Մեր հեռուստաեթերում մեկնարկել է կրկնությունների սեզոնը: Կրկնում են ամեն ինչ` ֆիլմեր, հեռուստամրցույթներ, բանավեճեր, սերիալներ եւ այլն, որոնք տեսել ենք մեկ տարի կամ նույնիսկ 10 տարի առաջ: Այնպիսի տպավորություն է, որ ամռանը հեռուստաընկերությունները չգիտեն ինչպես լրացնեն եթերը եւ հեռուստադիտողին են հրամցնում պահեստում եղածը:
Այս օրերին, օրինակ «Արմենիան»-ն կրկնում է բավականին հաջողված, բայց արդեն բազմաթիվ անգամ ցուցադրված «Հայաստանի ձայն» նախագիծը՝ օրը երեք անգամ, տարիներ առաջ ցուցադրված «Կլոն» սերիալը՝ օրը երկու անգամ, «Կարգին սերիալ»-ը: Իսկ «Կարգին նոստալջին», որի կատակները կարծես թե արդեն անգիր ենք արել, իսկ մեջը ներգրավված հերոսները` Հայկոն ու Մկոն, բավականին մեծացել են, օրը երեք անգամ:
«Շանթ»-ը նույնպես մեծ թվով կրկնություններ է հեռարձակում, օրինակ, մեկ օրում երեք անգամ ցուցադրում է «Պարահանդեսի օրագիր» եւ «Vitamin» ժամանցային ծրագրերը: Կարծես թե անվերջ է նաեւ հեռուստասերիալների շարանը, օրական մի քանի անգամ ցուցադրվում են «Թանկարժեք վարդը», «Սիրահար սիրտը», «Լիալուսինը», «Քաղաքում»-ը:
Իհարկե հասկանալի է, որ հեռուստատեսության աշխատակիցներից շատերը մեկնում եմ արձակուրդ եւ շատ հաղորդումներ ժամանակավորապես դադարեցվում են: Սակայն այս տարի կրկնությունների սեզոնը կարծես ավելի շուտ վրա հասավ: Եվ կա վարկած, որ նվազել է գովազդատուների ֆինանսավորումը, ինչն էլ ստիպում է հեռուստաընկերություններին կասեցնել որոշ ծրագրեր: Այդ տեղեկությունը ճշտելու նպատակով դիմեցինք մի քանի հեոեռուստաընկերութունների:
«Շանթ»-ի PR-մենեջեր Լիանա Մարտիրոսյանը նշեց, որ «եթերում ծրագրերի կրկնությունը պայմանավորված է ամառային տնտեսական անկումային շրջանի հետ, որն այս տարի համեմատաբար առավել շուտ սկսվեց»: Ըստ նրա՝ «անկումային սեզոն» նշանակում է տնտեսության այս կամ այն ոլորտում իրացման ծավալների նվազում՝ կապված տարբեր հանգամանքների հետ. այս դեպքում այդ հանգամանքը ամառային արձակուրդային սեզոնն է:
«Բնականաբար եթե գովազդատուների մոտ իրացման ծավալների նվազում է սկսվում, վերջիններս պետք է պակասեցնեն նաեւ գովազդային ծախսերը», – ասում է Լիանա Մարտիրոսյանը:
«Հ1»-ի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին. «Յուրաքանչյուր հեռուստաընկերությունում ամառային եթերաշրջանն ունի իր առանձնահատկությունները` կապված հանգստի ամիսների, դրանից բխող դիտողականության նվազման հետ: Հեռուստալսարանն այս շրջանում համեմատաբար պասիվ է, իսկ հեռուստաընկերությունների եթերացանցերը նախագծվում են ելնելով սեզոնային այս նրբություններից»: Դիտողականության նվազումը բերում է գովազդային շուկայի ցուցանիշների որոշակի փոփոխության, ինչը որոշ չափով կանխատեսելի է եւ չի խաթարում հեռուստատեսության բնականոն ընթացքը:
Հանրային հեռուստաընկերությունից ասացին, որ կրկնությունների առկայությունը «առաջին հերթին կապված է ամառային արձակուրդների շրջանի հետ եւ պայմանավորված չի ֆինանսական գործոններով»: Կրկնությունների բովանդակության մասին ալիքից նշեցին. «Կրկնվում են սիրված հաղորդաշարերը, ժամանցային ծրագրերը եւ համերգները, մեծ տեղ է հատկացվում վավերագրական եւ գեղարվեստական ֆիլմերի ցուցադրությանը»:
Մեր տեղեկություններով՝ հեռուստաընկերությունում այժմ կադրային փոփոխություններ են, որոնք թերեւս պայմանավորված են խորհրդի նոր նախագահ ունենալու փաստի հետ: Ալիքը նախապատրաստվում է նոր եթերաշրջանի: Ռեսուրսներն ուղղվում են նոր ծրագրերի պատրաստմանը, աշխատանքային խմբերը զբաղված են նախագծերի նախապատրաստական աշխատանքներով:
«Հ1»-ից հավաստիացնում են, որ նոր եթերաշրջանում հեռուստադիտողներին կներկայացնեն ինչպես նոր նախագծեր, այնպես էլ արդեն սիրված հաղորդումների նորացված տարբերակներ:
«Արմենիա» հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Շուշան Ավակիմյանն ասաց, որ հեռուստաալիքի գովազդից ստացվող ֆինանսավորման զգալի նվազում չի արձանագրվել:
«Գովազդի արդյունքում ստացված ֆինանսական միջոցները գտնվում են պլանային միջակայքում եւ զգալի փոփոխություններ չեն նկատվում: Իսկ կրկնությունները հեռուստատեսությունում բնականոն երեւույթ են եւ պայմանավորված են ամառային արձակուրդային սեզոնի հետ»,- ասաց Շուշան Ավակիմյանը:
Նա նշեց նաեւ, որ շատ ստեղծագործական թիմեր սեպտեմբերին սկսվող նոր եթերաշրջանին են պատրաստվում:
«Աշնանը սպասվում են նոր նախագծեր, հեռուստասերիալներ, մի խոսքով այն ամենը ինչ հարկավոր է մեր հավատարիմ հեռուստադիտողների հաճելի ժամանցն ապահովելու համար»,- հավաստիացրեց «Արմենիա»- ի ներկայացուցիչը:
«Արմնյուզ»-ի տնօրեն Արտակ Ալեքսանյանը նշեց, որ ժամանակավորապես մինչեւ սեպտեմբեր դադարեցվելու են հեղինակային «Բանաձեւը», «Մանրամասները» եւ «Արմքոմեդի» հաղորդումները, ինչը նա պայմանավորեց նոր եթերաշրջանի նախապատրաստման եւ տեխնիկական վերազինման հետ:
Տիգրան Հովհաննիսյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: