Թրոլերի թագավորությունում չափը կարևոր է

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան

Լրագրող, արվեստի քննադատ

Թրոլերը համացանցում կան վաղուց և դա գաղտնիք չէ շնորհիվ թե՛ ինսայդերական տեղեկության, թե՛ լրագրողական հետաքննությունների, որոնք բացահայտել են թրոլերի խոշոր ու մանր գործարանները, խոշոր ու մանր պատվիրատուներին, գրեթե նույնատիպ աշխատանքային եղանակն ու մանր թրոլ լինելու առանձնահատկությունները:

Թրոլինգը հինավուրց զբաղմունք է, որը սկսվել է այն պահից, երբ մարդը սովորել է գրել: Հին Հունաստանում, օրինակ, թրոլերը նաև բանաստեղծներն էին, որոնք սուր էպիգրամներ էին գրում կամ ընդհակառակը՝ ձոներ: Բայց երկու դեպքում էլ կատարում էին մանր պատվերներ, որոնց քանակը կարող էր որոշիչ լինել կարծիք ձևավորելու համար:

Հիմա թրոլերի թագավորությունը համացանցն է:

Թրոլերը վազվզում են համացանցի մութ անտառում, թաքնվելով բլուրների ու թփերի հետևում (տարբեր սոցցանցային խմբերում ու գրառումների տակ), գտում մոլորվածներին ու կասկածողներին, վախեցնում կամ հրապուրում նրանց՝ կատարելով իրենց տված հանձնարարությունները: Իսկ հետո ներկայացնում են հաշվետվություն ավելի մեծ չափի թրոլերին ու դրա դիմաց վարձատրվում են:

Կարևորը, որ պատվիրատուն գոհ լինի՝ տեսնելով, թե ինչպես են փոքր, անանուն ու ջանասեր էակները արտացոլել իրականությունը ծուռ հայելու մեջ:

Հայաստանում թրոլերի մեծ խմբեր, իհարկե, գոյություն ունեցել են (և ունեն) տարբեր վիճակներում՝ տոտալ մոբիլիզացիայից մինչ նիրհը, բայց խոշոր բացահայտումներ՝ դեռևս ոչ: Ինչպես լինում է թրոլերի պատվեր, այնպես էլ պետք է լինի թրոլերից հրաժարվելու պատվեր:

Նախորդ տարիների խիստ ուղղահայաց լրատվական օրակարգն իր մեջ ներառում էր թե՛ լրատվական դաշտի թեմաների վերահսկումը, թե՛ սոցցանցային թրոլերի օգտագործումը: Բնական է սպասել, որ այդ գործելաոճի ապացույցների կուտակումն ու հանրայնացումը ընդամենը ժամանակի հարց է:

Խնդիրն այն է, որ Հայաստանի մեդիա դաշտի համար բացահայտումները դեռևս ձեռնտու չեն: Մարդկայնորեն բարդ է ընդունել, որ եղել ես փոքր դերակատար ու ընդամենը հրահագներ կատարող, անգամ եթե այդ հրահանգները մեծ հաշվով չէին հակասում սեփական սկզբունքներին:

Վերջերս հայաստանյան թրոլերի փոքր բանակի մասին հետաքննությունն էր արել «Իրազեկ քաղաքացիների միավորում» Հ/Կ-ն, պարզելով, որ ԱԺ ընտրությունների ընթացքում ԲՀԿ անդամի սատարումը Ֆեյսբուքում եղել է դասական թրոլինգ՝ խմբերով, բանալի-բառերով, միաժամանակյա գրոհով, շղթայական ռեակցիայով ու կարճաժամկետ արդյունք ցույց տալու նպատակով:

Սա առիթ էր մտորելու, թե ինչու արդիական չէ թրոլ լինելը, անգամ այն հանգամանքներում, երբ համացանցի թագավորությունում կան շատ ավելի վատ բաներ, իսկ փող աշխատելու հարթակները սահմանափակ են:

Օրվա հացի խնդիրը միայն հացի խնդիր չէ, և անգամ անմեղ թվացող աշխատանքն անպայման դրոշմվելու է աշխատողի վրա: Մանր, չարախինդ ու ագրեսիվ էակի դեր կատարողը ինքն է դառնալու է մանր, փոքրոգի ու անտարբեր:

Ցանկացած թրոլ, որը երկար ժամանակ աշխատում է համացանցային գործարանների մենեջմենթի պայմաններում, ստիպված է լինում արդարացումներ գտնել: Եվ հաճախ գտնում է…

Օրինակ, կարող է մտածել, որ միջամտությունը իրական կյանքում օգտակար է, որ պատկերը խեղելը կարող է ծառայել վեհ նպատակներին: Եվ այդպես ինքն իրեն խաբելով, շարունակելու է ապրել: Դասագրքային ճշմարտությունը ասում է, որ այդպես վարվում են անհաջողակները, թույլերը ու վախկոտները:

Թրոլերը աշխատում են նվաստացուցիչ պայմաններում, ժամերով կատարելով նույն գործը (մեկնաբանում են, գրառումներ անում, մյուս թրոլերի մեկնաբանությունները տարածում, մեկը վիճում է, երկուսը՝ հակադարձում), օրեր ու անգամ տարիներ շարունակ:

Համացանցային թրոլերի զենքը նրանց անանունությունն է ու քանակը:

Անպայման չէ, որ թրոլերը գործեն կեղծ հաշիվների կամ գոյություն չունեցող մարդկանց անունով, դրանք կարող են և իրական լինել, բայց պարտադիրը նրանց ուղորդումն է:

Միայնակ թրոլեր չեն լինում (ինչպես միայնակ գայլերը կամ թիթեռները), նրանք մեկը մյուսով են պայմանավորված: Եվ գիտեն, որ պետք է խեղաթյուրեն իրականությունը, սադրեն, իջեցնեն սոցցանցային բանավեճերի մակարդակը, թաքստոցից քարով խփեն, կսմթեն կամ թքեն:

Իհարկե երբ կա գնորդ, ապրանք միշտ գտնվում է:

Թրոլերին որպես աշխատուժ համացանցի թագավորությունում օգտագործողները առաջարկում են մի ապրանք, որը կեղծված է: Հետևաբար՝ վնասակար:

Ինչպես չի կարող վնաս չպարունակել կեղծված օղին կամ կաթը, այնպես էլ չի կարող անվնաս լինել հանրային կարծիքի կեղծ փաթեթը, որը դրվում է շրջանառության մեջ որպես մատչելի ու տեսանելի արդյունք:

Փոքր, ճնշված, ոչ սեփական ձայնով խոսող ու կյանքից դառնացած կամ ընդհակառակը՝ լիակատար անտարբեր ձևացնող թրոլերին կարելի է փորձել հասկանալ: Բայց չի ստացվում:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *