2012.05.06,

Նյուսրում

ԱԺ ընտրություններ 2012. լրագրողի աշխատանքը խոչընդոտելու երեք դեպք

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան

Լրագրող

Ազգային ժողովի ընտրությունների օրը լուսաբանելու ընթացքում խոչընդոտվել է մի քանի լրագրողների մասնագիտական գործունեությունը: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն արձանագրել է լրագրողի գործունեությունը խոչընդոտելու 4 դեպք, որից երկուսը՝ ֆիզիկական բռնության զուգորդմամբ:

«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Էլինա Չիլինգարյանի ձեռքից փորձել են հափշտակել տեսախցիկն ու կոտրել հիշողության սարքը՝ այդ ընթացքում երկու անգամ հարվածելով նրա ձեռքին: «Կենտրոն» հեռուստաընկերության օպերատոր Վարազդատ Պապիկյանի ձեռքից վերցրել են տեսախցիկը, այնուհետեւ տարել նրան:

«Էլինա Չիլինգարյանը դիմել է ոստիկանություն. կարծում եմ՝ գործը բացահայտելու մեջ մեծ դժվարություն չկա. եւ՛ համացանցում, եւ՛ լրագրողի մոտ հստակ կա այն երիտասարդի նկարը, որը բռնությունը կատարել է: Մենք հետեւելու ենք նաեւ «Կենտրոն»-ի օպերատորի հետ կապված գործին, որի գործունեությունը խոչընդոտելուց բացի, փաստորեն, նաեւ առեւանգել են»,- ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Խոչընդոտվել է նաեւ «Առավոտ» օրաթերթի լրագրող Նելլի Բաբայանի մասնագիտական գործունեությունը. ընտրատեղամասը նկարահանելու ընթացքում այնտեղ գտնվող երտասարդներից մեկը խլել է լրագրողի հեռախոսը՝ թույլ չտալով նրան նկարահանում կատարել:

«Բացի այս երեք դեպքերից՝ երեկոյան ժամը 8-ից հետո «Հետք»-ից տեղեկացանք, որ 6/01 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը լրագրողին թույլ չէր տալիս տեսաձայնագրել ձայների հաշվարկը եւ միայն համառ պահանջներից հետո, ի վերջո, թույլ է տվել»,- ասում է Աշոտ Մելիքյանը:

Այնուամենայնիվ, ԽԱՊԿ նախագահը գտնում է, որ այս ընտրություններին լրագրողների գործունեությունը խոչընդոտելու դեպքերի քանակը նվազել է:

«Եթե մենք համեմատենք նախորդ ընտրությունների կամ նույնիսկ վերջին Երեւանի ավագանու ընտրությունների հետ, այս անգամ ավելի քիչ են եղել ճնշումները, բայց անգամ եթե մեկ մեկ լրագրողի նկատմամբ բռնություն է կիրառվում, դա, իհարկե, ստվեր է գցում ընտրությունների լուսաբանման գործընթացի վրա»,- ասում է Աշոտ Մելիքյանը:

Աննա Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *