2011.03.09,

Քննադատ

Ռեյտինգացավը եւ հնամաշ թերթերը

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան

Մեդիա հետազոտող

Հայաստանում հենց այս պահին վերապրում ենք անցումային շրջան` ավանդական մամուլը չէի ասի, որ մահանում է, բայց լրջորեն զիջում է դիրքերը ցանցին: Հեռուստատեսությունն իր ավանդական արկղի միջից հեռարձակման տեսքով գնալով կորցնում է իր ավանդական դիտողին, որը սահուն հեռանում է դեպի Youtube կամ էլ մալուխային ինտերնետ կապի լրացուցիչ փաթեթ: Ռադիոն, որպես ամենաճկուն, արագ անցնում է ինտերնետի հետ սիմբիոզ կապի: Լրատվական գործակալությունները ակամայից հայտնվում են ցանցում: Երեւի շատերը չհասցրեցին նույնիսկ լավ գիտակցել այդ անցումային պահը:

Իսկ թերթերը… Թերթերի հարցը շատ ավելի լուրջ է: Եղած վիճակում թղթային տեսքով թերթերի ընթերցողները հիմնականում երեք տիպի մարդիկ են՝
1. Տարիքով, կոնսերվատիվ, ինտերետից հեռու փոքրաթիվ զանգված, որը կարող է իրեն թույլ տալ ամսական մի քանի հազար դրամ ծախսել
2. Պաշտոնյաներ եւ քաղաքական անձինք, ովքեր գրում են/որոնց մասին գրում են թերթերում
3. Պիժոններ, որոնք սիրում են առավոտյան սրճարանում ընթերցել՝ ոտքը ոտքին գցած

Այդ է պատճառը, որ թերթի խմբագիրներից ով հասցնում է,  հապճեպ անցում է կատարում դեպի ցանց: Ցանցում լինելը դեռ չի նշանակում ունենալ թերթի կայք: Այսօր ինտերնետում լինել, նշանակում է նաեւ լինել Ֆեյսբուքում: Եթե այսօր չկաս Ֆեյսբուքում, ուրեմն չկաս ընդհանրապես: Վաղը նույնն ասելու են Թվիթերի մասին: Ու հակառակը ասողներին անվանելու են հետամնաց, անգրագետ եւ նույնիսկ չուզող:

Բայց դա դեռ քիչ է: Ցանց մտնելիս թերթերը հասկանում են, որ այստեղ կարող են ունենալ ավելի շատ ընթերցող, քան օֆլայն կյանքում: Եվ դա ուրախացնում է խմբագիրներին: Բայց սա մինչեւ այն պահը, երբ նրանք չեն հանդիպում ցանցի մութ կողմի՝ ռեյտինգ կոչվածի հետ:

Այսօր ցանցային լրատվամիջոցը կարող է աշխատել իր ուզած ձեւով, գրել ինչ ցանկանա, չհրապարակել ընթերցողին անհրաժեշտ բովանդակությունը, բայց ունենալ ամենակարեւորը` ռեյտինգ կամ հայերեն ասած` վարկանիշ (սակայն այս բառը արդեն չենք օգտագործի, քանի որ այն արդիական չէ: Ու կարեւորը՝ հազար ու մի ուրիշ բան է նշանակում. օրինակ՝ սոցիոլոգների կողմից նկարվող քաղաքական վարկանիշ):

Ցանցում գործում է մի տարօրինակ օրենք՝ ով շատ մարդ քաշեց, բերեց իր ռեսուրս, նա էլ լավն է:  Առնվազն կայքի անձնակազմը եւ մի շարք այլ անպատասխանատու անձինք այդպես են կարծում եւ կարծելու են:

Առավել եւս, որ ռեյտինգացավը ինտերնետում շատ ավելի մեծ հիմքեր ունի, քանի որ լրատվամիջոցի համար դառնում է կյանքի հիմնական իմաստ: Նայենք տպագիր մամուլին: Այստեղ պարզ է, որ ռեյտինգը տպաքանակն է: Ուրիշ ավելի լավ հաշվարկի ձեւ չկա: Բոլորն էլ գիտեն, որ Հայաստանում թերթի վրա նշված տպաքանակը չպետք է վստահություն առաջացնի հայ մտավորականի մոտ: Բայց նույնիսկ եթե որպես հիմք վերցնենք իրական վաճառքի թվերը, միեւնույն է, հայկական թերթի համար դա չափանիշ չէ: Տպաքանակը չափանիշ չէ ո՛չ խմբագրության, ո՛չ ընթերցողի, եւ նույնիսկ ո՛չ էլ մրցակից խմբագրության համար: Քանի որ մրցակցություն թերթերի մեջ Հայաստանում իրականում գրեթե գոյություն չունի: Ամեն մի խմբագրություն գտել է իր տեղը: Ամեն մեկն ունի իր ֆինանսավորման աղբյուրները: Իսկ ցանցը նույնիսկ ամենաֆինասավորվող կայքին ակամայից նետում է մրցակցային դաշտ, քանի որ տեսանելի է դարձնում դիրքը ուրիշ կայքերի համեմատ:

Եվ ի՞նչն է հետաքրքիրը: Պարզվում է՝ ինչքան էլ քննադատվի ավանդական մամուլը, հենց հին հայկական թերթերն են ցանցում պահպանում հիմնական էթիկայի կանոնները: Այսօր ցանցում ապրող լրատվամիջոցների շարքում հենց թերթերի կայքերն են, որ գրեթե  չեն տարվել ռեյտինգացավով: Այնպես որ միշտ չէ, որ ավանդականը վատ է նոր միջավայրում:

 Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *