2013.12.27,

Տեսակետ

«Հայաստանում այն մարդիկ, ում հնարավոր չէ արհամարհել, շատ քիչ են»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան

Լրագրող, արվեստի քննադատ

Նոր՝ 2014 թվականը ավելի շատ ոչ թե հստակ հեռանկարներ, այլ շփոթմունք է խոստանում: Հայաստանի տնտեսական, սոցիալական, ինֆորմացիոն կյանքում շատ բան անկասելիորեն փոխվում է՝ մանավանդ հաշվի առնելով նոր՝ դեպի Մաքսային միություն տարվող քաղաքական կուրսը:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, խոսելով մեդիա դաշտի և ընդհանրապես հանրային կյանքի հնարավոր տրանսֆորմացիայի մասին, շեշտում է, որ հարկավոր է պատրաստ լինել խաղի կանոնների փոփոխմանը, և բավականին կտրուկ ու զգաստացնող կանխատեսումներ է անում:

Ի՞նչ է փոխվում մեդիա դաշտում:

Առաջին հերթին փոխվում է հասարակության և հասարակական կարծիքի հանդեպ վերաբերմունքը: Առաջ կային խաղի կանոններ, որոնք թելադրված էին Հայաստանի ինտեգրմամբ այնպիսի մի աշխարհաքաղաքական տարածք, որտեղ ընդունված չէ արհամարհել որևէ մեկին, որտեղ պետք է հաշվի նստել յուրաքանչյուր քաղաքացու, նաև լրագրողի հետ: Ընդ որում՝ այդ հաշվի նստելու հանգամանքը պայմանավորված չէ որևէ մարդուց կամ կառույցից կախված լինելով: Պարզապես ընդունված է, և վերջ:

Հիմա շատերը պատրաստ են (և նորմալ են համարում), որ պետք է լինել նրանց ստրուկը, ումից կախված են: Բայց բոլորովին պատրաստ չեն հաշվի նստել նրանց հետ, ումից կախված չեն:

Նախկինում հասարակական կարծիքը արհամարհող մարդիկ, ում, մեծ իմաստով, միևնույն էր, թե ինչ են իրենց մասին մտածում ուրիշները, փոքր-ինչ կաշկանդված էին դրսևորում իրենց: Հիմա այս նոր իրավիճակում նրանք կարող են իրենց լրիվ ազատ զգալ՝ իրենց բնույթին համապատասխան: Այսինքն՝ մտածել՝  ո՞վ է լրագրողը, քաղաքացիական հասարակությունը, ո՞վ է ընհանրապես քաղաքացին, եթե ես կարող եմ անել այն, ինչ ուզում եմ, ուրեմն կանեմ: Եթե իմ տերը, ավելի ճիշտ՝ ստրկատերը ինձ դա թույլ է տալիս:

Այս նոր խաղի կանոնների դաշտ են մտնում, և հասարակական կարծիքը դադարում է նշանակություն ունենալ: Իսկ եթե այն նշանակություն չունի, ուրեմն հասարակական կարծիքը արտահայտող հիմնական գործիքը՝ լրատվամիջոցը, նույնպես կորցնում է իր դերը, կարևորությունն ու ազդեցությունը հանրային պրոցեսների վրա:

Նմանվում ենք ռուսական մեդիա իրականությա՞նը:  

Ռուսաստանի տեղեկատվական դաշտը չենք կարող համեմատել մերի հետ, քանի որ այնտեղ կան բազմազան ու տարաբնույթ ավանդույթներ, որոնք մենք չունենք:

Ամեն դեպքում որքան էլ Ռուսաստանը ժողովրդավարական երկիր չէ և մարդու հիմնարար ազատությունները չի արժևորում, այնտեղ կան արվեստի գործիչներ, գիտնականներ, մտավորականներ, որոնք ազդեցիկ են և միաժամանակ կախված չեն իշխանություններից: Եվ այդ անձանց կարծիքի հետ իշխանությունները ստիպված են հաշվի նստել:

Հայաստանում այն մարդիկ, ում հնարավոր չէ արհամարհել, շատ քիչ են կամ ընդհանրապես չկան:

Իսկ արհամարհելու հակված մարդկանց մշակութային մակարդակն ու դաստիարակությունը սովորաբար նրանց իրավունք է վերապահում անգամ տեղյակ չլինել, որ կան իսկապես արժեքավոր անձինք:

Հաճախ պետական պաշտոնյաների անկիրթ վարքագծի բացահայտողները դառնում են լրագրողները, որոնք նյարդացնում են, «բզում» իշխանավորներին: 

Այո, «բզում» են, և շատ դեպքերում դրանք հաջողված փորձեր են: Բայց դա պաշտոնյաների վարքագիծը չի փոխում հենց այն պատճառով, որ հանրային կարծիքը արհամարհվում է: Շատերը նույնիսկ կարծում են, որ որքան ցինիկ արտահայտվեն, այնքան ավելի շատ կցուցադրեն սեփական ուժն ու կամրապնդեն դիրքերը:

Դա ավելի շուտ գողական աշխարհի օրենքներ են… 

Այո, դա գողական աշխարհի, իսկ ավելի կոնկրետ՝ զոնայի (քրեակատարողական հիմնարկների) ավանդույթներն ու խաղի կանոններն են:

Եվ որքան նվազեցնում ենք մեր կախվածությունը արևմտյան կառույցներից և ավելի մեծ կախվածություն ենք ձեռք բերում Մաքսային միության անդամ երկրներից և առաջին հերթին Ռուսաստանից, այնքան ավելի խորանում է արհամարհանքը հասարակական կարծիքի և լրատվամիջոցների նկատմամբ:

Իսկ երբ քո ազդեցությունը աշխարհի ուժեղների վրա պակասում է, դու անպաշտպան ես դառնում: Այդ ժամանակ քեզ հեշտ է լռեցնել, փակել, ծեծել, գույքը ոչնչացնել:

Կարծում եմ՝ լուրջ վտանգ կա, որ մենք կվերադառնանք 5-6 տարի առաջ եղած իրողությանը, երբ բռնությունը գրաքննության հիմնական ձևն էր Հայաստանում: Հետո, իհարկե, գրաքննությունը փորձեցին այլ ձևերով իրականացնել՝ դատական համակարգի ճնշմամբ, ֆինանսական լծակների օգտագործմամբ և այլն:

Ես չեմ բացառում, որ այս տոտալ արհամարհանքի ու անպաշտպանության պայմաններում վերադառնան հին, ստուգված ճնշումների մեթոդները:

Օրինակ՝ լրագրողների ձերբակալություննե՞րը, սպանություննե՞րը… 

Այդպիսի ռիսկ կա: Եթե լրատվամիջոցը չի կարող, համարժեքորեն պատասխանելով, օլիգարխիկ-թիկնապահական խավի դեմ լարել հանրությանը (քանի որ հանրությունը ուժ ու ազդեցություն չունի), ապա  այդ խավը հասկանում է, որ կարելի է ամեն ինչ անել: Մանավանդ, որ իրավապահ մարմինները, ամբողջ դատական համակարգը քիչ թե շատ հավասարությունը պահպանելու հակվածությունը գնալով թուլացնում է:

Կարելի՞ է սպասել, որ ռուսական իշխանությունները ներդրումներ կանեն Հայաստանի տեղեկատվական դաշտում: 

Ինձ չի թվում, որ այս իրավիճակում իշխանությունները (այդ թվում՝ նաև ռուսական) խոշոր գումարներ կծախսեն լրատվամիջոցների վրա: Գումարն ավելի շուտ կտան ոչ թե իրենց ուզած գաղափարախոսությունը տարածելու, այլ կոռուպցիոն սխեմաներ ստեղծելու համար: Մենք շատ լավ գիտենք, որ երբ որևէ տեղ Ռուսաստանի ներգրավվածությամբ քաղաքական փոփոխություններ են տեղի ունենում, գումար է հատկացվում պրոպագանդայի համար:

Բայց նկատվում է, որ այդ պրոպագանդան բավականին անտաղանդ ու անարդյունավետ է արվում:

Պրոպագանդա անողներն իրենց արածից կոնկրետ արդյունք չեն էլ ակնկալում:

Դա ձևական բնույթ ունի, ինչպես, ասենք, սովետական ժամանակ էր, երբ մեծ տպաքանակներով շատ թերթեր էին լույս տեսնում: Այդ թերթերը դեր չէին խաղում, պարզապես մտածում էին՝ դե, թող լինի:

Կարծում եմ՝ կլինեն այս նույն տիպի հատկացումներ, որոնք լուրջ բովանդակային փոփոխությունների չեն հանգեցնի: Պարզապես մի քանի լրագրող աշխատավարձ կստանան ոչինչ չանելու համար:

Իսկ հնարավո՞ր է սպասել, որ լրատվամիջոցների ղեկավարները կփորձեն ընդհանուր ուժերով դիմակայել նոր խաղի կանոններին:

Ղեկավարներից դա չեմ սպասում:

Մեդիա մենեջերների և սեփականատերերի մոտ շատ հստակ մտայնություն կա, որ տեղեկատվական շուկան ջունգլի է, և յուրաքանչյուրը պիտի ինքնուրույն փորձի իր գոյատևման հարցերը լուծել:

Ընդհանուր շահի, ընդհանուր պաշտպանական մեխանիզմների ձևավորման հակումը երբեք չի եղել: Եվ, առավելևս, այս նոր իրավիճակում դժվար թե լինի:

Դա սովորաբար անում են այն պետությունները, որոնք մեդիա ոլորտում լուրջ ավանդույթներ ունեն և տեղեկատվական ոլորտում հանրության շահերից (հիմնականում) բխող քաղաքականություն են իրականացնում:

Որակյալ լրագրության դաշտը պահպանելու, գովազդային շուկան կարգավորելու, տնտեսապես ուժեղ մամուլ կայացնելու նպատակ ունեցող պետական քաղաքականություն պիտի իրականացվի: Ի վերջո, դա ինդուստրիա է, որը պետք է մնա ազգային և բավարարի հանրային պահանջարկը: Այդ գաղափարը երբևէ գոյություն չի ունեցել մեր պաշտոնական քաղաքականությունում:

Բայց հետաքրքիրն այն է, որ շուտով կլինի այդ գաղափարը, քանի որ Մաքսային միության իմիջը բարձրացնելու նպատակ  կա: Իհարկե, մեծ մասամբ անիմաստ բաներ կանեն:

Օրինակ՝ ինչե՞ր:

Ասենք՝ կշատանան այն ֆիլմերը, որոնք պատմում են, թե ինչպիսի լավ երկիր է, օրինակ, Ղազախստանը: Միգուցե Ղազախստանն էլ, որը շատ փող ունի, գրանտերի տեսքով գումար կհատկացնի այդ կարգի ֆիլմեր նկարահանելու, իր հրաշքների մասին պատմելու համար:

Իհարկե, նման ծրագրերը այնքան պրիմիտիվ են, իսկ գրավչություն ենթադրող բովանդակությունն այնքան խղճուկ է, որ շատ հաճախ հակառակ էֆեկտն է ունենում:

Գիտեք՝ որքան էլ չընդունենք, որ Հայաստանում դրական շարժ կա, մենք ինքներս շատ ենք փոխվել (արժեքների, ավանդույթների, մարդկային հարաբերությունների առումով):

Ես համոզված եմ, որ այսօր նույնիսկ Հայաստանի չինովնիկն է դժվարանում վերադառնալ հին ժամանակներին, բայց նրան ստիպում են՝ ասելով, որ այսուհետ լինելու է ինչպես ռուսական ասացվածքում. «Ես ղեկավար եմ, իսկ դու հիմար»: Գոնե որոշ մարդկանց համար այդպես չի եղել, քանի որ ամեն դեպքում նրանք միջազգային ստանդարտներին համապատասխան աշխատանք  են կատարել: Իսկ եթե որակ ես պահանջում, ուրեմն մարդու ստեղծագործական մտքի համար պիտի նաև որոշակի ազատություն թողնես: Այդ ամենն այլևս չի արժևորվում, և մենք նորից մեր չինովնիկական դասի գորշացում կունենանք:

Հուսով եմ՝ այդ գործընթացը երկար չի տևի, քանի որ այն դատապարտված է կործանման: Դա ամբողջությամբ ֆիկցիա է, որը պրիմիտիվ, ոչ արդյունավետ PR-ից բացի որևէ էական բովանդակություն չի պարունակում:

Վախը կվերադառնա՞:

Արդեն վերադարձել է: Շատերս ենք ճանաչում բիզնեսի ոլորտում, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց, որոնք ուղղակի վախենում են կարծիք արտահայտել միայն այն պատճառով, որ հասկանում են՝ եթե խոսեն, իրենց կզրկեն բիզնեսից, բանտ կնստեցնեն կամ կփորձեն իրենց վրա ազդել ընտանիքի անդամների միջոցով: Եվ ոչ ոք ձայն չի հանի:

Այս անպաշտպանվածության իրավիճակում վախի մթնոլորտը տարածվելու է:

Համաձա՞յն եք, որ ԿԳԲ-ի արխիվների չհրապարակումը թույլ տվեց նույն գաղտնի ծառայությունների մեթոդներով ու կոմպրոմատների միջոցով շարունակել վերահսկել մարդկանց:

Դա լծակներից մեկն է, և պարզ է, որ անգամ ԿԳԲ-ի հետ առնչություն չունեցող մարդիկ հենց այդ նույն լծակներով օգտագործում են նաև նոր սերնդին: Համոզված եմ, որ մեր օլիգարխիկ էլիտայի մեծ մասը այնքան անիմաստ ու ոչ մի բան չնշանակող մարդիկ էին 1980-ականներին, որ ԿԳԲ-ն նույնիսկ նրանցով չէր հետաքրքրվում:

Անգամ եթե այդ տարիներին լյուստրացիա  լիներ, այսօր մենք կրկին կունենայինք մի խավ, որը  նույն կերպ վերահսկելի է և նույն չափով վտանգավոր երկրի և հասարակության համար:

Այդ կառավարվող ու օգտագործվող մարդկանց այսպես ասած՝  նոր ցուցակը պետք է որքան հնարավոր է հանրությանը հայտնի դարձնել: Եվ ոչ միայն մեր, այլև միջազգային հանրությանը:

Կարծում եմ՝ այդ գործով զբաղվող էնտուզիաստներ կան: Դա որոշակի ինքնապաշտպանության միջոց է:

Փաստորեն ընդհատակյա գործող, պարտիզանական լրատվամիջոցների պահանջ է հասունանում:

Ինտերնետի դեպքում ընդհատակը այլ իմաստ ունի, բայց, բնականաբար, պետք է պատրաստ լինել նաև դրան:

Չափազանց հուսահատ վիճակ է ստացվում…

Հայաստանում ընդունված չէ երկարատև ծրագրեր և ակնկալիքներ ունենալ: Կարծես մտածում ենք՝ հիմա ինչ որ կա, դա է, ավելին չսպասենք: Իհարկե, դա այդպես չէ: Օրիգինալ չեմ լինի, եթե ասեմ, որ, համենայնդեպս, հիմա Հայաստանում ձևավորվում է քաղաքացիների խավ: Եվ ուրախալի է, որ մեծ է դեր է խաղում երիտասարդությունը, որը չի ընդունում ներկա իրողությունը:

Տասը տարի առաջ Հայաստանում տնտեսական աճ էր նկատվում, և անկախ նրանից՝ կար թե չկար առաջընթաց (ժողովրդավարության, ազատությունների առումով), շատերի համար դա արդարացում էր: Տնտեսական աճով ոգևորված շատ երիտասարդներ, որոնք չէին տեսել Սովետական միությունն ու ռոմանտիկ գաղափարներ չունեին, շատ հեշտ էին ինտեգրվում նոր կյանքին, որտեղ տնտեսությունը զարգանում էր, և պրոֆեսիոնալ կարիերա անելու հնարավորություն կար: Մտածում էին, որ կարելի է մոռանալ մնացածի մասին և զբաղվել սեփական գործով: Ես կասեի, որ դա կրթված երիտասարդության հիմնական միտումն էր:

Հիմա այդպես չէ. կրթված երիտասարդները հասկանում են, որ Հայաստանում մնալու և զարգանալու համար հենց իրենք պետք է ինչ-որ բաներ փոխեն:

Եվ դա հենց այն հուսադրող ու լուսավոր կետն է, որը ես տեսնում եմ: Եվ ինձ թվում է՝ այդ հիմքերը կան:

Հարցազրույցը՝ Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *