Հայաստան-Ադրբեջան սահմանի վերաբերյալ ռազմական տեղեկատվությունը հասկանալի պատճառներով ամենամեծ ուշադրություն հրավիրողներից է: Այստեղ ունենք հին, արդեն կարծրացած խնդիրներ, ինչպես նաեւ հարցեր, որոնք նոր են ծագել, կարելի է ասել՝ հենց այս նոր տարվա ընթացքում:
Նշենք մի քանի խնդիրներ, որոնք նոր չեն: Ռազմական խնդիրների մասին խոսելիս պետք է հիշենք, որ բանակը ինչ-որ առումով փակ կառույց է եւ երբեք չի էլ կարող բացարձակ թափանցիկ լինել: Բանակի թափանցիկության սահմաններն ուրվագծվում են զինվորականների եւ քաղաքացիական հասարակության քննարկման, նույնիսկ պայքարի ընթացքում:
Սակայն, այսպես թե այնպես, բանակը բացարձակ թափանցիկ չի կարող կատարել իր ֆունկցիաները: Այնպես որ բանակի ներքին խնդիրների մասին հեղինակը կարող է խոսել միայն որպես կողմնակի դիտորդ, հասարակության տեսանկյունից:
ա. Վերջին տարիներին բանակը կարողացավ օպերատիվ եւ հնարավորինս թափանցիկ, հասարակության կողմից վստահություն առաջացնող հանրային կապերի համակարգ ձեւավորել: Սակայն մինչեւ հիմա տպավորություն կա, թե ՊՆ-ի եւ ՊԲ-ի հաղորդակցության ալիքները ներդաշնակ չեն, ինչի պատճառով Արցախում կատարվող իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվությունը ժամանակ առ ժամանակ բավական քաոտիկ է լինում եւ ընթացքում նոր հստակեցվում է:
բ. Լուրջ խնդիր է ռազմական փորձագետների պակասը: Փաստացի, ունենք իրավիճակ, երբ ռազմական թեմայից խոսում կամ գրում են մի քանի իրական փորձագետներ եւ բավական մեծ քանակով մարդիկ, որոնք իրավունք չունեն շոշափելու նման թեմաներ, քանի որ T-72-ը С-300-ից չեն տարբերում:
Բացի այդ՝ շատ քիչ են ռազմական թեմայով մասնագիտացած լրագրողները, որոնք պետք է կարողանան սակավաթիվ փորձագետների խոսքը ադեկվատորեն փոխանցել հանրությանը: Որպես հետեւանք՝ մամուլում եւ սոցցանցերում բավական զարմանալի վերլուծությունների կարելի է հանդիպել, որոնք հեռու են իրականությունից: Հաշվի առնելով սահմանային լարվածությունը՝ նման հրապարակումները լավագույն հետեւանքը չեն թողնում հասարակության վրա:
Հարցը նույնիսկ ոչ թե սխալ տեղեկատվություն տարածելն է, այլ այն, որ գրեթե բացակայում են միջնորդները, որոնք հասարակությանը կարող են բացատրել, թե ինչ է կատարվում ռազմական ոլորտում, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Ադրբեջանում, Թուրքիայում եւ այլուր:
Շատ հարցերում հայաստանյան հասարակությունը ստանում է փաստեր եւ դրանց ոչ կոռեկտ, ավելի շուտ՝ քաղաքականացված մեկնաբանություններ, որոնք միայն բարդացնում են իրականության ընկալումը:
գ. Հայաստանյան մամուլը եւ ընթերցողները շատ դժվարությամբ են տարբերում փաստերն ու քարոզչությունը, որը տարածվում է ադրբեջանական եւ այլ լրատվականների միջոցով: Այս հարցում դրական փոփոխություններ են նկատվում:
Իսկ նոր իրավիճակը ստեղծվել է Ադրբեջանի կողմից: Վերջին ամսվա ընթացքում ադրբեջանական բանակը արգելափակել է տեղեկատվական բոլոր հոսքերը, բացարձակ թույլ չի տալիս, որպեսզի Ադրբեջանի կողմից սահմանային բախումների մասին տեղեկատվություն դուրս գա:
Մի կողմից սա նվազեցնում է ադրբեջանական քարոզչության ազդեցությունը եւ փոքրացնում ապատեղեկատվության տարածման հնարավորությունը: Մյուս կողմից՝ հնարավոր ռիսկեր է պարունակում՝ հաշվի առնելով, որ հայկական կողմը թափանցիկ է աշխատում՝ կորուստների մասին տեղեկատվություն ներկայացնելով:
Ինչեւէ, հաշվի առնելով սահմանին լարվածությունը, սա եւ նման այլ հարցեր զուտ հռետորական չեն կարող մնալ:
Սամվել Մարտիրոսյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: