«Թավշյա էսքիզներ»․ տեսնում եմ, լսում եմ, խոսում եմ, գործում եմ

01.04.2019, Նյուսրում

Լրագրող

«Թավշյա էսքիզներ» մուլտիմեդիա նախագիծը դիտողին խորասուզում է 2018-ին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության պատկերային պատմությունների մեջ: Այն մեկ տարի առաջ կատարված իրադարձությունները ներկայացնում է տարբեր զգայական պատուհաններով ու հայացքներով:

«Թավշյա էսքիզներ»-ը ինտերնետային միջավայրում ստեղծված վավերագրություն է (web documentary)։ Նախագծի հեղինակ Նատալի Հարությունյանն ասում է, որ հեղափոխության օրերին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի աշխատակիցները լուսանկարներ և տեսանյութեր էին արել, որոնք ինչ-որ ձևաչափով պետք էր օգտագործել և արխիվացնել:

«Այդ օրերին մարդիկ իրենց բողոքը տարբեր մեդիա ձևաչափերով արտահայտեցին: «Թավշյա էսքիզների» մեջ մենք առանձնացրել ենք դրանք՝ լսելու, տեսնելու, գործելու, խոսելու բաժիններով և տարբեր գործիքների կիրառմամբ օգնել մարդուն նորից տեղափոխվել հեղափոխության օրեր»,-ասում է նա:

Հեղինակի խոսքով, նախագծի համար իրենք օգտագործել են տեսանյութեր, լուսանկարներ, առանց մեկնաբանության կադրեր, ուղեկցող տեքստեր, վկայություններ, աուդիո նյութեր. «այս նախագծի միջոցով փորձել ենք ընդլայնել մեդիայի սահմանները և ցույց տալ, որ բացի լրագրողական գործիքներից, քաղաքացիների կողմից ևս կիրառվել են հետաքրքիր, կրեատիվ մոտեցումներ»: 

Պատուհանները, որտեղից երևում են իրադարձությունները, այնպես են դասավորված, որ հնարավոր է տեսնել հեղափոխության համայնապատկերը, լսել այդ օրերի փողոցների աղմուկը, զգալ տագնապը, վախը, սպասումը, տեսնել լրագրողական աշխատանքի ռիթմը, հասարակության հույզերը:

«Թավշյա էսքիզների» չորս պատուհանները ներկայացնում են հեղափոխության օրերին մարդկանց տեսածը, լսածը, գործողությունները, արդեն ժամանակի հեռավորությունից վերլուծություններն ու մտորումները:

Տեսնում եմ

Լուսանկարներն ու տեսանյութերը նորից տանում են մեզ հեղափոխության փոթորկուն օրեր: Այստեղ տեսնում ես իրադարձությունների խրոնիկան՝ ինչպես մարդիկ համախմբվեցին, սկսեցին գործել հատվածական, բայց կոորդինացված, դուրս եկան փողոց և զգացին իրենց քայլերի կարևորությունը:

Այս հատվածում կհասկանաք, թե ինչպես են մեդիայի ներկայացուցիչները ներկայացնում հեղափոխությունը, ինչն են առանձնացնում ու ինչը շեշտադրում: Էմոցիան և գործողություններն այնպես են խառնված, ինչպես անցյալ տարի ապրիլ-մայիս ամիսներին:

Մարդիկ իրենց լուսանկարներով, արված տեսանյութերով ոչ թե խանգարում էին լրագրողների, այլ նոր գույն, հավելյալ տեղեկություններ տալիս կատարվողի մասին:

«Թավշյա էսքիզներ» նախագիծը պատմում է այդ օրերի ակտիվ քաղաքացիների մասին, հեղափոխություն անելու նրանց մոտիվացիայի և հնարամտությունների մասին:

Լսում եմ

Հեղափոխության աղմուկը բնական էր: Մարդկանց ոգևորությունը, հիասթափությունն ու հրճվանքը լսելի էր ամենուր: Իրադարձությունների զարգացմանն օգնեցին նաև էմոցիոնալ ձայները. թմբուկի և շերեփների ձայնը դարձավ համախմբման ռիթմ: Եվ երկար մնաց մեր ականջներում:

Հեղափոխությունը վերապրելու համար նախագիծն առաջարկում է լսել ձայներ քաղաքի տարբեր փողոցներից և գլխավոր ձայների հեղինակ-կատարողներին:

Խոսում եմ

Մարդիկ խոսում էին նույն իրադարձության մասին, բայց տարբեր լեզուներով: Ոմանք ազդեցիկ պաստառներ էին սարքում, ոմանք իրենց ոգևորությունն արտահայտում էին երգերով ու եռագույն ծածանելով, ոմանք մեմեր սարքելով և դեպքի վայրում Աշոտի նման ներկայացում բեմադրելով:

Մարդկանց երևակայությունն անսահման էր, դուխովն ամեն տեղ էր՝ գլխարկների, ավտոմեքենաների, խանութների և ապրանքների վրա:

Գործում եմ

Ամենակարևորը գործողություններն էին: Երկար տարիներ ներսում կուտակվածը դուրս հորդեց արարքներով: Ով ինչպես կարողացավ օգնեց հեղափոխությանը: Դասական քայլն, իհարկե, փողոց փակելն էր:

Ընդ որում, գործողությունները թե՛ խմբային էին, թե՛ անհատական. նվագում էին, կաթվածահար անում մետրոյի աշխատանքը, խմորեղեն հյուրասիրում փողոցներում:

Գործողություններում շատ էր հումորը, մարդկանց մտքի ճկունությունը:

Նախագծի վերջում «Թավշյա էսքիզներ»-ն առաջարկում է դիտողին մտորել՝ կարդալով ազգագրագետի, մեդիափորձագետի, հոգեբանի և մշակութային մարդաբանի վերլուծական տեքստերը:

Ներկայացման մուլտիմեդիա ձևաչափը հնարավորություն է տալիս դիտել ու լսել այն ինչպես ամբողջական, այնպես էլ հատվածական եղանակով, անցնել բաժիններով: Թավշյա հեղափոխության վավերագրությունը ինտերնետում նման ձևաչափով ներկայացնելու համար աշխատել են ծրագրավորողների, լրագրողների ու դիզայներների թիմը։

Նախագծի խորհրդատու Արտյոմ Գալուստյանն ասում է, որ մուլիմեդիա ֆորմատի էֆեկտիվությունը ցույց կտա ժամանակը, պետք է ուսումնասիրել և գնահատել լսարանի վերաբերմունքը, արձագանքներն ու մեկնաբանությունները:

«Հայկական հեղափոխությունը ինքն իրենով մուլտիմեդիա էր, ընթանում էր բովանդակության ստեղծման տարբեր ձևաչափերով, հաղորդակցության տարբեր ալիքներով: Եվ դա արդեն թելադրում էր, որ այս թեմայով արտադրանքի լավագույն լեզուն մուլտիմեդիա պատմություններն են»,-ասում է նա:

«Թավշյա էսքիզները» հեղափոխությունից մեկ տարի անց այն ամփոփող նախագիծ է. ունի նախապատմություն, ժամանակագրություն, փողոցային շարժումների առանցքային հերոսներ:

Նախագիծը ստեղծել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը` OPEN Media Hub-ի աջակցությամբ` Եվրամիության կողմից տրամադրված միջոցներով, ինչպես նաև՝  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ ՝ «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում։

Գայանե Ասրյան

 

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?