2014.01.16,

Տեսակետ

«Այսօր մեր լրատվական դաշտը հեղեղված է կիսաճշմարտություններով»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան

Լրագրող, արվեստի քննադատ

«Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» և «Հայկական ուրբաթ» հաղորդաշարերի հեղինակ Պետրոս Ղազարյանը գտնում է, որ հայաստանյան հեռուստատեսության առանցքային խնդիրը կյանքը «քառակուսի» ներկայացնելու ձգտումն է:

Նրա կարծիքով՝ ներքին տաբուների համակարգը լրագրությունը դարձնում է հեշտ, անվտանգ զբաղմունք ու մեծ հաշվով՝ իմիտացիա:

Ինչպե՞ս կարելի է բնութագրել այսօրվա հայաստանյան հեռուստատեսության գլխավոր խնդիրը, այն շարունակու՞մ է գլխավոր մեդիան համարվել:

Հեռուստատեսությունը մի քանի շատ պարզ ֆունկցիաներ ունի. նախ՝ պիտի տեղեկացնի, հետո տարբեր մտքերի, գաղափարների քննարկման, բախման հարթակ լինի: Նաև լուսավորչական դեր կատարի ու զվարճացնի:

Թե այս հիմնական ֆունկցիաներից որոնք է կատարում մեր հեռուստատեսությունը, դժվար է ասել: Ինձ թվում է՝ ամեն տեղ էլ թերանում է: Լուսավորչական, կրթական ծրագրեր անելու համար շատ մեծ ինտելեկտուալ ներուժ է պետք, որը մենք չունենք և այն, ինչը կա դաշտում, մեծ մասամբ անճաշակ է: Զվարճալի հաղորդումների ցածր մակարդակի մասին շատ է խոսվել, չեմ ուզում կրկնել:

Երևի ամենակայացածը, բայց միևնույն ժամանակ ամենաքննադատվողը, լրատվական դաշտն է:

Քանի որ միատեսա՞կ, միակարծի՞ք ու միահամու՞ռ է..

Չեմ կարծում, որ միակարծիք է: Թեև, իհարկե, մեր ցանկության չափ բազմակարծիք էլ չի:

Բայց ամենավատն այն է, որ հեռուստատեսությունը տարբեր գաղափարների խմորման ու բախման հարթակ չէ: Ընդ որում՝ տարբեր գաղափարներ ասելով՝ ես նկատի չունեմ միայն իշխանության ու ընդդիմության բախման ֆորմատը:

Որքան էլ փորձենք մեր կյանքը քառակուսի սարքել, միևնույն է, այն բազմազան եղել է և այդպես էլ մնալու է:

Սոցիալական տարբեր խմբերի, շերտերի պրոբլեմները, հակասությունները, ցավոք, մեր եթերում չկան: Իրականում շատ մարդիկ փոքրամասնություն են (նկատի չունեմ սեռական կամ կրոնական, ավելի շուտ՝ մտքի), և նրանց տեսակետների բախումը հեռուստատեսությամբ չի երևում: 

Կարծում եմ՝ պատճառը հեռուստաընկերություններում առկա ներքին տաբուների համակարգն է, որը ոչ թե իշխանությունները, այլ մենք ինքներս ենք ստեղծել: Այդ ներքին տարբուներն, իհարկե, քաղաքական տաբուների շարունակությունն են և լուռ համաձայնեցված են հասարակության հետ:

Բայց եթե հեռուստատեսության աշխատողներն ու սեփականատերերը դա զգում են, կարող են նաև փոխել իրավիճակը: 

Ոչ ոք էլ դա չի զգում, ընդհակառակը՝ ասում են, որ ամեն ինչ շատ լավ է:

Տպավորություն է, որ բոլոր ալիքները ենթադրյալ ազգային անվտանգության պահապանն են և մեկ ընդհանուր, շատ մակերեսային գիծ են առաջ տանում:

Իսկ ո՞վ է դա որոշում: Միգուցե պետական անվտանգության պե՞տը… Ո՛չ, իհարկե, ոչ ոք մեր փոխարեն դա չի որոշում, դա հասարակության ընդհանուր կոնսենսուսի արդյունք է: Որևէ մեկին չի ասվում, որ, ասենք, այս թեման այլևս չի կարելի եթերում արծարծել:

Խնդիրն այն է, որ մեր հասարակությունը բազմաշերտ է, իսկ հեռուստատեսությունն այն միաշերտ է սարքում: Ընկալվում է միայն իշխանություն-ընդդիմություն հակադրությունը, իսկ բազմազանության այլ ազդակներ եթերում պարզապես չենք տեսնում:

Եթե ուզում ենք որակյալ հեռուստատեսություն ունենալ ու կարևորում ենք այն, հարկավոր է խոշոր գումարներ ներդնել: Իսկ հիմա մենք ունենք այն, ինչ ունենք:

Մեծ իմաստով՝ մենք աղքատ երկիր ենք, իսկ աղքատ երկրները չեն կարող իրենց թույլ տալ համահայաստանյան ծածկույթով 18 ալիքներ ունենալ: Մեր դրած չափանիշն ու մեր ֆինանսատնտեսական ռեսուրսը իրար ադեկվատ չեն: Իսկ դա քաղաքական խնդիր է:

Հայկական հեռուստատեսությունում հիմա ավելի հեշտ է անիմաստ լինել, քան փորձել ինչ-որ նոր բան անել: Էդ պատճառով էլ եթերում շատ են անիմաստ դեմքերը:

Այդպես ավելի հե՞շտ է:

Հեշտ է, անվտանգ: Բայց պետք է կարողանաս քեզ բույսի տեղ դնել: Իսկ դա ջանք է պահանջում:

Կարծում եմ՝ մեր հասարակությունը դեռևս պատրաստ չէ խոսքի ազատության համար անել ավելին, քան անում է: Այսօր մեր լրագրությունը սուտը վերացրել է: Որպես այդպիսին՝ սուտ այլևս գոյություն չունի: Կա սեփական տեղեկատվություն, հավաստի աղբյուր, իշխանամերձ շրջանակ, կրեմյլան աղբյուրներներ… Ինչ հիմարություն ասես կա, բայց այդ ամենը մի անվանում ունի՝ սուտ: Իրականում սուտն այսօր հազար անուն ունի (բացի սուտ կոչվելուց):

Կարող ես լրագրողին ասել՝ սուտ ես գրել, իսկ նա պատասխանի՝ դա սուտ չէ, այլ իմ մերձավոր աղբյուրներից ստացված ինֆորմացիա:

Քանի որ մեր լրատվամիջոցները հիմնականում սպասարկում են քաղաքական ուժերին, նրանք հասարակության ուշադրությունը ճիշտ հարցադրումներից շեղելով են զբաղված: Եվ դա արվում է ամենասարսափելի ձևով՝ կիսաճշմարտություն ասելով: Իսկ դա ավելի վատ է, քան բացահայտ սուտը:

Այսօր մեր լրատվական դաշտը հեղեղված է կիսաճշմարտություններով: Եվ բոլորս ենք այդ իրավիճակում՝ մեկն՝ ավելի շատ, մյուսն՝ անթաքույց, մեկը՝ ճար չունենալով, մյուսը՝ զոմբի լինելուց հաճույք ստանալով:

Այսպիսի լրատվական դաշտում քաղաքացին խճճվում է՝ չկարողանալով տարանջատել սուտն ու ճշմարտությունը, վատն ու լավը: Հեռուստատեսությունը պիտի օգնի, որ այդ մարդն ինքնուրույն որոշում կայացնի, բայց հիմա գրեթե բոլոր լրատվամիջոցների ֆունկցիան դարձել է այնպես անելը, որ մարդը չկարողանա որոշում կայացնել: Ասենք, կիմանա, թե ով է կաշառակեր, ով է մեղավոր, ինչ պիտի անել: Այդ պրոբլեմն ամենուրեք է՝ քաղաքականությունից սկսած, դպրոցում հայ գրականության մատուցմամբ վերջացրած:

Իսկ ի՞նչ պիտի անել:

Ես ինձ չեմ դասում այն մարդկանց շարքին, որոնք գիտեն, թե ինչ պետք է անել: Կարծում եմ՝ ամեն մարդ իր տեղում պիտի իր անելիքն իմանա:

Երբ վերջերս գազային այս խայտառակ պայմանագրի ստորագրման դեմ հանրահավաք էր, իմ ընկերներներից մեկն ասաց, որ այդ հանրահավաքը ոչինչ էլ չի փոխի: Ես պատասխանեցի՝ իսկ եթե դու փողոցում քայլելիս տեսնես, որ, ասենք, քո քրոջը ծեծում են, արդյո՞ք չես խառնվի: Նախապես գիտես, որ ոչինչ չի փոխվի, քրոջդ հետ քեզ էլ կծեծեն, բայց հո չե՞ս կարող հանգիստ գնալ տուն՝ մտածելով, որ ոչինչ անել չես կարող:

Հիմա շատերը հենց այդպես էլ վերաբերվում են Հայաստանին: Ի՞նչ է փոխվելու որ… Հնարավոր է, որ իրենք ճիշտ են, Հայաստանում ոչինչ չի փոխվի, բայց հենց մեր մեջ է ինչ-որ բան փոխվում:

Միգուցե կարթնանանք ու ավելի լավ քաղաքացի կդառնանք: Դրանից ավելի էլ ի՞նչ պիտի փոխվի:

Ենթադրենք լրագրողը իր լրատվամիջոցը ֆինանսավորող որևէ թիմի անդամ է, փող է ստանում, բայց ինչպե՞ս կարող է նա տարրական մարդկային բաների դեմ գրել՝ պատճառաբանելով, որ դա է պահանջում իր թիմը: Գիտեք՝ ամեն ինչի մեջ չափանիշներ պիտի լինեն:

Դա միանգամից չի լինում. թվում է, որ սահմանը կարելի է մի քիչ տեղաշարժել, հետո մի քիչ էլ, և այդպես կամաց-կամաց կորում են բոլոր ներքին սահմանները: Եվ լրագրողն ու լրատվամիջոցն էլ դառնում են փուչիկ:

Կա՛մ փուչիկ, կա՛մ քաղաքական «քիլեր»: Էնքան սուտ ես գրում, որ սկսում է թվալ, որ դա նորմա է:

Հայաստանի որևէ քաղաքացի այսօր չի զարմանում, որ լրատվամիջոցը սուտ է հրապարակում:

Միգուցե այսպիսի մեդիա դաշտում հարկավոր է բոլորովին ա՞յլ կերպ աշխատել: Ոգևորությա՞մբ… Համենայնդեպս, վառ հեռուստատեսային բանավեճի հեղինակ լինելով՝ կարող եք նաև նոր որակի հարցադրումներ անել:

Բանավեճի նպատակը խնդիրներ լուծելն է: Երբ տարիներ առաջ ես ու Գևորգ Ալթունյանը եկանք «Կենտրոն», բավական ծանր տարիներ էին (փակվել էր «Ա1+»-ը, և շատերը մեզ մեղադրում էին, որ եկել ենք իշխանամետ դիրքորոշմամբ): Բայց մենք մի շատ պարզ բանաձևի էինք հետևում՝ եթե հյուրը պրոբլեմ ունի, նրան պիտի այդ պրոբլեմի մասին հարցնես: Հակառակ դեպքում քո ներկայությունն անիմաստ է:

Եվ 12 տարի ես այդպես էլ աշխատում եմ: Երբեմն ինձ հարցնում են՝ ինչու՞ լավ բաների մասին չես խոսում: Պատասխանում եմ, որ մեր խնդիրը պրոբլեմները նկատելն ու վեր հանելն է: Ի վերջո, բանավեճի իմաստն էլ այդ պրոբլեմները քննարկման հարթակ ստեղծելն է:

Արդյո՞ք բանավեճի մասնակիցների ընտրությունը չի փաստում նաև որոշակի փիառի մասին:

Գիտեք՝ դրական իմաստով փիառ Հայաստանում համարյա գոյություն չունի: Հայաստանում ո՞վ ունի հանրային նշանակություն ու դրական կշիռ, որ իր փիառը արվի: Անկեղծ ասած՝ մենք չափազանցնում ենք և՛ փիառի, և՛ հակափիառի դերը: Դա որոշակի ինտելեկտուալ ու ստեղծագործական ներուժ պահանջող գործունեություն է, որն, ի վերջո, կոնկրետ նպատակ է հետապնդում: Իսկ մեզ մոտ դա ավելի շուտ կացնային ոճով արվող «սև» վարկաբեկումներ են:

Փիառը, ինչպես նաև լրագրությունը, քաղաքակիրթ հարաբերությունների տիրույթում են: Իսկ մենք հիմա դարձել ենք ապուշների երկիր, որտեղ, օրերից մի օր արթանանալով, կարող ես հանկարծ պարզել, որ քո երկիրը 300 մլն դոլարի պարտք ունի:

Եվ երբ հարցնես՝ բայց ինչու՞ այդ մասին չգտեինք, քեզ պատասխանեն՝ ասել ենք, բայց դու տեղյակ չէիր: Փաստորեն, մեր աչքերին նայում են ու ասում, որ ապուշ ենք:

Էլ ի՞նչ փիառի մասին ենք խոսում: Արդյոք հնարավո՞ր է «Գազպրոմ»-ի հետ պայմանագիրը փիառ անել:

Անում են, ինչպես կարող են: Ասում են, որ դա միակ փրկությունն է: Եվ, փիառ անելով, ցանկացած ռուսական որոշում արդարացվում նաև գազային փակուղիով:

Իսկ քանի՞ մարդ է այդ հիմարություններին հավատում: Անգամ եթե ամեն օր արդարացումներ հնչեն եթերից, մարդը, միևնույն է, անջատելու է հեռուստացույցն ու շարունակելու է ապրել:

Ինձ ամենից շատ մտահոգում է մերկանտիլությունը: Եթե մարդը ձգտումներ ունի, որոշակի կոմպրոմիսներն ընդունելի են, բայց երբ ապահով (թոռներին ու ծոռներին էլ ապահոված) մարդը միայն հանուն գումարի կենաց ու մահի պայքար է մղում, դա արդեն հիվանդություն է: Մենք հիմա նյութապաշտությամբ ենք հիվանդ:

Հարուստները աղքատի հոգեբանություն ունեն. ուզում են շատ փող աշխատել, որպեսզի իրենց լավ զգան: Բայց հետո պարզվում է, որ հեչ էլ լավ չեն զգում, ու սկսում են էլի փողի հետևից ընկնել: Նորից վատ են զգում, մտածում են՝ երևի քիչ ենք կերել, էլի մի քանի միլիոն ուտենք: Ուտում են, բայց, միևնույն է, սոված են մնում, քանի որ պրոբլեմը ոչ թե փողի քչությունն է, այլ ինքնաընկալումը:

Փողը չի փրկում ու երբեք անիմաստին իմաստ չի փոխանցում:

Իհարկե, մարդը թույլ էակ է: Բայց եթե ժամանակի ընթացքում երկիրը չի զարգանում, առաջ չի գնում, ամեն ինչ արժեզրկվում է: Հայաստանը սարքել ենք իմիտացիայի երկիր, լրագրությունը նույնպես:

Հարցազրույցը՝ Նունե Հախվերդյանի

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *