ հետազոտողներ չեն, բայց նրանք կարող են հասկանալ, երբ ինչ-որ բան այն չէ:

Տվյալներ հավաքագրող կազմակերպության հետ աշխատելիս պետք է ուշադրություն դարձնել՝

  • արդյոք այդ կազմակերպությունը հետազոտություն անելու լավ հեղինակություն ունի, 
  • եթե հարցում է արվել, քանի մարդ է հարցվել,
  • պատահական ընտրանքով է հարցվել, թե ոչ,
  • որքան թարմ են տվյալները,
  • կարող ենք արդյոք դրանք համեմատել այդ թեմայով արված այլ աղբյուրի հետազոտության արդյուքների հետ,
  • որքանով են դրանք համապատասխանում իրար:

Հիմնականում նման հարցերն են, որ լրագրողներին օգնում են հասկանալ՝ կասկածելի բան կա տվյալներում, թե ոչ:

Եթե որեւէ բանում համոզված չեք, հարցրեք աղբյուրին, հարցրեք, թե ինչպես են հավաքագրել տվյալները, ինչպես կարող են ապացուցել դրանց հավաստիությունը: Կարծում եմ տվյալներ տրամադրողներից շատերը բավական բաց են նման հարցերի պատասխանելու համար, իսկ լրագրողի գործը հարցեր տալն է:

Տվյալների լրագրությունը միայն նյութեր գրել չի ենթադրում, այն նաեւ որոշակի մակարդակի ծրագրավորում է պահանջում: Որո՞նք են այն հմտությունները, որոնց լրագրողը պետք է տիրապետի՝ տվյալների լրագրությամբ զբաղվելու համար:

«Լրագրողի գործն այլեւս լուրն առաջինը հաղորդելը չէ: Լրագրողի գործն այդ պատմության մասին տեղեկատվության լավագույն աղբյուր լինելն է»

Դուք ճիշտ եք: Տվյալների լրագրությունը բազմազան հմտությունների «փաթեթ» է ներառում՝ վիճակագրական գիտելիքներ՝ տվյալների վերլուծության համար, գրաֆիկական դիզայն՝ տվյալների վիզուալիզացիայի համար, ծրագրավորում՝ նոր հավելվածներ մշակելու, ինչպես նաեւ տվյալները ինտերկատիվ դարձնելու համար:

Կարծում եմ ավելի իրատեսական է, որ տվյալների լրագրությամբ զբաղվող թիմն ու հմտություններին տիրապետող բաց տվյալների համայնքները համագործակցեն իրար հետ:

Լրագրողները սովորաբար միայնակ են աշխատում, նրանց համար ամենաբարդը համակերպվելն է, որ տվյալների լրագրությունը միայնակ խաղացողի գործ չէ: Թիմային աշխատանք է պետք՝ հնարավոր լավագույն արդյունքը ստանալու համար:

Տվյալների լրագրությունը նոր է Հայաստանում: Ի՞նչ խորհուրդներ կտաք հայաստանցի լրագրողներին:

Տվյալների լրագրությունը բավական նոր է ամբողջ աշխարհում: Հայաստանի պես երկրների լրագրողներին, որոնք նոր-նոր են սկսել զբաղվել տվյալների լրագրությամբ, կարող է օգնել միջազգային համայնքը, որը պատրաստ է աջակցել: Թվիթերում հեշթեգեր կան, որոնց կարելի է հետեւել, այնպես որ եթե լրագրողը որոշակի հմտություններ չունի, միջազգային համայնքը պատրաստակամ է օգնել:

Կարծում եմ՝ միջազգային համայնքի օգնությանը դիմելը շատ կարեւոր է թե՛ սեփական նախագծերի համար օգնություն ստանալու, թե՛ միջազգային նախագծեր իրականացնելու եւ միջազգային գլոբալ խնդիրներ լուսաբանելու համար:

Լավ կլինի, որ հայաստանցի լրագրողներն աշխատեն հարեւան եւ այլ երկրների լրագրողների հետ, որոնք նույնպես փորձում են զարգացնել իրենց հմտությունները:

Աննա Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *