2019.05.03,

Նյուսրում

«Մամուլի ազատությունը պաշտպանելու համար պետք է քաղաքական կամք»

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան

Լրագրող

Մամուլի ազատության օրը մեդիա ոլորտի աշխատակիցներին կարևորելու և ոլորտում առկա խնդիրների մասին խոսելու օր է:

Այսօր, մայիսի 3-ին, ՄԱԿ-ի կողմից հռչակված մամուլի ազատության համաշխարհային օրն է, որը հիշեցնում է աշխարհին, որ ազատ մամուլը ժողովրդավարության հիմքերից է:

Սոցիալական ցանցերում օրվա հետ կապված գրառումներն ուղեկցվում են #WPFD2019, #WorldPressFreedomDay, #FreeSpeech և այլ հեշթեգերով:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հղել է ուղերձ, ասելով, որ ոչ մի ժողովրդավարություն ամբողջական չէ առանց թափանցիկ և հուսալի տեղեկատվության. «Սա անկյունաքար է՝ կառուցելու արդար և անաչառ ինստիտուտներ, ստիպելով դեկավարներին մնալ հաշվետու և իշխանության գալով՝ ճշմարտությունն ասել»:

ՄԱԿ-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ Եթովպիայում անցկացնելու է մամուլի ազատությանը նվիրված  միջոցառում՝ «Լրատվամիջոցները հանուն ժողովրդավարության. Լրագրությունը և ընտրությունները ապատեղեկատվության շրջանում» թեմայով:

Քննարկումների հիմնական առանցքը լինելու է ընտրությունների ժամանակ  լրատվամիջոցների առջև ծառացած մարտահրավերները, ինչպես նաև նրանց՝ խաղաղության և հաշտեցման գործընթացներին աջակցելու ներուժը:

Օրվա առիթով հայտարարություն է տարածել նաև Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը: Նա իր ուղերձում խոսել է մամուլի խնդիրների մասին և լուծումներ նախանշել:

«Եվրոպայում լրագրողների ազատությունը և անվտանգությունը հասել է անհանգստացնող կետի: Հետաքննող լրագրող Լիրա ՄըքՔիի սպանությունը և որոշ եվրոպական երկրներում ցույցեր լուսաբանող լրագրողների դեմ բռնությունն ու ահաբեկումները վերջին շրջանի օրինաչափություններն են, որոնք ցույց են տալիս, որ Եվրոպայում մամուլի ազատության վիճակը գնալով վատթարանում է»,- ասել է նա:

Լրագրողների հանդեպ գործած ոճրագործությունները, որոնք մնում են անպատժելի, մտահոգիչ են: Դունյա Միատովիչն ասել է.

«Անհանգստացնող միտումները վերացնելու համար ավելի շատ քաղաքական կամք է անհրաժեշտ, քան՝ միջոցներ: Անդամ պետությունները պետք է լիովին իրագործեն այն չափանիշները, որոնք իրենք որդեգրել են:

Սակայն, ամենից առաջ, շատ կարևոր է փոխել առկա քաղաքական դիսկուրսը, որը հաճախ մամուլը ներկայացնում է որպես թշնամի: Քաղաքական ղեկավարները, որոշումներ կայացնողները, ազդեցություն ունեցողները պետք է խուսափեն լրագրողներին ուղղված թշնամական խոսքից և նրանց դեմ ուղղված գործողություններից»:

Անտոնիո Գուտերեշը հիշեցրել է, որ առանց ազատ մամուլի «հնարավոր չէ ստեղծել ազատ և անկողմնակալ ինստիտուտներ, հասնել առաջնորդների թափանցիկությանն ու իշխանություններին հասցնել ճշմարտությունը»:

«Ազատ և անվտանգ մամուլն ընդգծում է ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները, որոնք չեն կարող գոյություն ունենալ առանց լրագրողների, որոնք լուսաբանում են չարաշահումները, տեղեկացնում քաղաքացիներին, որպեսզի նրանք վերահսկեն իշխանություններին:

Մամուլի պաշտպանությունն ապահովում է մեր ազատություններն ու իրավունքները: Ինչքան քիչ լինի մամուլի  ազատությունն ու բազմազանությունը, այնքան կնվազի մեր հասարակության ժողովրդավարությունը:

Ժամանակն է, որ քաղաքական ղեկավարներն ավելի մեծ ջանքեր գործադրեն պաշտպանելու մամուլը», – իր ուղերձում ասել է Դունյա Միյատովիչը․:

Իր ֆեյսբուքյան էջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է բոլորին մամուլի ազատության օրվա առիթով՝ նշելով, որ մամուլի ազատությունը այն կարևորագույն արժեքներից է, որ այսօր ունենք Հայաստանում:

Նա իր խոսքը ուղղել է ոչ միայն լրագրողներին, այլև լսարանին, որը հավասարապես շահագրգռված է ունենալ ազատ, բազմազան լրատվական միջավայր:

«Եվ այդ արժեքը մենք պետք է պահպանենք ու զարգացնենք»,-ասել է նախկին լրագրող և խմբագիր Փաշինյանը:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *