16 քաղաքացիներ միասնական դատական հայց են ներկայացրել «Իրավունք» թերթի դեմ` իրենց պատիվն ու արժանապատվությունը արատավորելու համար:
Դատարան դիմելու պատճառ է դարձել 2014 թվականի մայիսի 17-ին «Իրավունք»-ի կայքում հրապարակված «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի եւ պետության թշնամիների սեւ ցուցակը» հոդվածը, որտեղ թերթը ներկայացնում է 60 անձանցից բաղկացած «սեւ ցուցակ»` նրանց ֆեյսբուքյան էջերի հիպերհղումներով, եւ կոչ է անում «զրո հանդուրժողականություն» ցուցաբերել նրանց նկատմամբ, դադարեցնել շփումը, չընդունել աշխատանքի եւ հեռացնել պետական ծառայությունից:
Քաղաքացիներն «Իրավունք»-ից պահանջում են հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենցից` տեքստը տեղադրելով լրատվամիջոցի կայքում, ինչպես նաեւ 5 միլիոն դրամ փոխհատուցել վիրավորանքի համար:
«Այդ հոդվածը ոչ միայն արատավորում է մեր պատիվն ու արժանապատվությունը, այլեւ պարունակում է վիրավորանք, ատելության եւ խտրականության կոչ: Հոդվածի հեղինակը մեզ անվանել է ազգի եւ պետության թշնամի, ինչն իրականում, նույն ազգային անվտանգության մոտեցումներից ելնելով, շատ լուրջ հանցանք է»,- ասում է դատարան դիմած քաղաքացի, «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» («Փինք Արմենիա») հասարակական կազմակերպության նախագահ Մամիկոն Հովսեփյանը:
Նրա խոսքով` դատարան դիմելուց առաջ փորձել են այլ եղանակով հարթել խնդիրը, սակայն չի հաջողվել:
«Նախքան դատարան դիմելն, իհարկե, փորձեցինք ավելի քաղաքակիրթ լուծում գտնել, հերքման պահանջ ուղարկեցինք խմբագրություն` հուսալով, որ իրենք հերքումը կհրապարակեն եւ դրանով ամեն ինչ կսահմանափակվի: Բայց հակառակ դրա` նորից հրապարակվեց հերքում պահանջողների անունները, եւ դարձյալ սուտ տեղեկատվության միջոցով փորձ արվեց ընթերցողների ուղեղների լվացում անել»,- ասում է Մամիկոն Հովսեփյանը:
Թերթի դեմ դատական հայց ներկայացրած մեկ այլ քաղաքացու` «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Էլվիրա Մելիքսեթյանի կարծիքով` «Իրավունք»-ի հոդվածը զրպարտության ու պիտակավորման ամենակոպիտ օրինակ է:
«Նախկինում էլ եղել են դեպքեր, երբ «Իրավունք»-ը զրպարտել կամ վիրավորանքներ է հնչեցրել անձամբ իմ հասցեին, բայց այս անգամ արդեն բոլոր հնարավոր ու անհնարին չափ ու սահմաններն անցել են: Այն պիտակները, որ նրանք դրել են մեզ վրա, շատ պատասխանատու հայտարարություններ են: Ոչ ոք իրավունք չունի վտանգել դիմացինի անվտնագությունը՝ նման լուրջ մեղադրանքներ հնչեցնելով»,- ասում է Էլվիրա Մելիքսեթյանը:
Նա գտնում է, որ այս դատավարությունը մեդիայի համար կարող է եւս մեկ անգամ հուշում լինել լուսաբանման ընթացքում լրագրողական էթիկան եւ մարդու իրավունքները չմոռանալու մասին:
«Իրավունք» թերթի խմբագիր, հոդվածի հեղինակ Հովհաննես Գալաջյանը դատական հայցին հանգիստ է վերաբերվում:
«Ոչ առաջին հայցադիմումն է, ոչ վերջինը: Թերթի պրակտիկայում դրանք բավականին շատ են: Եթե որեւէ մեկը դա ընկալել է որպես վիրավորանք, դա իր պրոբլեմն է: Ես իրավունք ունեմ գնահատել դա որպես գեյ լոբբինգի շահերի սպասարկում»,- ասում է նա:
Թերթի խմբագիրը վեճը դատարանից դուրս լուծելու որեւէ տարբերակ չի տեսնում:
«Ես ի՞նչ ընդհանուր հայտարարի կարող եմ գալ այն մարդկանց հետ, ովքեր կամա կամ ակամա մասնակցել են այդ գործողությանը, որը ակնհայտորեն ծառայում էր որպես որոշակի խմբի լոբբինգ: Իրենց ծոծրակները կտեսնեն, բայց ներողություն չեն տեսնի»,- ասում է Հովհաննես Գալաջյանը:
«Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի եւ պետության թշնամիների սեւ ցուցակը» հոդվածի առիթով եւս երկու դատական հայց է ներկայացվել «Իրավունք»-ի դեմ. առանձին դատական հայցեր են ներկայացրել քաղաքացի Դանիել Իոանիսյանն ու «Նոր սերունդ» հասարակական կազմակերպության աշխատակիցները:
Աննա Բարսեղյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: