Սև-սպիտակը՝ արտասահմանյան մամուլի ծաղկաքաղում

11.12.2018, Ընտրություններ 2018

Լրագրող

Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել էին արտասահմանյան 32 լրատվամիջոցներ։ Ավելի մեծ թվով լրատվամիջոցներ էլ տարբեր գնահատականներով անդրադարձել են մեր երկրի թիվ մեկ քաղաքական իրադարձությանը։

Քվեարկության և դրան հաջորդող օրերին Հայաստանյան լրատվամիջոցներն իրենց հերթին ծաղկաքաղներ են ներկայացրել արտասահմանյան լրատվամիջոցների գնահատականներից։ Սեփական ընթերցողին արտասահմանյան մամուլի հրապարակումներ հրամցնելը որոշակիորեն հիշեցնում է քաղաքական սև-սպիտակ երանգավորումը։ Կամ հիմնականում դրական գնահատականների ծաղկաքաղ, կամ բացասական։

«Ազատություն» ռադիոկայանն անդրադարձել է 4 լրատվամիջոցի հրապարակումների։  

Economist հանդեսը, անդրադառնալով հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակին, փաստում է, որ Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունից հետո դառնալով վարչապետ, Փաշինյանը, ըստ էության, ստիպված էր առաջնորդել կառավարությունն առանց իշխող կուսակցության: «Չնայած դրան, նրան հերոսի նման են երկրպագում», - գրում է հեղինակավոր բրիտանական հանդեսը։

«Հայաստանյան հեղափոխությունն առկայծող լույս է մթագնող Եվրոպայում», - գրել է Միացյալ Նահանգներում լույս տեսնող The Nation պարբերականը՝ փաստելով, որ նախկին Խորհրդային Միության տարածքում սա առաջին իշխանափոխությունն է, որ սկիզբ առավ փողոցներում՝ առանց արտաքին միջամտության:

Al jazera-ի թղթակիցը արտահերթ ընտրություններին հետևելու համար ժամանել է Հայաստան և տեղից հաղորդել է՝ Փաշինյանի հաղթանակը ավարտին կհասցնի այն խաղաղ հեղափոխությունը, որ նա սկսել էր այս տարի ավելի վաղ։

Tert.am-ը մեջբերել է The Guardian-ին, որը գրել է, թե «բարեփոխիչ» Նիկոլ Փաշինյանը համոզիչ հաղթանակ է տարել այս ընտրություններում: «Թերթի նախկին գլխավոր խմբագիրը դրամատիկ անցում կատարեց ղեկավարների այն շրջանակից, որոնք 1990-ական թվականների վերջից կառավարում էին Հայաստանում»,- գրում է պարբերականը:

Washington Post-ը-ի հետ զրույցում՝ ընտրող Բելլա Նազարյանը Փաշինյանի մասին ասել է. «Նա պոպուլիստ է ու ստախոս: Հույս ունեմ, որ գոնե մինչ գարուն մարդկանց աչքերը կբացվեն»: 37-ամյա ինժեներ Սահակ Մխիթարյանին անհանգստացնում է Փաշինյանի «բաժանարար հռետորաբանությունը»: «Նա ցանկանում է ներքին թշնամիներ ստեղծել ու ատում է նրանց, ովքեր չեն կիսում իր գաղափարները»,-նշել է ընտրողը:

Tert.am-ը վկայակոչել է նաև France 24-ին, ըստ որի՝ Հայաsտանում ընտրողների մեծ մասն ընտրատեղամասեր է գնացել Փաշինյանի նախընտրական խոստումներով խանդավառված: «Ընտրությունները կազմակերպվել են հեղափոխական էյֆորիայի ալիքի վրա: Սակայն ընտրություններից հետո այդ հուզականությունն անխուսափելիորեն կթուլանա և Փաշինյանն իր թիմի հետ կառերեսվի իրականությանը»,- ֆրանսիական լրատվամիջոցի հետ զրույցում ասել է վերլուծաբան Գևորգ Պողոսյանը:

Նույն Գևորգ Պողոսյանը գերմանական Deutsche Welle-ի հետ զրույցում, որին անդրադարձել է armtimes.com կայքը, նման կտրուկ գնահատականի փոխարեն խոսել է արտաքին քաղաքականության մասին։ Նա ասել է, որ արտաքին քաղաքականությունը զգալի փոփոխությունների չի ենթարկվի: Խոսել է առանց կտրուկ գնահատականների։

Armtimes-ն իր ընթերցողների համար առանձնացրել է նաև ֆրանսիական Le monde-ի ձևակերպումներն այն մասին, որ քաղաքացիները խանդավառված են, որ ընտրատեղամասերից դուրս եկող քաղաքացիների մեծ մասը «պատմական և հեղափոխական» է որակում քվեարկությունը:

Կայքը մեջբերել է նաև Chatham House-ի փորձագետ Լորենս Բրոերսի՝ Euronews-ի հետ զրույցում արած դիտարկումը, թե՝ ընտրություններին քաղաքացիների մասնակցության ցածր տոկոսը նախևառաջ սովորական է ժողովրդավարական երկրներում:

Գագիկ Աղբալյան

 

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?