Գյումրի. քաղաքապետի թեկնածուների հեռուստաբանավեճ չստացվեց

Գյումրի. քաղաքապետի թեկնածուների հեռուստաբանավեճ չստացվեց

Սեպտեմբերի 9-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների  ընտրությունների քարոզարշավը Գյումրիի լրատվամիջոցների համար արտառոց չէր: Այս անգամ էլ քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված չորս թեկնածուների  նախընտրական բանավեճ կազմակերպել չհաջողվեց:

Ավագանու 71 թեկնածուներից մի քանիսը ընդունեցին ուղիղ եթերում  բանավիճելու հրավերը: Քաղաքապետի եւ ավագանու անդամի թեկնածուները հիմնականում  գերադասում էին հեռուստաեթերում լինել միայնակ, պատասխանել  հաղորդավարի հարցերին, խուսափել հեռախոսազանգերով հնչող հարցադրումներից:

Գյումրիի «Շանթ» հեռուստաընկերության քաղաքական-հասարակական  «Տեսանկյուն» հաղորդաշարի հեղինակ Հեղինե Քուշքյանն ասում է, որ թեկնածուները ակտիվ չեն, դժվարությամբ են համաձայնվում հյուրընկալվել ուղիղ եթերում:

«Մեր հրավերը պատրաստակամությամբ են ընդունել կին թեկնածուները եւ  քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրվածները: Ամենաբարձր ռեյտինգը գրանցվել է ավագանու թեկնածու Չուբար Զարգարյանի հետ ուղիղ եթերում իմ վարած հաղորդման ժամանակ: Հաջորդ մի քանի օրերին Գյումրիում խոսակցության թեման դա էր ու իր ռեյտինգով այդ օրվա հաղորդումը հավասարվել էր նախորդ ընտրությունների ժամանակ մեզ հյուրընկալված Վարդան Ղուկասյանի հաղորդմանը»,- ասում է Հեղինե Քուշքյանը:

Տեղական հեռուստաեթերում ամենաշատը ցուցադրվում էին քաղաքապետի թեկնածու ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի նախընտրական ֆիլմերն ու գովազդային հոլովակները: Այս տեսակետից երկրորդը քաղաքապետի թեկնածու,  ՀՅԴ անդամ Հովսեփ Սիմոնյանն է: Մյուս երկու թեկնածուները նախընտրական գովազդ չեն պատվիրել:

Ընտրական շրջանում Գյումրիում գործող հեռուստաընկերություններից գովազդային ամենացածր գինը սահմանել է «Ցայգ» հեռուստաընկերությունը,328 gyumri-elections-advertise.jpg ամենաբարձրը` «Շանթը»:

Նոնա Տոնոյանը «Ցայգ»-ի գովազդային գործակալներից է: «Ավագանու թեկնածուները հիմնականում ընտրում են գովազդային կարճ հոլովակների  տարբերակը, որտեղ երեւում է լուսանկարը, իրենց նշանաբանը, որը կամ գրվում է կամ իրենք են ասում: Լինում են դեպքեր, երբ թեկնածուն ցանկություն է հայտնում, որ իր կենսագրականը գնա, որպես գովազդ: Նորարությամբ հանդես եկողներ չկան, մենք էլ աշխատում ենք անել պատվիատուի ցանկությամբ»,- պատմում է նա:

«Ա.Դ. Սախարովի անվան» իրավապաշտպան կենտրոնի Շիրակի մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը Գյումրիում ընթացող նախընտրական զարգացումներին հետեւում է զանգվածային լրատվամիջոցների բոլոր հնարավոր միջոցներով: Նախորդ ընտրությունների համեմատ նա շատ քիչ փոփոխություններ է նկատել:

«Լրատվամիջոցները հարմարվում են պատվիրատուի ճաշակին, որպեսզի պոտենցիալ վճարող չկորցնեն: Այդ առումով Աբիսողոմ աղայի ժամանակներից մենք շատ առաջ չենք անցել, եթե ցանկությունը կա ագարակներով ու ավանակներով նկարվելու, իրենք պատրաստ են ու երբեք էլ չեն ասի, որ դա ճիշտ մոտեցում չէ»,- նկատում է Սեյրան Մարտիրոսյանը:

Այս ընտրություններում Գյումրիում դերեակատարություն ունեն նաեւ սոցիալական ցանցերը: Ավագանու 7 թեկնածու առաջադրած «Քաղաքը մերն է» նախաձեռնութունը ակտիվորեն օգտագործում է Facebook-ը: «Ես համարում եմ, որ ավագանու այս թեկնածուները նորարություն մտցրեցին թե նախընտրական քարոզարշավի կազմակերպման ձեւաչափի առումով, թե մեդիա դաշտը լավագույնս օգտագործելու: Նրանցից հետո եկողներն իմ կարծիքով հետագայում կօգտագործեն այս փորձը»,-նկատում է Սեյրան Մարտիրոսյանը:

Գյումրիում գործող տպագիր միջոցներն եւս դժգոհ են ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքից: «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթն, օրինակ նախընտրական շրջանում ընդամենը երկու գովազդի պատվեր է ստացել:

Քաղաքապետի եւ ավագանու թեկնածուները տպագիր մամուլը հիմնականում օգտագործում են իրենց կենսագրական տվյալները հրապարակելու համար:   Թեկնածուների հետ հարցազրույցներն անվճար են, սակայն  ոչ բոլորն են, որ ասելիք ունեն եւ կարող են պատասխանել լրագրողի հարցերի:

Երանուհի Սողոյան, Գյումրի

Comments

Մեկնաբանել

Type the characters you see in this picture. (verify using audio)
Type the characters you see in the picture above; if you can't read them, submit the form and a new image will be generated. Not case sensitive.
                                

 Media.am by Media Initiatives Center is licensed under a Creative Commons Attribution 3.0 Unported License
Reproduction in whole or in part without reference is prohibited.

Creative Commons License