2019.01.10,

Նյուսրում

Գեներալ Մանվելը, Փաշինյանն ու սննդի փորձաքննությունները՝ 2018-ի ամենաընթերցվածներում

author_posts/gagik-aghbalyan
Գագիկ Աղբալյան

Լրագրող

Հեղափոխական 2018 թվականին հայաստանյան լրատվական կայքերում այցելությունները հավասարակշռված են եղել։ Մի կողմից՝ քաղաքական թեժ գործընթացների մասին հրապարակումներ, մյուս կողմից՝ մարդկային պատմություններ ու սննդի որակի մասին հետաքննություններ։

Ներկայացնում ենք Ampop.am-ի, Aravot.am-ի, «Սիվիլնեթի», «Հետքի», «Մեդիամաքսի», News.am-ի տրամադրած տվյալները՝ 2018թ․-ին ամենաընթերցված 5 նյութերի վերաբերյալ:

CivilNet

Առաջին տեղում «ՍիվիլՆեթի» ավանդական տարվա բոցերն են։ Քաղաքական գործիչների  2017-ի զավեշտալի հայտարարությունների հավաքածուն կայքում դիտվել է ավելի քան 1 միլիոն անգամ։

2-րդ տեղում տեսանյութն է այն մասին, թե ինչ վիճակ էր Հանրապետության հրապարակում ապրիլի 22-ին, Նիկոլ Փաշինյան-Սերժ Սարգսյան հանդիպումից հետո։

Հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի՝ Բաղրամյան պողոտայի փշալարերն անցնելու փորձի տեսանյութը նույնպես «CivilNet»-ի թոփ-5-ում է։

Կայքում ավելի քան 360 հազար դիտում ունի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջին կալանավորման մասին պատմող տեսանյութը։

5-րդ տեղում Մանվել Գրիգորյանի հայտարարագրած ունեցվածքի մասին պատմող կարճ նյութն է։

ՀԵՏՔ

Աղիքային ցուպիկ, հակաբիոտիկ և խմորասնկեր. թթվասերի 10 նմուշից միայն 3-ն են անվտանգ – «Հետք»-ը լաբորատոր փորձաքննության է ներկայացրել շուկայում լայն տարածում ունեցող 10 արտադրողի թթվասեր, որոնցից միայն 3-ն են համապատասխանել սահմանված նորմերին։

Կաթ՝ ոսկեգույն ստաֆիլակոկով, աղիքային ցուպիկով, բուսական յուղով և բարձր ՄԱՖԱՄ-ով – «Հետք»-ը լաբորատոր փորձաքննության է ներկայացրել 13 արտադրողի կաթ, որոնցից 5-ի մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկ, ոսկեգույն ստաֆիլակոկ, բուսական յուղ և ՄԱՖԱՄ բարձր քանակ։

Կոմունալ վճարներ. ինչպես են տաքանում Երևանում – «Հետք»-ն այցելել է 70 տուն, պարզելու, թե որքանով է այդ ընտանիքների ամսական եկամուտը ծածկում սպառողական զամբյուղով նախատեսված նրանց կոմունալ և այլ ծախսերը։

Արմեն Սարգսյանը գործարար է. բիզնեսներ Եվրոպայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Հնդկաստանում, ԱՊՀ երկրներում և օֆշորային գոտիներում – Հայաստանի միլիոնատեր նախագահը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած իր հայտարարագրում բիզնեսների մասին ոչինչ չի նշել։

Հանրային հեռուստատեսությունը Ռուբեն Ջաղինյանի փողերի լվացքատունն է – Ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունն այնտեղ ստուգումներ է կատարել Հանրային հեռուստաընկերությունում։ Խոշոր բացահայտումներ են եղել, որոնք իրավական «հետևանքներ» չեն ունեցել:

Mediamax.am

Իռայի մարդն ու «միստիկ» Իռան – «Մեդիամաքսն» այցելել է ապրիլյան հեղափոխությունից հանրությանը հայտնի Իռայի բնակարան, զրուցել նրա և ամուսնու՝ Վահան Մեկտերյանի հետ։

Նիկոլ Փաշինյանն՝ իր իսկ խոսքերով – Ապրիլյան հեղափոխությունից հետո «Մեդիամաքսը» ծաղկաքաղ է արել Նիկոլ Փաշինյանի՝ տարիներ առաջ լրատվականին տված երկու տարբեր հարցազրույցներից։

Նարեկ Սարգսյանի «դիմանկարը»  – 2018թ. հուլիսի 5-ին ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ՀՀ նախկին նախագահի եղբորորդի Նարեկ Սարգսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված: «Մեդիամաքսը» Ֆեյսբուքում գտել է Նարեկ Սարգսյանին պատկանող էջը:

Ռուբեն Վարդանյան. Ջահելները չեն ուզում այս երկրում օլիգարխ տեսնել – Ապրիլի 24-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը և Նուբար Աֆեյանը հարցազրույց են տվել «Ազատություն» ռադիոկայանին: «Մեդիամաքսը» Ռուբեն Վարդանյանի խոսքից որոշ հատվածներ է ներկայացրել:

Մխիթար Հայրապետյան` քայլարշավի հեղինակ և Սփյուռքի նախարար – «Մեդիամաքսը» գտել է հեղափոխական քայլարշավ սկսելու գաղափարի հեղինակին։ Նա սփյուռքի արդեն նախկին նախարար Մխիթար Հայրապետյանն է։

Ampop.am

Ampop.am-ի թոփ հնգյակում հիմնականում հեղափոխությանը, Երևանի ավագանու և խորհրդարանական արտահերթ ընտրություններին առնչվող նյութեր են։

Դարձի՛ր մասնակից․ 30 քայլ դեպի թավշյա հեղափոխություն – Տարեվերջին «Ampop Media»-ն ներկայացրեց հատուկ նախագիծ՝ 2018թ․ ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած թավշյա հեղափոխության մասին։ Այս ինտերակտիվ լրագրողական պատմությունը ներկայացնում է հեղափոխության ժամանակագրությունը։

Կուտակային կենսաթոշակ․ Ապահովելով սեփական ծերությունը – «Ampop»-ն անդրադարձել է 2018թ-ի հունիսի 21-ին խորհրդարանի ընդունած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագծին։

Կարապետյան-Փաշինյան. Երկու կառավարությունների անդամների գույքի ու եկամուտների համեմատականը – Այս հոդվածում ներկայացված են Հայաստանի վերջին երկու կառավարությունների հայտարարագրերը։

Հայաստանի պոչամբարները. վտանգները երկրի և բնակչի համար – «Ampop Media»-ն լրագրողական ուսումնասիրության միջոցով փորձել է պարզել Հայաստանի պոչամբարների վտանգները, մասնավորապես՝ շրջակա միջավայրի ու բնակչության առողջության վրա:

Դպրոցներն առանց ուսուցչի. ինչո՞ւ են աշխատատեղերը թափուր – Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսուցիչների թվի անբավարարությունը կրթական ոլորտի կարևորագույն խնդիրներից մեկն է: Մի շարք դպրոցներում որոշ առարկաներ չեն դասավանդվում։

Aravot.am

«Գորիսում աղջիկներին բռնի տարել են այն տուն, որտեղ Մանվել Գրիգորյանն է եղել. մեկի հայրը կաթվածից մահացել է» – Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը պատմել է, թե ԵԿՄ-ականներն 90-ականներին ինչ վայրագություններ են գործել։

Կարեն և Արման Գրիգորյանները վիճել են Նազիկ Ամիրյանի հետ – Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո Էջմիածնում ամեն ինչ ասես տակնուվրա է եղել։ Ժողովուրդը կերուխումի սեղան է գցել, իսկ Գրիգորյանների ընտանիքում լուրջ տարաձայնություններ են։

Սյունիքի մարզի Օխտար գյուղում ձայների հաշվարկն արդեն ավարտվել է․ ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների ամփոփման ժամերին, հանրապետության հարավի փոքր գյուղերից մեկում գրանցված արդյունքների մասին պատմող հոդվածը «Առավոտ»-ի կայքում մի քանի տասնյակ հազար դիտում ունի։

Հարցրեք Մանվել Գրիգորյանի ընկեր Մուշեղ Ղազարյանին․ Մանվել Գրիգորյանը «Առավոտ»-ի ընթերցողների համար մնում է թոփ թեմաներից մեկը։

«Կարելի՞ է վերջին անգամ տեսնեմ երեխաներիս»․ երկվորյակներին թողած 18-ամյա մայրը Գյումրիից հեռացել է լացով․ Գյումրիում տեղի ունեցած այս դեպքը ցնցել էր ողջ հանրապետությունը։ Սոցիալական ծանր վիճակում հայտնված մոր մասին «Առավոտ»-ին պատմել է Շիրակի մարզպետարանի պաշտոնյան։

News.am

Դերասան Հովհաննես Ազոյանի խնդրանքը՝ Նիկոլ Փաշինյանին Ազոյանը ֆեյսբուքյան գրառման միջոցով դիմում է Նիկոլ Փաշինյանին՝ ականջ դնել Էդմոն Մարուքյանին և ընտրել երրորդ ճանապարհը։

Մանվել Գրիգորյանի տարածքում հայտնաբերվել է նաեւ 71 մլն դրամ, 80 հազար դոլար, 67 հազար եվրո. Նոր մանրամասներ են հայտնի – ԱԱԾ-ն նոր մանրամասներ է հայտնում Արցախի հերոսի սեփականությունը հանդիսացող տարածքում կատարված խուզարկությունից։

FIFA-ի նախագահը չի հերքել հայկական արմատների մասին լուրերը  FIFA-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն չի հերքել հայկական արմատների մասին մամուլի հրապարակումները: Վերա Մարտիրոսյանի հարցին ի պատասխան՝ Ինֆանտինոն արձագանքել է. «Maybe» («Հնարավոր է»):

Դատարանը որոշեց. Մանվել Գրիգորյանն ազատ չի արձակվի – Գրիգորյանի խափանման միջոցը չի փոխվել։ Հունիսի 17-ին դատարանը որոշում էր կայացրել նրան պահել կալանքի մեջ։

Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց – Սա թերևս տարվա լուրն է։ Սարգսյանի հրաժարականի մասին պաշտոնական տեղեկությունը News.am-ում ամենաընթերցվածներից մեկն է։

Գագիկ Աղբալյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *