Ֆեյսբուքահայերը պայքարում են ԶԼՄ-ների ապատեղեկատվության դեմ

17.06.2011, Նյուսրում

Մի խումբ ֆեյսբուքահայեր պայքարում են լրատվամիջոցների կողմից տարածվող ապատեղեկատվությունների դեմ: «Հոգնել ենք ստի մեջ ապրելուց» նախաձեռնության անդամները ԶԼՄ-ներին կոչ են անում հրաժարվել «անպատասխանատու եւ գիտակցաբար կեղծիք տարածելու գործելաոճից»:

Խմբի անդամներն իրենց էջում տեղադրում են ապատեղեկատվություն պարունակող հոդվածներ (փաստեր բերում դրանց ապատեղեկատվություն լինելու վերաբերյալ), լրագրողական էթիկայի կանոնագրեր եւ ԶԼՄ-ների մասին ֆեյբուքահայության շրջանում հարցումների արդյունքներ:

«Մեր խմբի նպատակը լրատվամիջոցներին սեւացնելը չէ, ընդհակառակը՝ ուզում ենք օգնել ստեղծել ավելի պատասխանատու լրատվամիջոցներ Հայաստանում»,- ասում է նախաձեռնության հեղինակներից Հայկ Հայրապետյանը:

Նրա խոսքերով՝ մեր երկրում կեղծ տեղեկատվության տարածումն արդեն խոշոր չափերի է հասել, լրատվամիջոցների խմբագիրները բացեիբաց հայտարարում են, որ տարածվող տեղեկատվության հիմնական մասը իրականությանը չի համապատասխանում:

«Բայց կեղծիք տարածելու համար պատասխանատվությունից խուսափելու նպատակով հղում են տալիս կեղծիքի աղբյուրին` առաջնորդվելով «սուտը կրկնելը սուտ չէ» մոտեցմամբ»,- ասում է նա:

«Հոգնել ենք ստի մեջ ապրելուց» համայնքը ստեղծվել է Կարմիր խաչ ընկերության մասին մի քանի լրատվամիջոցներիհրապարակումներից հետո, երբ հղում կատարելով Parze բլոգերի գրառմանը՝ որոշ ինտերնետային կայքեր գրել էին, թե ընկերությունը ժամկետանց եւ օտար սպերմատազոիդներ պարունակող պահպանակներ է բաժանում անչափահաս երեխաներին:

«Մինչ այդ հոդվածների հրապարակվելը, ինչպես բոլոր մյուս քաղաքացիները, կարծում էի, թե այն ապատեղեկատվությունը, որ ամեն օր հոսում է մեր լրատվամիջոցների առատ աղբյուրներից, ինձ չի վերաբերում, բայց այս կեղծիքից մինչեւ սրտիս խորքը վիրավորվել էի»,- ասում է Հայկը:

Հայկն ու իր ընկերները փորձեցին իրենց վրդովմունքը հայտնել՝ այս տեղեկությունը հրապարակած լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջերում մեկնաբանություներ թողնելով:

«Սակայն խմբագիրները ջնջեցին մեր մեկնաբանությունները եւ արգելափակեցին մեր մուտքն իրենց էջ»,- ասում է նա՝

81

հավելելով, որ ապշել էին նման գրաքննությունից:

Լրագրող-բլոգեր Արթուր Պապյանն անիմաստ է համարում բլոգերներից ու լրատվամիջոցներից ճիշտ տեղեկատվություն պահանջնելն ու այդ պահանջների շուրջ միավորվելը: Նա գտնում է, որ այս պատմության մեջ ներքաշված լրատվամիջոցները` սենսացիայի հետեւից ընկած, շատ բնական են իրենց պահել` հրապարակել են սենսացիոն նյութ:

«Եթե նրանք հարկ եղած կարգով հղում են տվել սկզբնաղբյուրին` ամեն ինչ ճիշտ է, եթե ոչ` նրանց պետք է դատական կարգով պատասխանատվության ենթարկել: Բլոգերներն էլ պետք է ազատություն ունենան գրել այն, ինչ ուզում են, իսկ վիրավորելու ու զրպարտելու դեպքում նույնպես դատական կարգով պատասխանատվության ենթարկվեն»,- ասում է լրագրող-բլոգերը:

Արթուր Պապյանի խոսքերով՝ ընթերցողները հզոր զենք ունեն՝ իրենց վստահությունը, եւ չպետք է վստահեն այն բլոգերին ու կայքերին, որտեղ տեղեկատվության որակը իրենց չի գոհացնում:

«Ընտրեք ձեզ հարմար ու համապատասխան լրատվամիջոց: Ձեր գիտակից պահվածքը, որպես լրատվական արտադրանքի սպառող, շատ ավելի մեծ դեր կարող է խաղալ Հայաստանում լրատվության որակը բարձրացնելու գործում, քան հազար հատ ֆեյսբուքյան խմբերի ստեղծումն ու ստորագրահավաքները»,- ասում է նա:

Լրագրող-բլոգգերը գտնում է, որ ֆեյսբուքյան էջից մեկնաբանությունները ջնջելը խոսում է այն մասին, որ այդ էջերը ոչ թե ընթերցողի հետ ընկերանալու, այլ քլիքեր գողանալու, գլխաքանակ ապահովելու համար են: Դրա համար ընթերցողներին խորհուրդ է տալիս «անլայք» անել այն էջը, որն իրենց դուր չի գալիս եւ գնալ ավելի «ընկերաբար» տրամադրված էջեր:

­­­

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?