2019.04.19,

Քննադատ

Հեռուստաբանավեճեր ֆեյքերի մասին և ոչ միայն

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Հեռուստաբանավեճը ժանր է, որը ոչ միշտ ենք դիտում: Սովորաբար, կամ պիտի սիրենք (հարգենք, պաշտենք) վարողին ու նայենք նրա կազմակերպած կարծիքների բախման բեմականացումը, կամ հետաքրքրվենք քննարկվող թեմայով:

Անձը կամ թեման. սա է էկրանային բանավեճ դիտելու դրդապատճառը:

Եվ քանի որ լավ թեմաներից է մեդիա դաշտը՝ իր հին ու նոր ֆեյքերով, կանխատեսումներով ու ակնհայտ շահերով, ես դրանք նայում եմ:

Մանավանդ, որ 2019-ին Հայաստանում կեղծ լուրերն ու մեդիա մանիպուլյացիաները շատ են, բազմատեսակ ու հաճախ ոչ նկատելի՝ ագրեսիվ հռետորաբանության կամ կեղծ բարեպաշտության քողի տակ:

Ցանկացած խոսակցություն, որ սկսվում է ֆեյք լուրերի դեմ պայքար հայտարարելու կոչերով կամ խոսքի ազատության սահմանափակման դեպքերը մատնանշելով, միևնույն է, չի կարող հավակնել լինել ամբողջական ու ազնիվ:

Թեկուզ միայն այն պատճառով, որ հեղափոխությունից հետո կապիտալի վերաբաշխում մեդիա դաշտում տեղի չի ունեցել և չի հայտարարվել մեդիա մարտավարության կամ գլխավոր խմբագրի որևէ փոփոխության մասին:

Ես սիրում եմ երբեմն նայել բանավեճեր շատ մասնակիցներով, քանի որ դրանք ասում են ավելին, քան նախատեսում էին ասել հեղինակ-վարողները: Այսինքն՝ բեմադրողները:

Հեռուստաբանավեճը շատ նման է թատրոնին, որտեղ անպայման պիտի լինի բախում՝ կարծիքների, հերոսների, կերպարների:

Իսկ լավ բեմադրողը նա է, որ այդ բախումը ուրվագծում է՝ հավասար պայմաններ ստեղծելով հերոսների համար, քանի որ գիտի նրանց ներուժը, հռետորական կարողությունները և այն դիրքն ու շահը, որի անունից նրանք խոսելու են:

Թող ներվի այս քնարական բառը, բայց վարողը պետք է լինի ազնիվ:

Եվ ազնվությունը չի կարող փոխարինվել ձևական օբյեկտիվությամբ, քանի որ բանավեճ դիտող ցանկացած խելացի մարդ (այսինքն՝ լսարանի մեծամասնությունը) միանգամից նկատելու է բեմադրողի նպատակը:

Իսկ նպատակը մեկն է՝ բախումով պայմանավորվել: Ոչ թե բախումով խորացնել բախումը, այլ հենց պայմանավորվել:

Վերջերս դիտած երկու հեռուստաբանավեճերը թույլ են տալիս եզրակացնել, որ վարողները բնավ էլ նպատակ չունեին ցույց տալու պայմանավորվելու ու սոցիալական կոնսենսուսին հասնելու բերկրանքը, ինչը բանավեճի հեռահար նպատակն է (համաձայն չեմ, բայց պայմանավորվում եմ):

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Բախման կետ» հաղորդման բանավեճերից մեկը վերնագրված էր «Ֆեյքերի և մեդիա մանիպուլյացիաների դեմ պայքար», և հենց այդ թողարկման մեջ աչքի էր ընկնում ամենալուրջ մանիպուլյացիան՝ դերակատարների անհավասարությունը:

Փորձառու վարողը, շատ լավ իմանալով մեդիա դաշտի ստորջրյա հոսքերն ու դերակատարներին, իհարկե, ամեն ինչ անում էր զուսպ ու ռեգլամենտով:

Նա պարզապես չէր անում այն, ինչն արժեր անել՝ հավասարության համար:

Չորս հրավիրված հյուրերը անհավասար էին ի սկզբանե: Երկուսը եկել էին «հարձակվելու», քանի որ կուտակված դժգոհություն ունեին նոր իշխանություններից ընդհանրապես, իսկ երկուսը «պաշտպանվում» էին, քանի որ վստահ էին, որ պետք է պաշտպանվել և դա անում էին շատ թույլ կռվաններով:

Սակայն խնդիրը հենց վարող-բեմադրողի որոշումն էր: Նա որոշել էր հարցեր տալու իր դերը զիջել «հարձակվողներին», որոնք մանր ու կոնկրետ մեղադրական հարցերի տեղատարափ էին թափում ոչ լավ հռետոր-պատգամավորների վրա:

Վարողը, գիտակցելով, որ «պաշտպանվողները» երկրորդական դիրքերում են հայտնվելու (հրավիրելու պահից գիտեր), թույլ էր տալիս, որ այդպես լինի, որ իր դերը կատարի ոչ ինքը, այլ կողմերից մեկը:

Այս բանավեճի ժամանակ պարզ դարձավ, որ նպատակը բնավ ազնիվ չէր հատկապես լսարանի նկատմամբ: Վարողն այնպես էր կառուցել բանավեճը, որ ինքը մնա կողքում, իսկ երկու կողմերից մեկը ունենա ակնհայտ առավելություն:

Իհարկե, նա կարող է ասել, որ սա իր մեղքը չէ, քանի որ, եթե «պաշտպանվողները» ուզեին, կկարողանային ոչ միայն մեղադրյալի, այլև թեման զարգացնողի դեր կատարել: Բայց սա նույնպես կլինի ոչ ազնիվ, քանի որ ամեն դերասան չէ, որ կարող է կատարել բարդ դեր ու «թռչել իր գլխից բարձր»:

Ուժերի ոչ հավասար մեկնակետը ու վարողի նպատակային վարքագիծը մանրացնում էր քննարկման թեման, շեղում դեպի հույզեր, այլ ոչ թե փաստեր:

Օրինակ, վարողը ոչինչ չառարկեց հյուրերից մեկի այս պնդմանը՝ «իշխանությունը հենց սկզբից ստեղծվել ու կառուցվել է ստի ու կեղծիքի վրա: Սա փաստ է…»:

Ինչը հուշեց լսարանին (օրինակ, ինձ), որ հաղորդումն իրականում փաստերի ու կեղծիքի մասին չէր, այլ մեկ տեսակետն ավելի տեսանելի դարձնելու ցանկության:

Ի վերջո, հյուրերը կարող են ներկայացնել ոչ թե երկու, այլ չորս կամ չորս ու կես կողմ, կարծիք, տեսակետ: Բայց դրանք սովորաբար երկուսն են ու մի կողմը վայելում է վարողի համակրանքը, որը վարողը չի թաքցնում: Ընդ որում՝ որքան փորձում է երևալ չեզոք, այնքան ցույց է տալիս իր համակրանքը:

Հանրային հեռուստաընկերության «Խաղի կանոններ» բանավեճը նույնպես չորս հյուր ունի: Եվ նույնպես իր հաղորդումներից մեկի թեման էր դարձրել մեդիան, ֆեյքերը, մանիպուլյացիաներն ու մեդիագրագիտությունը:

Անկեղծ ասած, այս հաղորդումը ես դիտեցի մեծ դժվարությամբ, քանի որ այս բանավեճում վարողը կարծես որոշել էր, որ եթերաժամանակի 40-50%-ը պատկանում է իրեն և իր ձայնին:

Եթե նախորդ բանավեճում վարողն ինքն իրեն մեղմացնում էր (իր պատկերացմամբ՝ անաչառ լինելու համար), ապա այստեղ՝ վարողը ինքն իրեն առաջին պլան էր մղում (իր պատկերացմամբ՝ հետաքրքիր լինելու համար):

«Խաղի կանոններ»-ում չորս տարբեր մարդիկ էին, նաև՝ առանց քաղաքական կողմ լինելու բեռի: Եվ անհասկանալի էր, թե ինչու էր վարողն ամեն ինչ անում, որ հյուրերի խոսքը թեթևացնի, դարձնի դյուրամարս ու մեծ հաշվով՝ անկարևոր: Տպավորություն էր, որ նա ուզում է լսարանին դուր գալ և այդ պատճառով է շատ խոսում:

Օրինակ, ընդհատում էր հյուրին, ասելով՝ իհարկե, գրագիտությունը լավ է, բայց մենք գիտենք, որ հասարակ քաղաքացին չի սիրում հավաստի աղբյուրներ, միևնույն է կարդալու է բամբասանքներ:

Նույն հաջողությամբ նա կարող էր ասել լրիվ հակառակը՝ հասարակ քաղաքացին սիրում է հավաստի աղբյուրներ: Տարբերություն չէր լինի:

Իրականում, մեդիա դաշտի մասին հեռուստացույցով ու չորս-հինգ ձայնով զրուցելը լավ քայլ է, քանի որ այդպես նաև լսարանն է դառնում կողմ, քանի որ նրան են դիմում, նրան են հղում անում և հանուն նրա են աշխատում:

«Բախման կետի» հյուրերը ժամանակ չունեին լսարանի հետ խոսելու, քանի որ զբաղված էին մեղադրանքներով ու մեղադրանքներից պաշտպանվելով, սակայն «Խաղի կանոնների» հյուրերը պատրաստ էին խոսել լսարանի հետ ու լսարանի անունից:

Բայց նրանց այդ մղումը վարողը տանում էր դեպի թրոլինգով հարթված դաշտ՝ դեպի հեգնանք, թեթևություն, անլրջություն:

Այն մտերմիկ հեգնանքը, որը հայտնվում էր բանավեճը բեմադրողի ցանկությամբ, կարծես հուշում էր լսարանին՝ միևնույն է, ոչինչ չի փոխվելու, լսեք, բայց դե մենք գիտենք, որ դա չէ կարևորը, թեթև նայեք հարցերին:

Ի վերջո, լավ բանավեճը հենց այնպես չի ծագում: Այն բեմադրվում է:

Երևի կարելի է մեկ այլ քնարական միտք ավելացնել ազնվությանը. բանավեճերը պետք է լինեն հանուն որևէ լուսավոր բանի: Օրինակ, ապագայում ձևավորվող ավելի բանիմաց լսարանի: Այլ ոչ թե հենց այնպես կամ հանուն անցյալի եղած կապերը պահպանելու:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *