Ֆրանսահայ արձակագիր, բանաստեղծ, գրաքննադատ Գրիգոր Պլտյանն այն մարդկանցից է, որոնք իրենց շուրջը ստեղծում են խիտ մշակութային մթնոլորտ: Գրականությունը և ընդհանրապես խոսքն ինքնին Գրիգոր Պլտյանի համար այն գործիքն է, որն օգնում է դուրս գալ կարծրացած կաղապարներից ու արկածային ճամփորդություն կատարել տեքստերի ու մտքերի մեջ:
Նա կարծես հրավիրում է իր զրուցակիցներին ու ընթերցողներին ապակառուցել տեքստերը (մանավանդ` արդեն դասական դարձած) ու նորից ներկառուցել դրանք ներկայի մեջ:
Գրիգոր Պլտյանը կրթությամբ փիլիսոփա է և ավանգարդի կայուն կողմնակից: Իր գեղարվեստական գրքերում ու էսսեներում ընդգծում է վերամեկնաբանության կարիքը, որը թույլ է տալիս դուրս չմղել նորն ու անսովորը, այլ փորձել մարսել դրանք ու օգտագործել որպես բանալի՝ անցյալը բերելով մեր օրեր: Ի վերջո, եթե մեկնաբանում ես կարծրն ու դասականը, այն դադարում է լինել սրբություն ու թանգարանային նմուշ: Դառնում է թարմ մտքերի առիթ:
Երևանում Գրիգոր Պլտյանը ներկայացրեց իր «Այն, ինչ չես տեսներ» ժողովածուն, նաև 1974-ին գրած իր ճարտարապետական բանաստեղծությունը, որը վիզուալիզացվեց «Լոֆթ» ակումբի պատին որպես ինտերակտիվ տեքստ: 40 տարի առաջ գրած «Պատի բանաստեղծությունը» բեկորացված իրականության նմուշ է, որը նաև նոր տիպի ընթերցում ու ընթերող է պահանջում: Ցանկացած հատված ինքնաշխատ է ներգործում, բայց միևնույն ժամանակ՝ հարաբերվում մյուսների հետ:
«Չեմ ուզում, որ իմ բանաստեղծությունները լինեն սիրո կամ պատերազմի մասին: Ընդհանրապես թող «մասին» չլինեն: Ուզում եմ, որ բառերն ու տողերն իրենք պատերազմեն կամ սիրեն իրար, այսինքն՝ բախվեն, հարաբերությունների մեջ մտնեն»,- ասում է նա: Եվ ավելացնում, որ բանաստեղծություն գրելը մաթեմատիկական հաշվարկ է պահանջում, այլ ոչ թե ներշնչանք ու մուսայի հայտնություն, քանի որ գրելը մտքի աշխատանք է և պետք է հաշվարկված լինի:
Ժամանակակից ցանցային-համացանցային իրականությունում տեքստերի անտեսանելի մնալը կամ ընդգծվելը կախված է տարօրինակ օրինաչափությունից: Գրիգոր Պլտյանի կարծիքով՝ բլոգներում ավելի շատ են տրաֆարետները, քան իրական ազատությունը:
Սոցիալական մեդիան ու ցանցերը մղում են բոլորին ամենօրյա ռեժիմով տեքստեր թողարկելու (ստատուսների, մեկնաբանությունների տեքսով): Բառերը շատացել են, հետևաբար ավելացել են նաև գրողները: Ձեր կարծիքով՝ ցանցը փոխե՞լ է խոսքի, նաև՝ գրողի դերը:
Կը խորհիմ, որ եթե մարդը գրագետ է, այսինքն՝ գրել գիտե, ազատ է գրել այն, ինչ ցանկանում է: Գրելը մարդու ազատություններից է, և ոչ ոք չի կարող ասել նրան, որ պետք չէ գրել: Այդպիսով, հասարակության մեջ գրելու, ինքնաարտահայտվելու ցանկությունը անփոխարինելի է, որովհետև բլոգի միջոցով մարդիկ կարող են ավելի անմիջական ու ուղղակիորեն միմյանց հետ հարաբերվել, քան դա կանեին գրական հանդեսներում:
Բայց գրական հանդեսներում սովորաբար լինում են արգելող օղակներ՝ սրբագրիչներ, խմբագիրներ և այլն: Ցանցում արգելող բան գոյություն չունի:
Ցանցում լեզուն դառնում է նվազ մշակված ու ավելի անմիջական, որովհետև ամեն մարդ իր ուզածի պես է գրում: Օրենք չկա: Նույնիսկ կարելի է ասել, որ ցանցի ազատությունը թույլ է տալիս մարդկանց երբեք նկատի չառնել գրական ավանդույթները կամ ըմբռնումները: Սակայն երբ կարդում ենք բլոգներում հաստատված գրառումները, տեսնում ենք, որ երբեմն դրանք լեցուն են կլիշեներով:
Կլիշեները հատկապես շատ են հենց ցանցում, քանի որ գրողներից շատերը կարծես առաջին անգամ են հայտնաբերում գրականությունը: Այսինքն՝ կարծում են, որ իրենցով է գրականությունը սկսվում և, հետևաբար, մեզ են ներկայացնում շատ նաիվ, միամիտ պատմություններ ու վիճակներ, որոնք արդեն նախապես լավ ծանոթ են գրականությունից: Ցանցում և հատկապես բլոգներում անգիտակից կրկնության մասը շատ է:
Կա նաև բարեկամների ու ընկերների հակազդեցությունը, որոնք իրենց ծանոթների գրածի տակ գրում են «հոյակապ» է, «հիանալի» է: Նրանք մարդիկ են, որոնք, անպայման չէ, որ լավ տեղյակ են գրականությունից կամ շատ բան են կարդացել, ավելի շուտ անմիջականորեն արձագանքում են:
Տեքստերի ահռելի մի մասը, որն ամեն օր կարդում ենք, նաև լրագրողների հոդվածներ են: Ձեր կարծիքով՝ մեդիան ու գրականությունը փոխթափանցու՞մ են, թե՞ մնում են առանձին ոլորտներ:
Լրագրողները մեդիայում իրենց հստակ դերն ունեն, բայց բլոգները առանձին մի իրականություն են: Բլոգները լրագրողի կարիքն էլ չունեն, քանի որ կարող են զետեղել այն ամենը, ինչը ցանկանում են: Իսկ ժուռնալիստներն այդպես վարվել չեն կարող: Ժամանակին ես էլ էի լրագրող ու լավ գիտեմ, թե ինչ բախումներ են լինում:
Լրագրողներն, ամեն դեպքում, պետք է նախապատրաստեն իրենց աշխատանքը, տեղեկություններ հավաքեն և հարցազրույցի գնալիս մշակեն ոչ միայն հարցերը, այլև իմանան, թե իրենց դիմացի տղմարդը կամ կինը ինչ աշխատանքներ է արել:
Հիմա կը խորհիմ, որ լրագրողներն այդպիսի բաներով շատ մտահոգ չեն, ավելի շուտ սպասում են, որ հարցազրույց տվողը պետք է ինքն իրեն ներկայացնի: Եվ, մանավանդ, ներկայացնի լավ: Բայց հաշվի առեք, որ գրողները անպայման չէ, որ լինեն լավ խոսողներ մի պարզ բացատրությամբ՝ գրողը սովորաբար լռող է: Այդ պատճառով էլ իր ստեղծագործությունների մասին կարող է սխալ բաներ ասել: Իսկ ճիշտ բաներ ասելն արդեն լրագրողի գործն է:
Լրագրողն ինքը պիտի ներկայացնի թե՛ գրողին, թե՛ նրա աշխատանքը, թե՛ իրականությունը: Եվ այդ պարագայում այդ ներկայացումը կլինի ավելի լավը, քան եթե դա աներ գրողը:
Վերջերս հարցազրույց արեցինք Փիթեր Բալաքյանի հետ, ով ասաց, որ ուզում է իր բանաստեղծությունների տարածքն այնքան ընդլայնել ու բացել, որ այն մտնի կյանքի ռիթմի մեջ, կլանի կյանքը: Դուք կարծես փորձում եք սեղմել ու խտացնել տեքստերը՝ ազատվելով ավելորդություններից:
Ինտերնետային, համակարգչային սիստեմը այնպես է, որ կարող ենք էջերով տեքստեր գրել: Ուղղակի գետի պես: Եվ այդ հոսանքը կտանի մեզ: Գրողը ուղղակի հնարավորություն չունի տիրապետելու իր գրածը: Եվ իր գրածի ձևը դառնում է տձևը:
Նոր տեխնոլոգիաների շնորհիվ ամեն բան կարող եք մտցնել ձեր գրության մեջ, և այդպիսով, ձեր գրածը կդառնա համայնագիտարանի պես մի բան: Կամ էլ՝ մտքի անկառավարելի հոսք:
Մինչդեռ տեքստի մեջ կարևորը սինթեզն է: Պետք է կարողանալ համադրություն անել՝ հավաքելով ամենաանհրաժեշտը:
Միևնույն է ամեն բան չեք կարողանա ասել:
Եվ ուրեմն, ընտրեք, թե ինչ եք ուզում ասել: Կը խորհիմ, որ սեղմ կամ ավելի ճիշտ՝ խտացված գրելը շատ ավելի բարդ է, քան երկար գրելը: Բոլոր պարագաներում էլ դժվար է կրճատել ու հանել ավելորդությունները:
Լրագրողի համար դա ամենաբարդն է:
Ընդհանրապես գրերի աշխարհը սահմանափակ աշխարհ է: Եվ այն իրոք պիտի սահմանափակ լինի ոչ թե այն պատճառով, որ գրելով չենք կարող ամեն բան ասել: Կարող ենք… Բայց պե՞տք է: Պե՞տք է ասել ամեն բան:
Ասացի որ գրողը լռող է: Այսինքն՝ գրության մեջ պետք է լինեն տեղեր, որտեղ լռություն է:
Ասացիք, որ բանաստեղծությունը ոչ թե հոգեվիճակ է, այլ ավելի շուտ մտքի աշխատանք: Հույզերը խանգարու՞մ են մտքին:
Մտածում եմ, որ հույզը խանգարում է կամ պակասել է, հույզը պարզապես լավ արտահայտություն չի գտնում:
Հուզումները գրել՝ չի նշանակում գրել դրանց մասին, այլ գրել այնպես, որ կարդացողը նկատի, թե ինչպիսին ես դու՝ տխու՞ր, ուրա՞խ, մոլորվա՞ծ, բարկացա՞ծ…
Վահան Տերյանը, երբ ուզում էր խոսել տխրության մասին, իր բանաստեղծության խորագիրը նշում էր որպես «Տխրություն» ու շարունակում՝ «Մի ուրու անցավ..»: Մենք չենք հասկանում, թե ուրուն ինչի սիմվոլն է, բայց տեսնում ենք, որ Տերյանը չի նկարագարել տխրությունը, այլ իր պատկերային համակարգի մեջ ներդրել է տխրության հուզումը:
Հիմա մեր ժամանակաշրջանում մարդիկ շատ սիրում են խոսել հենց «բաների» (պատերազմի, սիրո, չգիտեմ՝ էլ ինչերի) մասին, ինչն, անշուշտ, ավելի հեշտ է: Բացի այդ՝ հաղորդակցության միջոցները որոշ չափով պարզեցրել են նաև թեմաների շրջագայությունը: Միջազգային թեմաները շրջելով հասնում են գրեթե ամեն տեղ:
Հետևաբար՝ կնվազի անձնականության հարցը, որովհետև էմոցիան, հուզումը անձնական բան է, որը պատկանում է մեր մարմնին և երբեք նույն կերպ չի կարող փոխանցվել ուրիշին:
Իսկ միտքը կարող է լինել հասարակական: Միտքը ենթակա է փոխանակման, իսկ հուզումը՝ ոչ: Կարող ես նույն միտքը ստեղծել ուրիշի մոտ, բայց նույն հուզումը չի ստեղծվել չի ստացվի: Գիտեք, մարդն ուզում է ինքը ապրել, ինքը զգալ, այլ ոչ թե պատրաստի հուզումներ ստանալ:
Հարցնում եմ, քանի որ ապրիլյան պատերազմի ընթացքում շատ բարդ էր գրելը: Հույզերը թույլ չէին տալիս գրել սթափ ու կշռադատված, բայց և գրել չէինք կարող, քանի որ պարտավոր էինք գրել:
Երբ իրադարձությունը մոտ է մեզ, շատ դժվար է այն յուրացնել, որովհետև հուզումներն այնքան շատ են, որ միտքը նահանջում է: Ժամանակ է պետք, որպեսզի միտքը կարողանա տիրապետել մեզ ու ստացվի ավելի հավասարակշռված վիճակ:
Ես էլ օր օրի հետևում էի քառօրյա պատերազմին, և պետք է ասեմ, որ իմ հուզումներն այնքան մեծ էին, որ չկարողացա նույնիսկ օրագրում գրել, ինչը երբեք չեմ դադարել: Տպավորություն ունեի, որ այս ամենը մեզ հետ արդեն պատահել էր և բնավ էլ նոր չէ: Բայց միևնույն ժամանակ՝ չափազանց նոր է: Եվ ուրեմն ինչպե՞ս պետք է վերաբերվել այդ ամենին: Անշուշտ, ժուռնալիստի համար դա լուրջ հարց է թե՛ տեղեկության ճշգրտությունը ստուգելու, թե՛ մանավանդ սարսափելի վիճակները նկարագրելու ժամանակ: Լռելն էլ է դժվար:
Ձևերից մեկը պատմելն է առանց դեպքին շատ մոտենալու, թողնելով, որ ընթերցողը որոշ բաներ ոչ թե կարդա, այլ գուշակի: Բայց դա էլ երկար տևել չի կարող, քանի որ գուշակումները երբեմն վտանգավոր են: Նման վիճակներում առաջին հերթին կուզենք, որ ճշգրիտ լինի:
Այդպիսի պարագաներում լրագրողը, գրողը կամ վերապրողը ստիպված են լինել ճշգրիտ և չափավոր, մանավանդ հարկավոր է երևակայական բաներ չավելացնել տեքստերին:
1915 թվականից ի վեր մենք գիտենք այդ պրոբլեմները: Ծանրագույն վիճակների մասին ընդհանրապես պետք է գրել չափազանց զուսպ և հավասարակշռված:
Կարդու՞մ եք հայաստանյան լրահոսը:
Այո, գրեթե ամեն օր անցնում եմ հայաստանյան կայքէջերով: Այսպես ասեմ՝ ուզածդ բանի կարող ես հանդիպել: Եվ պետք է ընտրել: Պասիվ՝ կրավորական ընթերցող չեմ, մի բան կարդում եմ, հետո անպայման մեկ ուրիշը՝ փորձելով կազմել իմ սեփական գաղափարը:
Պետք է ընտրել ու փորձել չտարվել հորինվածքներով, մանավանդ՝ ստով:
Հարցազրույցը՝ Նունե Հախվերդյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: