Սխալները վաղեմության ժամկետ չունեն․ Թաթուլ Հակոբյանը՝ լրագրողի «ամոթի» մասին

10.04.2019, Նյուսրում

Լրագրող

«Լրագրության սկզբունքները չափազանց կարևոր են։ Բայց կա մի սկզբունք, որը չես կարող գրել, դա մարդու ներքին պատասխանատվությունն ու խիղճն են։ Դու կարող ես հազար հատ սխալ բան գրել, բայց հազարն էլ՝ քո կամքից անկախ։ Օրինակ՝ մեկը ասուլիս է տալիս և հայտարարում, որ 25 տարի առաջ Արցախում մարտնչել է հանուն հայրենիքի։ Դու հրապարակում ես, բայց հետո պարզվում է, որ դա սուտ է։ Քո կամքից անկախ՝ դու սուտ ես տարածում։ Կարևորը՝ կանխամտածված չստես»,- ասում է լրագրող Թաթուլ Հակոբյանը։

Զրույցի առիթը լրագրողի կողմից դեռ 3 տարի առաջ թույլ տրված սխալմունքն է, որի մասին Հակոբյանն իմացել է միայն հիմա և հրապարակավ խոտովանել այդ մասին։

AniArc-ում 2016 թվականի ապրիլի 18-ին հրապարակված «Սերժ Սարգսյանի կենսագրության մեջ՝ անճշտություններ» հոդվածում Թաթուլ Հակոբյանը գրել է, որ Հայաստանի երրորդ նախագահն իր կենսագրականում թաքցրել է Աղդամի քաղկոմին անդամակցելու փաստը։ Որպես ասածի ապացույց՝ Հակոբյանը հրապարակել է իր ձեռքում հայտնված մի կոմերիտական տոմս՝ Սերժ Սարգսյանի նկարով։

Երեք տարի անց պարզվել է, որ կուստոմսի նկարը կեղծած է։ Թաթուլ Հակոբյանն անմիջապես AniArc-ից հեռացրել է կոմտոմսի պատկերը և իր սխալի մասին հրապարակել կայքում, հայցել ընթերցողի և Սերժ Սարգսյանի ներողամտությունը։

Ստուգել մեկ օրական լուրը

Թաթուլ Հակոբյանը հետազոտող լրագրող է և նկատել է, թե նշանակումից նշանակում ինչպես են փոփոխվում, խմբագրվում նախագահների կենսագրությունները։ Սերժ Սարգսյանի կենսագրությունը պարբերաբար սրբագրվել կամ վերագրվում է, սկսած անունից։ Ու քանի որ Սարգսյանի կենսագրության 1980-1983 թվականների հատվածը բոլոր տեղերում բաց է թողնված, Թաթուլ Հակոբյանը ենթադրել է, որ իր ձեռքի տակ եղած լուսանկարն իրական է։ Հատկապես, որ հետո էլ, Սարգսյանի կողմից դա չի հերքվել։

Պատկերների ստուգման Tineye կայքում իբր թե Սերժ Սարգսյանին պատկանող կոմերիտական տոմսը ստուգելով պարզում ենք, որ այն առաջին անգամ շրջանառության է դրվել 2013 թվականի դեկտեմբերի 3-ին, ադրբեջանական vesti.az կայքում։ Կայքը հիմա չի գործում։ Ավելի ուշ՝ 2016-ին, ադրբեջանցիները կարողացել են խայծ գցել հայկական տեղեկատվական դաշտ և, փաստորեն, հասել իրենց նպատակին՝ ապակողմնորոշել։

Համացանցում կան «Սերժ Սարգսյանին պատկանող» տոմսի մի քանի կրկնօրինակներ՝ նույն  ստորագրություններով և տեղեկություններով, բայց՝ այլ անձանց լուսանկարներով։ Երբ փորձում ենք ռուսական տվյալներով մի քաղաքացու տոմսի իսկությունը ստուգել, որպես արդյունք բերում է նաև այդ «աղդամյան» տոմսը։ Այսինքն համակարգն այս երկուսը նույնացնում է, ինչը նշանակում է, որ օգտագործված է նույն տոմսը, բայց՝ տարբեր լուսանկարներով։

Այն, որ լուսանկարը կեղծ է, հայտնաբերել է հետազոտող Էմիլ Սանամյանը։

«Այս դեպքն ինձ սովորեցրեց, որ երբեք չպետք է ենթադրել։ Միշտ պետք է ստուգել։ Այս ինֆորմացիոն հոսքի պայմաններում սխալվելու հավանականությունը մեծ է»,- ասում է Թաթուլ Հակոբյանը։

Նա կարծում է, որ մեր օրերում, յուրաքանչյուր տեղեկատվություն պարտադիր պետք է ստուգել, հետո նոր հրապարակել։ Որպես օրինակ նա հիշեցնում է յոգայի ուսուցիչ Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ իբր թե Հնդկաստանում Հայաստանի դեսպան նշանակվելու մասին, որը լրատվամիջոցները միանգամից հրապարակեցին որպես ճշմարտություն։ «Ես նույնպես ցանկանում էի հրապարակել։ Բայց հետո պարզվեց, որ Զոհրաբյանի գրառումը կատակ է։ Եթե ես հիմա գրեմ, որ նշանակվել եմ Սփյուռքի նախարարության որևէ վարչության պետ, շատերը կհրապարակեն՝ առանց ինձնից ճշտելու։ Երեք տարի առաջ ես միգուցե պետք է նախագահական գրասենյակին հարցում անեի, հարցնեի՝ Սերժ Սարգսյանը 1982 թվականին եղե՞լ է Աղդամի քաղկոմի անդամ, թե ոչ»,-ասում է Թաթուլ Հակոբյանը։

Նրա համոզմամբ՝ լրագրության մեջ փաստական սխալները վաղեմության ժամկետ չունեն․ «Ես ամենօրյա ռեժիմով կարդում եմ հարյուր տարվա վաղեմության մամուլ։ Ամեն օր ինձ հանդիպում են փաստական սխալներ։ Դրանց մի մասը հատուկ է արված, մի մասը պատահական սխալ է։ Բայց նույնիսկ հարյուր տարվա վաղեմության սխալները պետք է փորձել սրբագրել, որպեսզի չդառնան պատմության սխալներ։ Լրագրողները պատմական պատասխանատվություն են կրում։ Մեր մեկ օրական լուրը կարևոր է այսօր և հարյուր տարի անց։ Մեկը կարող է 100 տարի անց բացել և ընթերցել, թե ի՞նչ պատճառով ենք մենք հաղթել կամ պարտվել։ Այն սխալները, որոնք փաստական են, պետք է վերանայել»։

Բաբկեն Արարքցյանն ու լրագրողի սխալը

Թաթուլ Հակոբյանը շոկ է ապրել և ամոթ զգացել, երբ տարիներ անց իմացել է, որ «Ազգ» օրաթերթում ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանին վերաբերյալ իր հոդվածում ներկայացված պնդումը ոչ միայն սխալ է, այլև վարկաբեկել է պաշտոնյանին։

«2000-ականների սկիզբն էր, Արարքցյանն այլևս իշխանության կազմում չէր և ասուլիս տվեց։ Դատելով նրա խոսքից ու տեսքից, ինձ թվաց, թե Արարքցյանը հարբած է։ Ես «Ազգ» օրաթերթում էի աշխատում և գրեցի, որ Արարքցյանն ասուլիսին եկել է գինովցած։ Որևէ մեկը չարձագանքեց, չհերքեց։ Տարիներ անց մի առիթով ես զանգեցի Արարքցյանին՝ իր պաշտոնավարման շրջանի վերաբերյալ որոշ հարցեր ճշտելու նպատակով։ Նա ինձ ասաց՝ դու ստախոս ես, կեղծիք ես տարածել։ Անակնկալի եկա։ Հարցրի՝ ի՞նչ եմ ասել։ Ես իմացա, որ նա ունեցել է շատ ուժեղ գլխացավեր, ասուլիսին ներկայացել է բարձր զարկերակային ճնշումով, պարզապես հարգելով լրագրողների աշխատանքը, չի ցանկացել ասուլիսը չեղյալ անել։ Տեղում ներողություն խնդրեցի, բայց դա դեռ քիչ է։ Հնարավոր է 100 տարի անց որևէ հետազատող անդրադառնա Հայաստանի խորհրդարանի առաջին դեմքերի մասին և ընթերցի իմ հոդվածը, ըստ որի՝ Բաբկեն Արարքցյանը ասուլիս է տվել գինովցած վիճակում»,-պատմում է Հակոբյանը։

Լինելով արդեն «Առավոտի» լրագրող, Հակոբյանը պարզաբանում է հրապարակել օրաթերթում։ «Ազգ» օրաթերթն իր հերթին հանդես է եկել լրագրողին ուղղված քննադատությամբ առ այն, որ նա պարտավոր էր ներողություն խնդրել «Ազգ»-ի միջոցով, ոչ թե՝ «Առավոտ»-ի։

«Եթե դու օրումեջ քննադատում ես մեկին, ինքդ էլ պետք է պատրաստ լինես քննադատության։ Լրագրողին նման դեպքերը սթափեցնում են»,- ասում է Թաթուլ Հակոբյանը։

Գագիկ Աղբալյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?