Հոկտեմբերի 27-ի օրը դեռ սթրես է ԱԺ-ում եղած լրագրողների համար

23.05.2017, Խաչմերուկ

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունից 18 տարի անց էլ, երբ  խորհրդարանի նիստերի դահլիճում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ տեղի ունեցավ զինված հարձակում, որին զոհ գնացին երկրի վարչապետը, Աժ նախագահն ու ևս վեց պետական գործիչներ, նիստը լուսաբանող լրագրողներից շատերը մինչև հիմա նշում են՝ դա մի սթրես էր, որն այդպես էլ չբուժվեց:

Առցանց «Առավոտի»-ի խմբագիր, լրագրող Աննա Իսրայելյանը պատմում է, որ դեպքից հետո օրեր անց էլ, երբ մտել է խորհրդարանի դահլիճ, օդում զգացել է վառոդի հոտը:

«Բնականաբար նման բան չկար նախկինում: Իսկապես դա մի  հսկայական  սթրես էր, ու հաստատ մեզնից ոչ ոքի մոտ մարդ չէին սպանել, կամ չէինք հայտնվել նման սարսափելի իրավիճակում: Այդ պահին, իհարկե ինձ թվում էր, որ ես շատ հանգիստ ու  հավասարակշռված վիճակում եմ ինձ պահել, անգամ հարցերի էի պատասխանել, սակայն` ավելի ուշ, երբ ես նայում էի  ձայնագրությունները, տեսնում էի, որ աչքերս ուղղակի չռված են»,- հիշում է Իսրայելյանը:

Նույն օրը խորհրդարանի աշխատանքներն էր լուսաբանում նաև «Ռեսպուբլիկա Արմենիա»-ի լրագրող Գոհար Սարգսյանը: Նա պատմում է, որ էլեկտրականացած  մթնոլորտ էր տիրում, և այն, ինչ ապրել է 18 տարի առաջ, վերապրում է ամեն անգամ, երբ սենյակում ինչ-որ մի իր է հատակին ընկնում:

«Ես հիմա ամեն մի թրխկոցից վեր եմ թռնում: ԱԺ  բրիֆինգների սենյակում, որտեղ ասուլիսներն են տեղի ունենում, պատահել է, որ տեսախցիկ կամ ձայնագրիչ է ցած ընկնում, լրագրողներից նրանք, ովքեր եղել են  հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում, կրակոցների օրը, միանգամից վեր են թռչում: Դա մի ահավոր բան էր, որ ապրեցինք ու շարունակում ենք վերապրել բոլորս»,- ասում է լրագրող Սարգսյանը:

Հաճախ սթրեսները, դեպրեսիաներն ու տագնապները  ճակատագրական են դառնում, և լրագրության գործին լծվածներից շատերը հրաժարվում են իրենց նախընտրած մասնագիտությունից:

«Այդ օրը խորհրդարանում մեր շարքում նստած էին բավականին երիտասարդ լրագրող աղջիկներ: Նրանք իմ երեխաներից էլ փոքր էին, ու երբ բոլորս պառկել էինք հատակին, ես տեսնում էի, թե ինչպես են դողում այդ աղջիկների ոտքերը: Այդ չարաբաստիկ դեպքից հետո նրանցից մի քանիսը այլևս ոտք չդրեցին խորհրդարան, հրաժարվեցին լրագրությունից»,- հիշում է Գոհար Սարգսյանը:

Աննա Իսրայելյանն էլ համոզված է՝ «չբուժված սթրես»-ը տարիներ շարունակ ապրում է իրենց հետ:

«Այդ օրը Լարիսա Ալավերդյանը կապվել էր մեզ հետ և ասում էր, որ դիմենք որևէ հոգեբան մասնագետի և փորձենք հետվերականգնողական շրջան անցնել սթրեսից ազատվելու համար: Բայց այդ մշակույթը հաստատ մեզանում չկա, մենք այդ բանը չարեցինք»,- ասում է նա:

Ի՞նչ պետք  է անի լրագրողը նման իրավիճակներում: Գոհար Սարգսյանը ասում է. «Արժանապատիվ պահի իրեն, չաղմկի, չլացի: Մեր կողքին եղել են նաև գոռգոռացող, անզգույշ շարժումներ անողներ: Հարկավոր է մեծ զգոնություն պահպանել, նման իրավիճակներում կարևոր է դառնում ամեն արված շարժումը, ամեն մի խոսքը: Ոչ ոք չէր սպասում, բայց նման դեպքերում պետք է կարողանաս հավաքվես ու տիրապետես քեզ»:

Աննա Իսրայելյանն էլ հիշում է «Ազատության» լրագրող Ռուզաննա Խաչատրյանին, ով հարձակման ժամանակ հասցնում է իջեցնել հեռախոսի ձայնը:

«Այսինքն Ռուզանը կարողացել էր արագ կողմնորոշվել, թվում է մանրուք է, բայց խիստ կարևոր, ամեն մի շարժումն ու ձայնը այդ պահին նշանակություն ուներ»,-հիշում է Իսրայելյանը:

Եթե պատերազմ լուսաբանող լրագրողները կրում են պաշտպանիչ բաճկոն կամ սաղավարտ և գիտակցում իրենց սպասող վտանգի մասին, ապա քաղաքացիական կյանքում աշխատող լրագրողները անսպասելիորեն են հայտնվում նման իրավիճակներում:

«Բնականաբար այստեղ մենք բացարձակ անպաշտպան էինք, ու ես ամեն առիթ պետք է օգտագործեմ ասելու, թե ինչպես «Ռեսպուբլիկա Արմենիա»-ի թղթակից Գոհար Սարգսյանը համարձակություն ունեցավ տեղի ունեցածից  ընդամենը 15-20 րոպե հետո ձեռքով կանչել Նաիրիին ու ասել, որ բաց թող լրագրողներին ու ԱԺ աշխատակազմի անդամներին»,-պատմում է Աննա Իսրայելյանը:

Գոհար Սարգսյանը հիշում է՝ այդ պահին վախ չի ապրել, մտածել է, որ կրակոցները դադարել են, ոտքի է կանգնել ու, դեպի իր կողմը կանչելով Նաիրի Հունանյանին, առաջարկել թույլ տալ լրագրողներին դուրս գալ դահլիճից:

«Հետագայում ձայնագրությունները դիտելիս հասկացա, որ հենց կրակոցների տակ եմ վեր կացել ու խոսել նրա հետ: Որպես լրագրող էի նրան ճանաչում: Շարքերից լսեցի, որ ասում են Նաիրի, իսկ այդ ժամանակ երկու լրագրող Նաիրի կային: Իմ պառկած տեղից նա չէր երևում, բայց երբ ասացին Հունանյան... հիմա արդեն չեմ էլ հիշում ինչպես եմ իմ պառկած տեղից վեր կացել, ահավոր հայհոյում էին, սպանվածներ...ես միայն մտածում էի դահլիճից դուրս գալու մասին...»,-պատմում է Գոհար Սարգսյանը:

Այնուհանդերձ, տարիների հեռվից վերլուծելով իրավիճակը, լրագրողը նշում է, որ եթե Աստված չաներ ու երկրորդ անգամ նման իրավիճակում հայտնվեր, ո՛չ ինքը դուրս կգար դահլիճից, ո՛չ էլ լրագրողներին դուրս կբերեր:

«Ինձ շատ եմ մեղադրել այդ քայլի համար: Չեմ մտածում, որ սխալ էր` մեր մեջ կային նաև հիվանդ մարդիկ, շատ վախեցածներ, բայց միևնույն է կմնայի ներսում լրագրողի իմ պարտքը կատարելու համար: Ես կյանքիս հարցը մի կողմ եմ դնում: Բայց այդպիսին չես դառնում լրագրող աշխատելու ժամանակ, մարդը կամ այդպիսին ծնվում է, կամ ոչ»,- ասում է Սարգսյանը:

Լրագրող Աննա Իսրաելյանն էլ դժվարանում է  պատկերացնել, որ հնարավոր է լիովին սովորեցնել ու առավելագույնս ճշգրտությամբ մոդելավորել ամբողջ այն արտակարգ  իրավիճակը, որում կարող է հայտնվել լրագրողը:

«Մինչև հիմա էլ ինձ համար հստակ չէ, օրինակ մենք պե՞տք է մնայինք դահլիճում`շարունակելով լուսաբանել, թե՞ ճիշտ էր այն, ինչ մենք արեցինք՝ դուրս եկանք ու փորձեցինք ինչ-որ անվտանգ տարածությունից դա անել: Հոկտեմբերի 27-ից հետո մեր հասցեին եղել է քննադատություն, որ մենք  ճիշտ չենք արել, որ չենք մնացել պատանդների կողքին: Այդ հարցը իրոք ինձ մտատանջությունների տեղիք էր տալիս, արտերկրի իմ գործընկերներին դիմում էի, նրանք ասում էին, որ իհարկե առաջին հերթին պետք է քո ապահովության հարցը լուծես ու շարունակես լուսաբանել անվտանգ վայրից»,-ասում է Իսրայելյանը:

Ըստ նրա՝ խնդիրը ոչ թե կանոնակարգումների հարցն է, այլ լրագրողի  անձնական ընտրության, ինչ-որ տեղ անգամ լրագրողի  ինքնազոհողության պատրաստ լինելու հարցն է:

«Հեշտ չէ ասել, որ նորից կրակ չէին բացի, ով որ եղել է այդ դահլիճում կհասկանա ինձ, որ Նաիրին գոնե առաջին պահերին բորբոքված ու անկառավարելի  վիճակում էր, որ երաշխիք չկար, որ նորից կրակ չէին բացի,ու նոր զոհեր չէին լինի:  Մարդը, որ մտել է ու կրակում է աջ ու ձախ, ի՞նչ երաշխիք, որ քեզ վրա էլ չի կրակի: Կարծում եմ, այս հարցում խորհուրդ տալ կամ ինչ-որ մի վարքականոն մշակելը չափազանց դժվար է: Սա յուրաքանչյուր լրագրողի անձնական  ընտրության հարցն է, ինչպես վարվել այդ դեպքում, միանշանակ լուծումներ հաստատ չկան»,-ասում է Աննա Իսրայելյանը:

 

Գայանե Մկրտչյան

 

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?