Լրագրողները քննարկում են ՀՔԾ որոշումը բողոքարկելու հարցը

26.09.2018, Նյուսրում

Լրագրող

2016թ. Հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ժամանակ տուժած լրագրողները դժգոհ են Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ)՝ քրեական գործով վարույթը կասեցնելու որոշումից:

2016-ին «Ա1+»-ում աշխատած, այժմ Forrights.am կայքի լրագրող Ռոբերտ Անանյանն այդ օրը հարձակման ենթարկված լրագրողներից է։ Նրա համար ծիծաղելի է գործի կասեցման հիմքը` «հայտնի չէ մեղադրյալ անձը»:

Լրագրողը կապ է տեսնում Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի դեմ՝ այս գարնանը տեղի ունեցած հեղափոխության օրերին պաշտոնական լիազորություններն անցնելու համար հարուցված քրեական գործի ու լրագրողների դեմ հարձակման քրեական գործը կասեցնելու միջև։ Երանոսյանի նկատմամաբ քրեական հետապնդում է իրականացվում 2018թ․ ապրիլի 16-ին Երևանի Բաղրամյան պողոտայում և ապրիլի 22-ին Երևանի Արցախի պողոտայում ոստիկանության կողմից հանրահավաքների մասնակիցների նկատմամբ հատուկ միջոցներ՝ մասնավորապես լուսաձայնային նռնակեներ կիրառելու համար։ Նույն Երանոսյանի ներկայությամբ 2016-ին  հատուկ միջոցներ կիրառվե եմ Սարի Թաղում։

«Ականատես լրագրող ընկերներս կվկայեն, որ Սարի թաղում Երանոսյանի ու ընկերների գազանություններն ավելի կատաղի բնույթ են ունեցել, քան ապրիլի 16-17-ին։ Երկու իրադարձությանն էլ ներկա եմ եղել, իսկապես անհամեմատելի էին։

Ինչպե՞ս է հնարավոր մի դեպքում նկատել Երանոսյանի ապօրինի հրամանը, մյուս պարագայում` անտեսել ավելի ծանր հետևանքներ առաջացրած ապօրինի հրամանը»,- Ֆեյսբուքում կատարած գրառմամբ հարցնում է լրագրողը:

Սարի թաղի դեպքերի ժամանակ տուժած ֆոտոլրագրող Գևորգ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում նույնպես անդրադարձել է ՀՔԾ-ի որոշմանը, նշելով. «Սարի թաղի դեպքերի ժամանակ ամբողջ ընթացքում եղել եմ կիզակետում և սպառնալիքներից ու ֆիզիկական ճնշման դեպքերից զատ կրել գրեթե 1 մլն դրամի վնաս։ Ամբողջ պատմության դրամատիկ ընթացքի կենտրոնում մի տեսանյութ է եղել։ Ֆոտոխցիկիս ամրացված էր Canon-ի մեկ այլ՝ արդեն վիդեոխցիկ, որը ֆիքսել է տեղի ունեցող ամեն ինչ, այդ թվում և սպառնալիքները՝ ձայները, խոսքերը և այլն ․․․ ցավոք, ինձ վստահեցրին, որ տեսախցիկը տվյալ վիդեոյով չկա ու չի գտնվել։ Խնդիրն այն է, որ ես տեսել եմ, թե ինչպես են ոստիկանության զորքերից դա գետնից վերցնում։ Մի բան է միայն մնում ենթադրել, որ նպատակային ոչնչացվել է հենց շարքային ոստիկանների կողմից»։
Լրագրողը նշել է, որ նախորդ իշխանությունների օրոք երկու անգամ լրագրողների դեմ գործողությունների թիրախն է եղել (Էլեկտրիկ Երևան, Սարի Թաղ) և երկու անգամ էլ պայքարել է դատական ատյաններում։  «Գնացել եմ մինչև վերջ ու հիմա էլ գնալու եմ մինչև վերջ»,-գրում է ֆոտոլրագրողը։

Գևորգը Media.am-ին ասաց, որ իր գործերից մեկը՝ 2015-ին #ElectricYerevan-ի դեպքերի հետ կապված, ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեում է։ Սարի Թաղի գործը նա պատրաստվում է քննարկել իր փաստաբանի հետ և որոշում կայացնել։

Նույն գործով տուժող ճանաչված, 1in.am-ի լրագրող Մարիամ Գրիգորյանը Media.am-ին ասաց, որ իր հետագա քայլերը դեռ քննարկում է:

Որոշման հետ կապված հակասական մեկնաբանությունները հաշվի առնելով ՀՔԾ-ն այսօր հայտարարություն է տարածել՝ նշելով, որ տվյալ քրեական գործով վարույթը չի կարճվել, այլ կասեցվել է, ինչն ամենևին չի ենթադրում, որ քրեական գործով կատարվող քննչական գործողությունները և օպերատիվ-հետախուզական միջոցառումները դադարեցվել են:

«Անհրաժեշտության դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 260-րդ հոդվածի համաձայն` քրեական գործով կասեցված վարույթը կարող է վերսկսվել և կատարվեն դատավարական գործողություններ, այդ թվում` առանց մեղադրյալների մասնակցության»,-նշվում է հայտարարության մեջ:

Ռոբերտ Անանյանն ասում է, որ բոլոր գործերն էլ կասեցնելիս ասում են, որ չի դադարեցվում աշխատանքը: «Դա անընդունելի պնդում է, քանի որ մեր գործով ապացույցներն անքան շատ են, որ 2 տարվա ընթացքում հնարավոր չէր մեղավոր անձանց չհայտնաբերել: Կա Լևոն Երանոսյան, որը ապօրինի կերպով կիրառել է հատուկ միջոցները, կան ոստիկաններ, որոնք խոչընդոտել են մեր աշխատանքը` ավտոմեքենայից դուրս շպրտելով: Բոլոր տեսանյութերը կան, էլ դրանից այն կողմ ոչ մի ապացույց պետք չի: Այսինքն` շատ ծիծաղելի բացատրություն է, որ շարունակվում են: Մինչև հիմա ոչինչ չեն արել, և սրանից հետո էլ չեն անելու»:

Գևորգ Ղազարյանն էլ անիմաստ է համարում ինչ-որ բան ասելը. «ՀՔԾ-ն պետք է գործ անի, ոչ թե պատասխան հայտարարություններ տարածի ու փորձի արդարանալ»:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանի համար այս որոշումը սպասելի էր, քանի որ, ըստ նրա, 2 տարուց ավել է անցել, բայց որևէ առաջընթաց այս գործով, բացի 9 հոգու մեղադրանք առաջադրելուց, չի գրանցվել: Ավելին՝ վերջին 1.5 տարվա ընթացքում որևէ նոր մեղադրյալ կամ նույնիսկ կասկածյալ չի հայտնվել:

ՀՔԾ-ի՝ վարույթը կասեցնելու հիմնավորումը բնական է համարում. «Եթե տարիներ շարունակ ակտիվ գործողություններ չես իրականացնում և չես փնտրում, բնական է չես գտնի: Եթե այն ժամանակ օպերատիվ գործողություններ իրականացնեին, մանրամասն ուսումնասիրեին այն փաստերը և այն տեսա և ֆոտոկադրերը, որոնք համացանցում և տարբեր լրատվամիջոցների արխիվում են առկա, կարծում եմ բարդություն  չէր լինի այդ գործը բացահայտելը»:

Աշոտ Մելիքյանն ասում է, որ արդեն բարդացել է բացահայտումը: «Եթե վարույթը կասեցվում է, բնականաբար, այդքան ակտիվորեն չեն զբաղվի այդ գործով, և կարելի է համարել, որ այս կասեցումը հավասարազոր է կարճման կամ դրա առաջին քայլն է: Սա չի կարող հանգիստ ընդունվել և լրագրողական համայնքի, և հասարակության կողմից»:

ԽԱՊԿ-ն նաև պաշտպանում է #ElectricYerevan-ի և Սարի թաղի դեպքերի ժամանակ տուժած 5 լրագրողների, այդ թվում՝ Մարիամ Գրիգորյանի շահերը և պատրաստվում է սատարել նրանց, որ բողոքարկեն նաև այս որոշումը՝ Հայաստանում և Հայաստանից դուրս:

Անահիտ Դանիելյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?