Մեդիամարտ ընդդեմ կոռուպցիայի. «Դե, արի, արի, արի տուն» (II մաս)

26.06.2017, Քննադատ

Գրող, կինոդրամատուրգ:

«Մեդիամարտը» խաղ է, որ ստեղծվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (ՄՆԿ) կողմից, լրագրությամբ հետաքրքրվողների համար։ Անկախ Հայաստանի մեդիան արդեն ավելի քան քառորդ դարի պատմություն ունի, բայց կոռուպցիայի լուսաբանումը, կոռուպցիայի դեմ նրա պայքարը ավելի շատ դեռ խաղի է նման, գոնե արդյունավետության տեսանկյունից։

4. «Դե, արի, արի, արի տուն» - 2

Պաշտոնյաները, նույնիսկ գործարարներից ու լրագրողներից ոմանք համարում են, որ Հայաստանում կոռուպցիայի չափ կամ երբեմն ավելի մեծ խոչընդոտը սփյուռքահայ գործարարների համար միջավայրերի, մտածողության տարբերությունն է։ Վիճակը պատկերավոր է նկարագրել Վահագն Հովնանյանը (1932-2015)՝ ելնելով ավելի քան երկու տասնամյակի իր փորձից.

Իսկ ի՞նչ է արվել գործնականում, որ առարկայական ու ենթակայական թերությունները վերացվեն։ 2011 թվականին, դիցուք, Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ է ստեղծվել, որի հրավիրած հավաքներից մեկին մասնակցել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը։

Նա հայտարարել է, որ «3 տարի առաջ սրա մասին խոսք չէր կարող գնալ, հիմա մենք բացեիբաց խոսում ենք թերությունների մասին, և այդպես առաջ ենք գնալու» («Սփյուռքահայ ներդրողների շահերը, հայրենիքի պատիվն ու ՊԵԿ-ի ներկայացուցիչը», «Հետք», 24.02.2012, հեղինակ՝ Քրիստինե Աղալարյան):

Ալավերդյանը ՀՀ ամենաերկարակյաց պաշտոնյաներից է, 1991-ից աշխատել է հարկային մարմիններում, 1995-ից՝ փոխնախարարի կարգավիճակով։ Թե ինչո՞վ է զբաղված եղել նա 13 տարի տարբեր նախարարների «տեղակալելով», եթե թերությունների մասին միայն «3 տարի» է, ինչ կարելի է խոսել, հանելուկ է։

Մինչդեռ քննարկման մասնակից ամերիկահայ ներդրող Էդմոնդ Խուդյանը ինչ-որ վերացական թերությունից չի բողոքում, այլ իրավապահ մարմինների աղաղակող կողմնակալությունից՝ Խուդյանի պահանջով քրեական գործ է հարուցվել տասնյակ միլիոնների գումար իրեն «քցելու» վերաբերյալ, բայց  պատասխանատու անձին ութ ամսում գոնե մեկ անգամ հարցաքննության չեն հրավիրել։

Նույն հավաքի մասնակիցները հիշեցնում են մի խումբ ԱՄՆ «կոնգրեսականների կարճաժամկետ այցը Հայաստան, որի ժամանակ նրանք նախագահի և ԱԺ նախագահի հետ հանդիպումներում բացահայտ ասել են, որ Հայաստանը տանուլ է տալիս, որովհետև բարենպաստ ներդրումային միջավայր չունի, անգամ սփյուռքի հայ գործարարները չեն ցանկանում Հայաստանում գործ դնել»։

«Հետքի» հեղինակ Քրիստինե Աղալարյանը հիշում է սփյուռքահայ գործարարի, որը մահացել է բանտում։ Լրագրողի կարծիքով, թերևս միայն մեդիան կարողանար օգնել, որ նրա կյանքը այդպիսի ողբերգական ավարտ չունենար։

Օտարազգի ներդրողների վիճակը բնականաբար ավելի բարդ պետք է լինի, քան սփյուռքահայերինը՝ շփման ընդհանուր լեզվի և ծանոթ-բարեկամի ենթադրական բացակայության պատճառով։ Տարօրինակ չէ, որ ամերիկացի ներդրող Դեյվիդ Բեքեթը «սեմյուելբեքեթյան» անհեթեթ մի իրականություն է բացահայտում։

Առավոտ օրաթերթի լրագրող Նելլի Բաբայանի հետ զրույցում («Հայաստանում համակարգված սպանում են փոքր բիզնեսը», 28.08.15) նա նկարագրում է, թե ինչ քայլերով են պետական պաշտոնյաները «համակարգված սպանում փոքր բիզնեսը»։

ԱԻՆ-ի այցը՝ ակտ, 50 հազար դրամ տուգանք, առանց նախազգուշացման ու ժամանակ տալու։ «Լուսավորության համար էլ էին ուզում տուգանել, բայց լամպերի կոդերը չգտան ու չտուգանեցին»: Մաքսավորներ, որ «բաց տեքստով կաշառք են ուզել… Չվճարեցինք ու մեր սուրճը դիտավորյալ 3 շաբաթ պահեցին մաքսայինում»:

Ամերիկացին մտահոգված է չհիմնավորված հսկիչ գներով. «Հայաստանը բոլոր կողմերից փակ սահմաններ ունի, իսկ մաքսայինի պատճառով մեզ մոտ գները 20-25% բարձր են լինում տարածաշրջանում, իսկ վերջնական գինը սպառողի համար ավելի բարձր է լինում»:

Ապա գալիս է «սանէպիդկայանը» կամ առողջապահական պետական տեսչությունը՝ 300 հազար դրամ տուգանք։ «Երբ տեսնում ենք, որ ամբողջ համակարգը ունի պատժելու մեխանիզմ, այլ ոչ թե աջակցելու, դա շատ է հիասթափեցնում, ավելին ասեմ՝ պատժելու մեխանիզմը հենց այդ կաշառակերության միջավայրն է սկսում սնել»:

Թանկ ու մենաշնորհված են ՀԴՄ սարքերը. «ՀԴՄ-ների միջոցով հարկայինին տեսանելի է, թե տվյալ օբյեկտում, ասենք՝ որ ուտեստը կամ խմիչքը պահանջարկ ունի, և նրանք կարող են հանգիստ տվյալ օբյկետի բիզնես գաղտնիքներն «իրենցով անել» ու նույն բիզնեսից հիմնել»։

Բացի այդ, երբ ՀԴՄ սարքը խափանվել է կամ հոսանքն անջատվել, Դեյվիդ Բեքեթը, որը «Գրին բին» սրճարանի հիմնադիրներից և սեփականատերերից մեկն է, ստիպված է եղել դադարեցնել աշխատանքը՝ վնաս կրելով, հաճախորդ կորցնելով. «ՀԴՄ սարքերը սպասարկող ընդամենը 1 ընկերություն կա, որը մինչև ժամը 17.00-ն է աշխատում... Ես ծախսում եմ միջինում 20%-ից ավելի այն ապրանքի համար, որը ձեռք եմ բերում ոչ թե անմիջապես գյուղացուց, այլ՝ այլ մատակարարողներից, միայն այն պատճառով, որովհետև պարտավոր եմ ՀԴՄ կտրոն տրամադրել իմ գործարքների համար»:

Նրան սխալ է թվում նաև եկամտային հարկը գործատուի ուսերին դնելը, որի պատճառով չի կարողանում հարկ եղածին պես բարձր աշխատավարձեր սահմանել:

«Ազնիվ բիզնեսը Հայաստանում թանկ հաճույք է և մեծ գլխացավանք»։

Հետաքրքիր է, որ տարիուկես այս հոդվածից անց «Նյումեգ» հանդեսն է հարցազրույց վերցնում Բեքեթից, որը վերնագրված է՝ «Հայաստանն, այո, ռիսկային վայր է ներդրում անելու համար, բայց չեմ կարծում, թե անհնար է ու այդքան վախենալու»։

Սա կարող է մի կողմից պայմանավորված լինել լրատվամիջոցի լավատեսական «ուղղվածությամբ», մյուս կողմից, փաստը, որ սրճարանը շարունակել է գործել, ցույց է տալիս, որ Դեյվիդն ու իր գործընկերները, ի վերջո, դժվարությունները հաղթահարել են։

Առցանց« Առավոտի» խմբագիր Աննա Իսրայելյանի կարծիքով, անպայման իրենց դերն են խաղացել խնդիրների բարձրաձայնումը, մեդիան։

Ներդրումների ոլորտի համեմատ շատ ավելի բարդ դրության մեջ է մեդիան՝ կոռուպցիան լուսաբանելիս: Լրագրողները հաճախ բախվում են պետական գաղտնիքի գործոնին:

(Շարունակելի)
Հոդվածաշարի սկիզբը՝ այստեղ  

Վահրամ Մարտիրոսյան, ՄՆԿ «Լրատուն» մեդիա-թանգարան նախագծի ղեկավար

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?