«Պաշտոնյա՛, խոսի՛ր գրագետ»

29.06.2018, Քննադատ

Աշխատել է Հանրային ռադիոյի «Երևան» ծրագրում, «Առավոտ» օրաթերթում, թղթակցել «Ազատություն» ռադիոկայանին: 2006-ից 2015 թթ․աշխատել է «168 Ժամ» թերթում։ Վարում է «Վէմ» ռադիոկայանի «Հայելի» հեղինակային հաղորդաշարը: «Հայկական ժամանակ» օրաթերթի հեղինակներից է։

Դեռևս 2017-ի մայիսին կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խումբը ներկայացրել էր կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում էր լուծարել ԿԳՆ լեզվի պետական տեսչությունը:

ԿԳ նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչության (ԼՊՏ) աշխատանքին՝ գրելով, թե ԼՊՏ-ն այն հիմնարկներից է, որը հինգ տարի շարունակ զրոյին ձգտող արդյունքով՝ ստացել է տարեկան 67 միլիոն դրամ:

Այսօր է ԼՊՏ-ի աշխատանքը համարվում «զրոյին ձգտող արդյունքով»: Ժամանակին այն հեղինակավոր կառույց էր՝ իր «Լեզվաշխարհ» թերթով: Տպաքանակը՝ 1000 օրինակ: Գլխավոր խմբագիրն էր Սուրեն Գեղամյանը:

ՀՀ լեզվաքաղաքականության պետական պատվերն ամրագրված է սահմանադրությամբ և «Լեզվի մասին» օրենքով: Եվ Լեզվի տեսչությունը՝ որպես համապետական կառավարման մարմին, կոչված էր իրականացնելու հայերենի կանոնավորման կազմակերպումը, լեզվական նորմերի պահպանման վերահսկողությունը, լեզվի սպասարկումը և քարոզչությունը:

Հետաքրքիր էր թերթի 1998-ի առաջին համարում կարդալ ԱԺ պատգամավոր Կարապետ Ռուբինյանի առաջարկը՝ «ու» տառի գրությունը փոխել «ւ»-ի:

ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության հայերենի բարձրագույն խորհուրդը քննարկեց ԱԺ պատգամավոր Կարապետ Ռուբինյանի ներկայացրած «Հայոց այբուբենի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը մասնագիտական փորձաքննության էր ուղարկվել խորհուրդ:

Ըստ նախագծի՝ կցագիր «ու», «և» գրանշանները ներկայացվում ու դասակարգվում են որպես «ո» «ւ» և  «ե» «ւ» տառերի զուգակցություններ: Դրանով իսկ գործող այբուբենից հանվում է «ու» տառը՝ փոխարինվելով «ւ»-ով: Հանվում է նաև «և»-ը:

«Խորհուրդը, մեկ ձեռնպահով, որոշեց պատգամավոր Կարապետ Ռուբինյանի ներկայացրած նախագիծն ամբողջության մեջ համարել անընդունելի:
Համաձայն լինելով քննելու այբուբենից «և»-ը հանելու հարցը, Հայաստանի բարձրագույն խորհուրդը միաժամանակ անթույլատրելի է համարում առաջարկվող մյուս փոփոխությունը՝ այբուբենում «ու» տառի փոխարինումը «ւ»-ով:

Արդի վիճակով ՀՀ-ում ընդունված հայոց այբուբենը լիովին բավարարում է ժամանակակից հայերենի կարիքները»:

Պաշտոնական լեզուն միասնականացման միտում ունի, ժողովրդախոսակցականը՝ բազմազանության: Պետությունը որպես պաշտոնական լեզվի պատասխանատու, հանրությանը պարտադրում է կանոններ, հանրությունը փորձում է դիմադրել՝ ստեղծելով լեզվահաղորդակցման սեփական համակարգը:

«Լեզվաշխարհ»-ը «Կատարելագործենք մեր լեզուն» բաժնում փորձում էր հենց ընթերցողների հետ ինտերակտիվ շփման միջոցով գտնել օտարամուտ բառերի հայերեն համարժեքը: 20 տարի առաջ փորձում էին գտնել ֆինանս, էստրադա, դիզայն, մեխանիզմ, մասշտաբ, քոլաժ, մուլտիպլիկացիա, շոու բառերի հայերեն համարժեքը:

20 տարի անց պարզում ենք, որ դրանք մինչ օրս չեն գտնվել, և դրա անհրաժեշտությունն էլ, կարծես, չի զգացվում:

«Տողադարձի գորդյան հանգույցը» հոդվածում լեզվաբան Հովհաննես Բարսեղյանը,  առաջարկում է տողադարձի հետևյալ կանոնները. բառամիջի ձայնավորից առաջ ընկած և-ը տողադարձի ժամանակ գրել «եվ». «ե»-ն մնում է, «վ»-ն անցնում է հաջորդ տող: Օրինակ՝ բարե-վել, տերե-վաթափ:

Գաղտնավանկ, այսինքն՝ արտասանվող, բայց չգրվող «ը» ունեցող բառի տողադարձի ժամանակ «ը»-ն գրվում է միայն տողավերջի և հաջորդ տողի սկզբի վանկերում: Օրինակ՝ շըղ-թա, կը-տըրտել, կտըր-տել, երբե-մըն…

Թերթում կար նաև «Պաշտոնյա՛, հետևի՛ր խոսքիդ» բաժինը, որը ներկայացնում էր  ԱԺ-ում, կառավարության նիստերին, ասուլիսներին պաշտոնյաների ոչ գրագետ արտահայտությունները:

Օրինակ՝ պաշտոնյան ասում է. «Գրքի հեղինակը կհամաձայնվի՛, այնինչ՝ ճիշտը «կհամաձայնի»-ն է:

«Կյանքի կենսամակարդակն ընկնում է», իսկ ճիշտը՝ «կենսամակարդակն ընկնում է» («կենսամակարդակ» նշանակում է կյանքի մակարդակ- խմբ.), ոչ թե վարքաբեկել, այլ վարկաբեկել և այլն:

«Եթերային ցնցումներ» բաժնում հեռուստատեսությամբ կամ ռադիոյով հնչած  սխալներն էին:

Ահա «Երրորդ ալիք» հեռուստածրագրի անճշտությունը. «Կազմակերպությունները, որոնք արժանվույն կներկայացնեն Հայաստանը… Հնարավոր չէ «արժանվույն» ներկայացնել, այլ արժանիորեն, ըստ արժանվույն»:

«Արձակի ժամ» ռադիոհաղորդում. «Պլպլում էին, ոնց որ լուսատիտիկները»: «Լուսատտիկ» չի նշանակում լույսի մեջ տիտիկ անող, այլ լուսավոր տուտ, այսինքն՝ պոչ ունեցող: Հետևաբար՝ գրվում է առանց «ի»-ի՝ լուսատտիկ:

«Խնդուկներ» բաժնում անեկդոտներ էին, որոնք, հիմնականում, խոսակցական բառապաշարով էին.
- Ապե, գործ ճարեցի՞ր:
- Չէ, հլը աշխատում եմ:

Լիլիթ Ավագյան

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?