Հայկական հեռուստաընկերությունները դժվարությամբ են մարսում որեւէ իրադարձություն: Հեռուստալրագրողն իր ներկայացրած լուրի դեմքը չէ:
Հրաժարականների զորահանդես է սկսվել` «Արմնյուզը» գործող նախագահի կողմից նոր ոստիկանապետի ներկայացումը շարունակում է հեռարձակել նաեւ փաստի հաջորդ օրը: Ընդհուպ՝ նաեւ ժամը 15-ի թողարկմանը: Ընդ որում՝ Սերժ Սարգսյանի որեւէ նախադասություն փաստը ներկայացնող որեւէ հեռուստալրագրողի մոտ հարցեր չի առաջացրել՝ ինչու՞ է պաշտոնանկ լինում Ալիկ Սարգսյանը, եթե նա լուծել է իր առջեւ դրված խնդիրները, ի՞նչ է նշանակում միտքը, թե այս նշանակումով «մեր ժողովուրդն իրեն ավելի պաշտպանված է զգալու»:
Խնդիրն այն է, որ հեռուստաընկերությունները դեռեւս չեն կողմնորոշվում, թե որտեղ է սահմանը հեռուստանորության եւ առցանց լրատվության: Պարզ է, որ հեռուստաընկերություններից ոչ ոք չի հերթապահել ՀՀԿ կենտրոնական գրասենյակի դիմաց: Բայց փաստ է նաեւ, որ հեռուստաընկերությունը չի կարող բավարարվել հեռախոսով ձեռք բերված ինֆորմացիայով:
Երրորդ խնդիրն այն է, որ պաշտոնանկության պահից չինովնիկը առավել մեծ հետաքրքրություն է ներկայացնում ընդդիմադիր կամ առցանց լրատվամիջոցի համար եւ առավել հասանելի է նրան, քանի որ կորցնելու ոչինչ չունի: Ահա՝ ինչու Հովիկ Աբրահամյանի հետ ավելի հեշտ է կապվում «Հայկական ժամանակի» լրագրողը, քան որեւէ հեռուստաընկերություն:
Հեռուստաընկերությունը գիտի, որ ինքը հրատապ տեղեկատվության հրամայականից դուրս է: «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականը շատ բանով է տարբերվում նույն լրատվականի ինտերնետային էջից: «Ժամի» ինտերնետային էջը առաջինը հաղորդեց ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի պաշտոնանկությունը: Սակայն այն միայն հաջորդ օրը դարձավ հեռուստալրատվություն:
«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականի գլխավոր թողարկումն սկսվեց Հովիկ Աբրահամյանի հրաժարականով: Սակայն ՀՀԿ գրասենյակի մոտ «Հորիզոնի» լրագրողներից ոչ ոք չկար: Այսինքն՝ նորության մեջ չկա լրագրողի աշխատանքը, նորությունը հրամցվում է նրան արդեն կայացած փաստից հետո:
Դիցուք, «Ժողովուրդ» թերթն առաջինն էր իմացել, որ քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրաժարական է տալու: Նորությունը, որ դեռ փաստ չէր, արդեն հայտնի էր իրադարձությունից 2 օր առաջ: Պարզ է, որ թերթն ունի իր աղբյուրները իշխանական օղակներում, բայց լուրը սոսկ հրաժարականի փաստի մասին չէր, լուրն աշխատված էր՝ ինչու՞ է հրաժարական տալիս եւ ու՞ր է գնում քաղաքապետը, ու՞մ հետ է խնդիրներ ունեցել եւ ինչպիսի՞ խնդիրներ են դրանք:
Փոխարենն այդ առումով աշխույժ է Հ1-ի «Տեսանկյունը»: Մեկնաբանը դիտել է նախկին քաղաքապետի «Արմնյուզ»-ով հեռարձակված հարցազրույցը եւ, իր բառերով, մոտավորապես է գլխի ընկել, թե ինչու է Կարեն Կարապետյանը գնում «Գազպրոմ»:
Եթե դա իմանալը հրատապ է, դու՝ մեկնաբանդ, աշխատում ես նաեւ «Հայլուր»-ում, փորձեիր որպես «Հայլուրի» լրագրող գլխի ընկնել: Այսինքն՝ ձեր «կանալներով» կապվեիք Կարեն Կարապետյանի հետ եւ անձամբ ճշտեիք՝ ինչու՞ է գնում «Գազպրոմ»:
Եվ պետք չէ Հ1-ով ձեռ առնել արդեն պաշտոնանկ եղած քաղաքապետին, թե «առաքելությամբ է մեկնում»: Դուք լիազորված եք հասկանալ մարդու կատարած ընտրությունը, բայց լրագրողը հեռուստադիտողից տարբերվում է նրանով, որ, այսպես ասած, մերկացնում է մարդու կատարած ընտրությունը: Քանի դեռ չեք մերկացրել, մի ծիծաղեք նրա վրա:
Ի վերջո նա պատասխանել է այն հարցերին, որոնք տրվել են նրան: Բավարարված չե՞ք ասվածով, ուրի՞շ հարցեր ունեք նախկին քաղաքապետին, դու՛ք տվեք: Հիշե՛ք, առայժմ առանց մանրամասնելու, Հ1-ն իրավունք չունի ձեռ առնելու նույնիսկ Հայաստանի քաղաքացի մարդասպանին:
Ամբողջ երկիրն ուզում է հասկանալ՝ ի՞նչ է կատարվում իշխանության հետ: Առցանց լրատվությունը եւ թերթերը գրեթե այլ բանի մասին չեն գրում:
Վլադիմիր Գասպարյանը ոստիկանությունում գործող նախագահի եւ նախկին ոստիկանապետի ներկայությամբ ասում է, որ «երեւի թե ժամանակն է խոսքից անցնել գործի»: Այս նախադասությունը հեռարձակել են բոլոր հեռուստաընկերությունները: Ոչ մեկին չհետաքրքրե՞ց, թե որտեղ է նորանշանակ ոստիկանապետի էթիկայի զգացումը, ի՞նչ խոսքեր են, որ պետք է դառնան գործ, ու՞մ խոսքերն են՝ ի՞ր, Սերժ Սարգսյանի՞, թե՞ նախկին ոստիկանապետի, որոնք միայն խոսքերով են կայացրել պետական կառավարման համակարգը:
Ես հասկանում եմ, որ «Հայլուրը» շատ հարցեր չի կարող տալ, բայց ինչու՞ այս պաշտոնանկությունները հարցեր չեն առաջացնում մյուս հեռուստաընկերությունների մոտ:
Եվ, ի դեպ, Հանրային հեռուստաընկերությանը, զուտ որպես լրատվություն մատուցողի, մտահոգվելու առիթ չի՞ տալիս փաստը, որ հեռացող բարձրաստիճան պաշտոնյաները պաշտոնանկ լինելու իրենց պատճառաբանությունները ներկայացնում են մասնավոր լրատվամիջոցով:
Եթե խնդիր չի տեսնում, թույլ տվեք նկատել, որ պետք չէ ձեռ առնել նրանց, ում հեռանալու պատճառներն անձամբ չեք «քամել» նրանցից:
Մհեր Արշակյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: