Արփինե Հարոյան. «Ուղիղ միացում դեպքի վայրից»

22.10.2018, vox populi

2018թ.-ի ապրիլի 20-ն էր: Նստած էի EVN Report-ի աննկարագրելի փոքր գրասենյակում: Երկու ականջով հետևում էի միանգամից չորս մեդիա հարթակի ուղիղ միացումներին ու երբեմն հայացքս թեքում էի ու նայում պատուհանից դուրս. ներքևում հոգնած ու լարված դեմքերով ոստիկաններ էին շրջում, կողքի շենքում Հանրապետական կուսակցության գրասենյակն էր, իսկ երկրում՝ հեղափոխություն:

Հիշում եմ, որ հինգ րոպեն մեկ  իրողություն էր փոխվում, հինգ րոպեն մեկ մի արտառոց ինֆորմացիա էր գալիս, հինգ րոպեն մեկ քաղաքացի էին բերման ենթարկում, նույն հինգ րոպեն մեկ քաղաքացի էին բաց թողնում, հինգ րոպեն մեկ ավելի շատ մարդ էր միանում ու հինգ րոպեն մեկ հեղափոխությունն ավելի մեծ թափ էր հավաքում:

Հեղափոխությունը եռում էր հանրապետությունում: Ժամանակ առ ժամանակ սկսում էի ինքս ինձ մեղադրել, որ դրսում փողոց փակելու փոխարեն ուղիղ միացումով եմ փողոց փակում:

Հետո հիշում էի, որ արտակարգ ռեժիմով աշխատող EVN report-ը 10.000 ու ավելի սփույռքահայերի ու օտարերկրացիների համար անգլալեզու ինֆորմացիայի միակ վստահելի աղբյուրն էր, ու շարունակում էի աշխատել ու թարմացումներ անել:

Բայց և հասկանում էի, որ ինֆորմացիայի աննախադեպ հոսքին անհնար էր հետևել: Անորոշության մեջ էի. ինֆորմացիան անսահման էր, լուսաբանողները՝ սահմանափակ:

Տարբեր մեդիա հարթակների ուղիղ միացումները EVN report-ի փոքր թիմը ֆիզիկապես չէր հասցնում լուսաբանել: Իսկ աշխարհը հետևում էր մեզ: Ուղիղ միացումների իրականությունում ապող մարդիկ սպասում էին ինֆորմացիայի: Նրանք սպասում էին ամեն րոպե և ամեն վայրկյան: Նրանք սոված գայլերի նման անհամբեր էին...

Մինչ Մելիք-Ադամյան փողոցում ոստիակնները գնում ու գալիս էին, հատուկ զորքերը զրահապատ մեքենաներ էին տեղադրում Հանրապետական կուսակցության գրասենյակի մոտ, իսկ հպարտ քաղաքացիները կոչերով ու մեծ ոգևորությամբ քայլում էին փողոցներով, չգիտեմ ինչու և ինչպես հիշեցի, որ ես սոցիալական ցանցերի նվիրյալ զավակ եմ:

Հասկացա, որ դրսում պայքարող ընկերներիցս շատերն իրենց բջջայիններով ֆիքսում ու տարածում են հեղափոխության դրվագները ու մտածեցի, որ իրենցից յուրաքանչյուրը փաստացի հեղափոխություն լուսաբանող է:

Մտքերս հավաքեցի ու որոշեցի  ֆեյսբուքով կոչ անել: Մոտ 400 ընկեր ունեմ, ու իրենցից գոնե տասն էլ եթե արձագանքեր, բավականին մեծ օգնությունն կլիներ հեղափոխությունն ավելի մանրամասն լուսաբանելու համար:

Եվ գրեցի. «Դիմում եմ իմ բոլոր ընկերներին, որոնք փողոցներում են: Խնդրում եմ, եթե կարևոր մի բան է տեղի ունենում, անպայման տեղյակ պահեք ինձ»: Սեղմեցի post կոճակը ու հպարտ դեմքով սկսեցի սպասել արձագանքի:

Անցավ 2 րոպե, անցավ 5 րոպե… լռություն: Սկզբից նյարդայնացա, նեղվեցի, բայց հետո մի պահ խորհեցի ու հասկացա, որ տասնյակ կիլոմետրեր քայլած, սոված ու դրսում պայքարող ընկերներս ավելի շուտ կշարունակեն փողոց փակել, քան կսկսեն լուսաբանել տեղի ունեցածը:

Մտածեցի, որ կկարդան ու կանտեսեն, կկարդան ու կշարունակեն իրենց պայքարը: Ու ներքին ձայնս էլի բարկացավ. «Փոխանակ դրսում պայքարես...»:

Չեմ էլ հիշում քանի րոպե էր անցել, երբ հանկարծ ֆեյսբուքով նամակ ստացա: Անտարբեր հայացքով բացեցի, քանի որ նամակի հեղինակի հետ սովորաբար սոցցանցերում չէի շփվում:

Տեսեմ մոտ 10  լուսանկար: Մինչ փոձում էի հասկանալ որտեղ, ինչ, ով, նամակի հեղինակը գրեց. «Հենց հիմա Կոմիտասի պողոտայում ենք, փողոց ենք փակել, մարդիկ ուրախանում են, ոստիկանությունն էլ չի խոչընդոտում, կուզե՞ս վիդեո էլ ուղարկեմ»:

Չեմ թաքցնում, հուզվեցի: Փորձեցի ուրախությունս կիսել Մարիա Թիթիզյանի հետ, երբ վայրկյաններ անց մյուս նամակը ստացա. «Արփինե, ողջույն, ես հիմա հաղթանակի կամրջի մոտ եմ, ֆոտոներ էլ եմ ուղարկում, էլ ինչո՞վ կարող եմ օգնել»:

Անսպասելի էր: Արագ-արագ սկսեցի կոորդինացել ստացածս ինֆորմացիան, իսկ այդ ընթացքում ստացա երրորդ նամակը, չորրոդը, հինգերերորդը, վեցերորդը: Սկսեցի ստանալ անհաշվելի նամակներ Երևանում ու Հայաստանի այլ քաղաքներում պայքարող ընկերներիցս: Ուղարկում էին ֆոտոներ, վիդեոներ ու հավաստի ինֆորմացիա: Ամենակարևորը՝ ուղիղ միացմամբ, դեպքի վայրից:

Մեդիան եռում էր մեր մեջ, իսկ սոցցանցերը դարձել էին անարդարությունը լուսաբանելու և արդարություն հաստատելու աննախատեպ հարթակ:

Ընկերներս երջանիկ էին, որ ներդրում ունեին հավաստի և թարմեցվող ինֆորմացիան տարածելու գործում, իսկ ես վերջապես զգում էի, որ չնայած դեպքերի աննախադեպ զարգացումներին՝ մենք հասցնում էին լուսաբանել բոլոր կարևոր իրադարձությունները:

Մենք բոլորս դարձել էին մեդիա: Տեսնում էինք այն, զգում, փոխանցում ու պայքարում:

Ես վստահ եմ, որ հեղափոխության օրերին աշխարհը ետ չմնաց և ոչ մի իրադարձությունից: Բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ ակամայից դարձան լրագրողներ:

Թավշյա հեղափոխությունը եկավ ցույց տալու, որ 21-րդ դարի մարդն ունի բոլոր հնարավորություններն ու տեղեկատվական գործիքները իրականությունը լուսաբանելու համար:

Հեղափոխությունը եկավ ցույց տալու, որ ուղից միացում դեպքի վայրից կարող է ապահվել ցանկացած իրազեկ քաղաքացի:

Հեղափոխությունը եկավ ցույց տալու, որ մարդիկ են մեդիան, իսկ սոցիալական ցանցերը՝ լուսաբանելու անփոխարինելի հարթակ:

Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ, մենք, հենց մենք ցույց տվեցիք աշխարհին, որ հեղափոխություն անում են երգելով ու պարելով, մենք, հենց մենք ցույց տվեցինք, որ հեղափոխություն անում են բաց ձեռքերով, մենք հենց մենք տվեցինք մոլորակին, որ հեղափոխություն անում են սիրելով և միմյանց մասին հոգ տանելով:

Ու, մենք, հենց մենք այդ ամենը ցույց տվեցինք ուղիղ միացմամբ՝ դեպքի վայրից:

 

Արփինե Հարոյան

ՀԱՀ, հաղորդակցության ֆակուլտետի ուսանող

Այս աշխատանքն արժանացել է 2018թ. «Ես եմ մեդիան» մրցույթի երկրորդ տեղի մրցանակին

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?