Ընտրությունները լուսաբանում են քաղաքացիական լրագրողները

Ընտրությունները լուսաբանում են քաղաքացիական լրագրողները

Հայաստանի ԱԺ 2012թ.-ի ընտրությունները պրոֆեսիոնալ լրագրողներից բացի լուսաբանում են նաեւ քաղաքացիական լրագրողները: Խոսքը ոչ միայն բլոգերների մասին է, այլ հատուկ հանրային թղթակիցների համար ստեղծված հարթակների:

Mynews.am եւ Ditaket.am կայքերը նոր հարթակներ են քաղաքացիական լրագրության համար, որոնք իրենց շուրջն են համախմբել մի քանի տասնյակ հանրային լրագրողների: Նրանք հետեւում են նախընտրական քարոզարշավին եւ ակտիվ աշխատելու են քվեարկության օրը՝ մայիսի 6-ին:

Էլմիրա Աբգարյանը մեկ ամիս է, ինչ համագործակցում է Mynews.am-ի հետ: Ընտրությունների օրը նա լինելու է դիտորդ Երեւանի կամ Գեղարքունիքի մարզերի 252 mynews-pic.jpgընտրատեղամասերից մեկում եւ միեւնույն ժամանակ տեղեկատվություն է հաղորդելու Mynews.am-ին:

«Քանի որ դիտորդն իրավունք ունի տեսանկարել եւ լուսանկարահանել, ես եթե որեւէ բան նկատեմ, չեմ զլանա, ավելին ասեմ՝ իմ պարտքը կհամարեմ դրա մասին նյութ պատրաստել` նպաստելու համար ընտրությունների նորմալ անցկացմանը»,-ասում է Էլմիրան:

Մայիսի 6-ի օրը Mynews.am-ը ներկայացնելու է 15 հանրային թղթակիցների օգնությամբ: Նրանք աշխատելու են հատուկ պատրաստվածությամբ` վաղ առավոտից մինչեւ քվեաթերթիկների հաշվարկի ավարտը: Քաղաքացիական լրագրողների աշխատանքը համակարգելու են երկու պրոֆեսիոնալ խմբագիրները:

Հանրային թղթակիցների արձանագրած ընտրախախտումներն ու ընտրակեղծիքները հայտնվելու են նաեւ iDitorg.org-ի՝ ահազանգների քարտեզի վրա:

Mynews.am-ը Հանրային լրագրության ակումբի նախագիծն է: Կազմակերպության հիմնադիր Սեդա Մուրադյանն ասում է, որ իրենք փորձում են Հայաստանում խաղաֆիկացիայի օգնությամբ զարգացնել հանրային լրագրությունը: Mynews.am-ում հանրային թղթակիցները ստանում են միավորներ, վիրտուալ նվերներ, թղթակցության պատվերներ:

Յուրաքանչյուր քաղաքացուն թղթակցություն իրականացնելու հնարավորություն տալու համար mynews.am-ը շուտով կգործարկի Android, iOS, Windows հեռախոսների համար մոբայլ հավելվածներ: Դրանց օգնությամբ մարդիկ կկարողանան հեռախոսով նկարածն ու ձայնագրածը միանգամից տեղադրել կայքում, ինչպես նաեւ ուղարկել թղթակցությունները ամենատարբեր կառույցներ`Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից սկսած մինչեւ Քաղաքապետարան: Հավելվածն ունենալու է նաեւ ընտրությունների մասին հատուկ բաժին:

253 ditaket-pic.jpg«Այդտեղ լինելու է տեղեկատվություն ոչ միայն ընտրացուցակների վերաբերյալ, այլեւ կուսակցությունների կոնտակտային տվյալներ, թեժ գծեր: Կլինի նաեւ ուղեցույց հանրային թղթակիցների եւ պրոֆեսիոնալ լրագրողների համար, որը կօգնի նրանց ընտրությունների լուսաբանման ժամանակ»,- ասում է Սեդա Մուրադյանը:

Ditaket.am-ի հանրային թղթակիցների ուշադրության կենտրոնում եւս խորհրդարանական ընտրություններն են: Հայաստանի բոլոր մարզերից հաղորդած թղթակցությունները հավաքված են կայքի «Ընտրություններ 2012» բաժնում:

«Մենք հիմնականում մարզերում բնակվողների իրազեկության բարձրացման եւ ընտրություններին ակտիվ մասնակցության վրա ենք շեշտը դնում»,- ասում է ծրագրի տնօրեն եւ «Լրագրողներ հանուն ապագային» հկ-ի նախագահ Սուրեն Դեհերյանը:

Մայիսի 6-ին Ditaket.am-ի քսան հանրային թղթակիցներն ու պրոֆեսիոնալ լրագրողները ներկայացնելու են ընտրությունների ընթացքն ու քվեարկության զարգացումները Հայաստանի մարզերում:

Քաղաքացիական լրագրության սեփական նախագծեր ունեն նաեւ «Ա1+»-ն ու Panaremnian.net-ը: Յուրաքանչյուրը կարող է դառնալ այս լրատվամիջոցների արտահաստիքային թղթակիցը:

«Ա1+»-ի «Քո աչքերով» հավելվածի այցելուն կարող է ներբեռնել իր ֆոտո կամ վիդեո պատմությունը եւ նկարագրել այն:
 
Panaremnian.net-ի PANreport-ն օգտագործելով՝ կարելի է տարածել տեքստային, ֆոտո կամ վիդեո թղթակցություն:

Նվարդ Հովհաննիսյան

Comments

Մեկնաբանել

Type the characters you see in this picture. (verify using audio)
Type the characters you see in the picture above; if you can't read them, submit the form and a new image will be generated. Not case sensitive.
                                

 Media.am by Media Initiatives Center is licensed under a Creative Commons Attribution 3.0 Unported License
Reproduction in whole or in part without reference is prohibited.

Creative Commons License