Լրատվամիջոցներին տրվող անհատույց տարածքների կարգը կփոխվի

21.02.2019, Նյուսրում

Լրագրող

Պետական տարածքների անհատույց տրամադրման կարգի փոփոխությունից կարող են լրատվամիջոցներ տուժել: Պետական գույքի կառավարման վարչությունը պատրաստվում է անհատույց տարածքների տրամադրման կարգի փոփոխության նոր առաջարկ անել կառավարությանը:

Երևանի Արշակունյաց 2 հասցեում գտնվող Մամուլի շենքում և Իսահակյան 28 հասեցում տեղակայված լրատվամիջոցները գրություն են ստացել Պետական գույքի կառավարման վարչությունից (ՊԳԿՎ), որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետներում ազատեն պետության կողմից իրենց տրվող անհատույց տարածքները: Դա մտահոգության առիթ է տվել լրատվամիջոցներին, քանի որ նրանց աշխատանքը պարզապես կարող է կաթվածահար լինել:

Պետական գույքի կառավարման վարչությունից (ՊԳԿՎ) խմբագրություններին տեղյակ են պահել, որ տարածքները վաճառելու համար էլեկտրոնային աճուրդ է անցկացվելու։ Խմբագրությունները նույնպես կարող են մասնակցել իրենց տարածքների աճուրդներին։

Լրատվամիջոցներում հույս են ունեցել, որ ժամանակի ընթացքում հնարավոր կլինի այդ տարածքները մասնավորեցնել ուղիղ ճանապարհով, առանց աճուրդի։

Իսահակյան 28 հասցեում պետական տարածք զբաղեցնող միակ լրատվամիջոցն այս պահին «Արմինֆո» լրատվական գործակալությունն է, որն առաջինն է բարձրաձայնել այս խնդրի մասին:

Գործակալության տնօրեն Էմանուիլ Մկրտչյանն ասել է, որ իրենց այլ տարածք տեղափոխելու առաջարկ չի արվել և իսկ իրենք նման հնարավորություն չունեն էլ:

Անհատույց տարածքներում աշխատող խմբագրությունները բավարար միջոցներ չունեն տարածքի համար վճարելու, ինչպես նաև սուղ ժամկետներով աշխատանքի կազմակերպման հարմար տարբերակ գտնելու համար:

Media.am-ի հետ զրույցում ՊԳԿՎ պետական գույքի վարձակալության և անհատույց օգտագործման բաժնի պետ Աննա Վարդազարյանը հայտնում է, որ նման գրություններ ուղարկվել է ոչ միայն այս լրատվամիջոցներին, այլև՝ պետական տարածքներում աշխատող այլ կազմակերպությունների:

«Հաշվի առնելով լրատվամիջոցների գործունեության բնույթը, այս պահին վարչությունում քննարկում ենք նրանց պայմանագրերը երկարացնելու հարցը՝ մինչև լինի փոփոխություն կառավարության որոշման մեջ»,-ասում է Աննա Վարդազարյանը:

Դեռ կառավարության որոշումը չկա: Լրատվամիջոցների հետ նախկինում 5 տարով կնքված պայմանագրերը մոտենում են ավարտին: Տարածքների անհատույց տրամադրման չափորոշիչները սահմանել է Մշակույթի նախարարությունը: Տարածքների համար լրատվամիջոցները վճարել են միայն սպասարկման վճար:

Բողոքը մեղմելու համար վարչությունն առաջարկել է լրատվամիջոցներին դիմում գրել, որ անհատույց տրամադրման պայմանագրերը երկարաձգվեն, մինչև պարզ լինի փոփոխությունների տրամաբանությունը:

Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը պետական գերատեսչության կողմից առանց քաղաքական որոշման նման քայլը համարում է ինքնիրավչություն: Լրատվամիջոցներից շատերը, ըստ նրա, կարող են փակվել կամ ֆինանսական խնդիրներ ունենալ:

«Որևէ կերպ չի կարող ընդունելի լինել առանց պետական քաղաքականության փոփոխության նման գործողությունները: Սա լրագրողական համայնքի խնդիրն է, մտահոգությունները շատ են, քանի որ պարզ չէ, ինչ կա այդ որոշման հետևում»,-ասում է Նավասարդյանը:

ՊԳԿՎ գործողություններն, ըստ Նավասարդյանի, պետք է ունենան հիմնավորումներ, ինչպես նաև բացատրություններ, թե ինչ է սպասվում կարգի փոփոխությամբ:

Նրա խոսքով, հարցով  հատկապես պետք է զբաղվեն նորընտիր ԱԺ-ի լրագրող պատգամավորները, քանի որ նրանք լավ են պատկերացնում լրատվական դաշտի խնդիրները:

Նախկին լրագրող, այժմ ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանը խնդրին դեռ ծանոթ չէ․ «Բայց ես իմ տեսակետն ունեմ, որ պետությունը պետք է սատարի լրատվամիջոցներին»։

Գայանե Ասրյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?