Հակամահմեդականը հակաթուրքականը չէ

18.03.2019, Ստուգված է

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի փաստերի ստուգման խմբի անդամ

Նոր Զելանդիայի Քրայսթչըրչ քաղաքի 2 մզկիթներում տեղի ունեցած ահաբեկչությունը սփռվեց ինտերնետային հեռարձակմամբ։ 28-ամյա Բրենթոն Թարենթը Ֆեյսբուքի իր հաշվով ուղիղ հեռարձակում էր Ալ Նուր մզկիթում իր սկսած կրակահերթը, որի թիրախում այդ պահին աղոթող մարդիկ էին։ Մարտի 17-ի տվյալներով զոհվել է 50 մարդ։

Նույն Բրենթոն Թարենթ անունով Թվիթերյան օգտատիրոջ արդեն հեռացված հաշվում գործողությունից 3 օր առաջ հրապարակվել էր զենքերի նկարներ, որոնց վրա առկա էին տարբեր լեզուներով որոշ գրառումներ, այդ թվում՝ հայերեն։

Գրառումներն ու հայկական լրատվամիջոցի եզրակացությունները

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը զենքերի հրապարակված նկարների գրառումները հենց գործողության օրը վերծանեց, հետազոտեց և պարզեց, որ զենքերի վրա նշված են իրական մարդկանց անուններ և պատմական իրադարձություններ։ Հոդվածում գրված է, որ գրառումներում նշված են իրական մարդկանց անուններ և պատմական իրադարձություններ, «որոնք ունեն հակաթուրքական հետք»։

Հոդվածում  ներկայացված զենքերի վրա առկա 8 դեմքերի և դեպքերի պատմությաններից երկուսում (Josue Estebanes և Acre 1189) թուրքական կամ օսմանական կոնտեքստ չկա։ Սակայն, սա չի խանգարում հեղինակին կատարել այդ գրառումների հակաթուրքական լինելու մասին ոչ թե վարկածային, այլ հաստատական եզրակացություն։

Այս հանգամանքը չի խանգարում նաև հայկական մի քանի այլ կայքերի, օրինակ armtimes.com-ին, newsinfo.am-ին, asekose.am-ին վերահրապարակել նույն բովանդակությունը։

Հետաքրքրական է, որ «Նովոստի–Արմենիա»-ն գնացել էր գրառումների հետքերով, բայց ուշադրություն չէր դարձրել նույն օգտատիրոջ Թվիթերյան վերջին հրապարակմանը՝ մանիֆեստին։ Այստեղ է, նա պատմում է իր գաղափարների, գործողության շարժառիթի և մոտիվացիայի մասին։

Գրառումները և միջազգային մեդիայի եզրակացությունները

Ի տարբերություն  «Նովոստի–Արմենիա»-ի, միջազգային լրատվամիջոցներն անցել էին Բրենթոն Թարենթի վերջին թվիթի հղումներով և վերլուծել մանիֆեստի բովանդակությունը։

Օրինակ, CNN-ը գրում է, որ 87 էջանի մանիֆեստը ուներ հակամահմեդական և ընդդեմ ներգաղթյալների սարկաստիկ բովանդակություն։

Գարդիանն էլ ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ այս մանիֆեստի մեջ հեղինակը գրում է, որ իր մոտիվացիան «վախի մթնոլորտ» և «բռնության կիրառմանը» խրախուսելն է ընդդեմ մահմեդականների։

Եթե շարունակենք ուսումնասիրել միջազգային հեղինակավոր այլ մեդիա ներկայացուցիչների հրապարակումներին, այստեղ ևս հակաթուրքական հետքի մասին խոսք չկա։

Զենքերի վրայի գրառումների և մանիֆեստի բովանդակության վերլուծությունն ավելի մանրամասն ներկայացված է Bellingcat հետաքննական հարթակում։ Այս դեպքը նրանք անվանում են «ներշնչված ահաբեկչություն»։

Հարթակը գրում է, որ մանիֆեստի հեղինակը չի հայտարարում որևէ ծայրահեղ-աջական խմբավորման անդամ լինելու մասին, նաև հերքում է իր նեո-նացիստ լինելը։ Փոխարենը, նա արտահայտում է իր գաղափարական համակրանքը զանգվածային սպանություններ իրականացրած մի քանի անձնաց նկատմամբ և հայտարարում, որ կապի մեջ է եղել Բրևիկի հետ և որ նորվեգացու մանիֆեստը իր իսկական ներշնչանքի աղբյուրն է եղել։ Ի դեպ, Օսլոյում 2011-ին ահաբեկչություն կազմակերպած Բրևիկը չի ընդունում իրեն առաջարդված մեղադրանքը, ասելով, որ այդ հարձակումը անհրաժեշտ էր Նորվեգիայի իսլամականացումը կանխելու համար։

Բրիտանական BBC-ն գրում է, որ Բրենթոն Թարենթը սկսել է այս հարձակումը պլանավորել 2017-ից՝ Եվրոպա կատարած այցից հետո, երբ զայրացած է եղել այնտեղ ապաստան գտնել ցանկացող միգրանտների աճող քանակից։:

BBC-ն ընթերցողի ուշադրությունը հրավիրում է նաև մանիֆեստի վերնագրի վրա՝ «Մեծ տեղափոխությու» (The Great Replacement) և բացատրում, որ այս արտահայտությունը ծագել է Ֆրանսիայում և կիրառվում է եվրոպացի հականերգաղթական էքստրիմիստների կողմից։

Բերված հրապարակումների օրինակներից և ոչ մեկում հեղինակները չեն տեսնում հակաթուրքական հետք, փոխարենը, ըստ մամուլի հրապարակումների, կա ավելի լայն՝ հակամահմեդական շարժառիթ։

Արշալույս Բարսեղյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?