2012.10.19,

Նյուսրում

Վոլոչկովային ընդունելով՝ Երեւանի քաղաքապետը «թեժ» տեղեկատվական առիթ ստեղծեց

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան

Լրագրող, արվեստի քննադատ

Բալետի ռուս պարուհի Անաստասիա Վոլոչկովայի հանդիպումը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հատկապես ռուսական դեղին մամուլի ուշադրության կենտրոնում էր։ Այն բանից հետո, երբ քաղաքապետարանի պաշտոնական կայքում հայտնվեցին Տարոն Մարգարյանի ու Անաստասիա Վոլոչկովայի լուսանկարները, ռուսալեզու համացանցային տարածքը ողովեց սկանդալային ու ակնհայտ դեղին գույն ունեցող հոդվածներով, նյութերով ու մեկնաբանություններով։

Եթե համացանցում որոնեք «Երեւանի քաղաքապետարան» բառակապակցությունը, որը օգտատերերի ուշադրության թիրախում է հայտնվել վերջին 24 ժամվա մեջ, ապա հետեւյալ պատկերը կստանաք:

Հիշատակումների ճնշող մեծամասնությունը վերաբերում է Տարոն Մարգարյանի եւ Անաստասիա Վոլոչկովայի հանդիպմանը, որի առանցքում սկանդալային մեդիաանձ Վոլոչկովայի զգեստն ու հանդիպման վայրի աքսեսուարները պատկերող լուսանկարներն են։ Պաշտոնական հանդիպումներին հարիր դրես-կոդի խախտումը Վոլոչկովայի կողմից ու Տարոն Մարգարյանի ակնհայտորեն հուզված եւ ուրախ դիմանկարները տաբլոիդների թոփ-նյուզը դարձան։

Ռուսալեզու կայքերը ակտիվորեն լուսաբանեցին այդ հանդիպումը՝ հիմնականում նույն երանգավորմամբ։ Տարբեր էին միայն այն բայական դարձվածքները, որոնցով փորձ էր արվում ներկայացնել կրծքի երեւալն ու քաղաքապետի ռեակցիան։ Մեջբերում եմ ռուսական տարբեր կայքերի (հիմնականում դեղին մամուլի) վերնագրերը:

Анастасия Волочкова показала мэру Еревана свою грудь… 

Волочкова соблазняла мэра Еревана пышным бюстом…

Волочкова шокировала армянского мэра…

Волочкова без бюстгальтера смутила мэра Еревана…

Грудь Волочковой ошарашила мэра Еревана…

Волочкова сверкнула грудью перед мэром Еревана…

Волочкова показала грудь мэру Еревана…

Анастасия Волочкова «развалила» груди перед мэром Еревана… 

Волочкова показала грудь мэру Еревана…

Настя Волочкова смутила мэра своей большой грудью…

Նման վերնագրերով հոդվածները հայտնվեցին ոչ միայն դեղին մամուլի էջերում, այլեւ ավելի լուրջ համբավ ունեցող հարթակներում։ Ռուսական НТВ հեռուստաալիքն իր կայքում «Վոլոչկովայի կուրծքը շշմեցրեց Երեւանի քաղաքապետին» հոդվածում գրեց. «Հայտնի բալետի պարուհին շարունակում է ժամանակ առ ժամանակ երկրպագուներին ուրախացնել իր շքեղ բարեմասնությունների լուսանկարներով։ Այս անգամ Վոլոչկովայի «զոհը» դարձավ պատկառելի ու հարգարժան մարդը՝ Հայաստանի մայրաքաղաքի քաղաքապետը»:  

Քաղաքապետի ու պարուհու լուսանկարները արագորեն հայտնվեցին նաեւ սոցցանցերում, հատկապես այս բանից հետո, երբ Վոլոչկովան Թվիթերում գրեց, որ հանդիպել է Տարոն Մարգարյանի հետ ու քննարկել Հայաստանի երեխաներին նվիրված բարեգործական համերգի մանրամասները։ Նա տեղադրեց նաեւ մեկ այլ լուսանկար, որից հետո թվիթերացիները նրան խորհուրդ տվեցին «զգուշանալ տաքարյուն հայ տղաներից»։ Պարբերաբար մերկ ֆոտոսեսիաներով հանդես եկող Վոլոչկովան ինքն իրեն գովազդեց այնպես, ինչպես սովոր է, իսկ Երեւանի քաղաքապետարանը կամա թե ակամա նպաստեց դրան։

Հետաքրքիր է, որ արդեն հայտնի դարձած լուսանկարների տարածողները ոչ թե պապարացիներն են, այլ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը։

Վոլոչկավայի հետ հանդիպումը վավերագրող լուսանկարները հրապարակելով՝ Երեւանի քաղաքապետարանի կայքը  միանգամից մի քանի օրով հայտնվեց ընթերցվող (ավելի ճիշտ՝ դիտվող) ինտերնետային ռեսուրսների շարքում որպես «թեժ» լուրերի աղբյուր։

Դժվար է ասել՝ Երեւանի քաղաքապետի PR մասնագետները հաշվարկե՞լ էին ռուսական դեղին մամուլի նման արձագանքը: Տարոն Մարգարյանին պե՞տք էր  ասոցիացվել նման սկանդալային մեդիադեմքի հետ:
 
Էրեբունի-Երեւանի տոնակատարությունների շրջանակում ռուս սկանդալային պարուհու մասնացկությունը դարձավ լավ առիթ գլամուրային պարուհու PR-ի ու Երեւանի քաղաքապետի անձի տիրաժավորման համար։

Համենայնդեպս, վերջին մի քանի օրերի ընթացքում Երեւանի քաղաքապետարանը համացանցում առաջին հերթին կիսամերկ կրծքի հետ է նույնացվում, իսկ Տարոն Մարգարյանը ներկայանում է որպես պահպանողական, համեստ ու միամիտ հայ տղամարդ, որին ապշեցրել ու հիացրել է ռուս գեղեցկուհու խորը դեկոլտեն։

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *