Լրագրողներն՝ իրենց աշխատանքային պայմանների մասին

13.12.2017, Նյուսրում

Լրագրող

Հայաստանում լրագրողների աշխատանքային պայմանների մասին ավելի լայն պատկերացում ստանալու և այդ մասին հոդված պատրաստելու նպատակով media.am-ը 2017թ. ամռանը հարցում էր կազմակերպել:

«Լրագրողների աշխատանքային իրավունքը. աշխատավարձ, աշխատանքային ժամեր, արձակուրդ» հարցումը անանուն էր: Մենք չենք խնդրել նշել նաև լրատվամիջոցների անունները, որտեղ մեր գործընկերներն աշխատում են, քանի որ նպատակը ոչ թե կոնկրետ լրատվամիջոցում պայմանների մասին տեղեկություններ հավաքելն էր, այլ ընդհանուր դաշտի խնդիրները վերհանելը:

Չորս օրում հարցմանը մասնակցել է 73 լրագրող` 53 կին և 20 տղամարդ: Այս նյութում վերլուծել ենք այդ լրագրողական հարցման արդյունքները, որոնք գուցե չեն փոխանցում/անդրադարձնում բոլոր լրատվամիջոցներում տիրող իրավիճակը, բայց կարևոր տեղեկություն են հաղորդում ընդհանուր դաշտի և աշխատանքային պայմանների մասին:

Հարցման արդյունքների համաձայն` լրագրողների կեսից ավելին համարում է, որ իր աշխատանքային իրավունքները խախտվում են տարբեր կերպ, բայց չի բարձրաձայնում այդ մասին, քանի որ փոփոխության հույս չունի կամ այլ աշխատավայր տեղափոխվելու այլընտրանք չի տեսնում: Շատերը չեն բողոքում` բացատրելով, թե դրանք մեդիա դաշտի կանոններն են, և բոլոր լրատվամիջոցներում նույն իրավիճակն է:

Լրագրողներն աշխատում են հիմնականում վեցօրյա աշխատանքային գրաֆիկով, օրական 8-10 ժամ, հաճախ չեն ստանում օրենքով նախատեսված արձակուրդ և հիմնականում չեն վարձատրվում արտաժամյա աշխատանքի համար: Ոմանք աշխատանքային պայմանագիր չունեն և գրանցված աշխատակիցներ չեն:

Հետաքրքիր է, որ հարցման արդյունքները էապես կախված են լրագրողների սեռից: Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են ընկալում իրենց մասնագիտական կարիերան ու դրանից բխող սպասելիքները:

Հարցումը ցույց է տալիս, որ տղամարդ լրագրողները օրական ժամաքանակով ավելի շատ են աշխատում, քան կին լրագրողները: Միևնույն ժամանակ աշխատող կանանց և տղամարդկանց համեմատության համատեքստում կին լրագրողներն ավելի շատ են աշխատում (12-16 ժամ և ավելի), քան շատ աշխատող տղամարդիկ (12 ժամ):

Տղամարդիկ ավելի հաճախ են բարձր աշխատավարձ ստանում, իսկ կանայք ավելի շատ են իրենց գնահատված զգում: Սակայն եթե տղամարդ լրագրողներն իրենց գնահատված զգալը փաստարկում են բարձր աշխատավարձով կամ դրա հեռանկարով, ապա կին լրագրողների համար վարձատրությունը գնահատված զգալու համար կարևոր գործոն չէ: Նրանք իրենց գնահատված են զգում ղեկավարության լավ վերաբերմունքից, կարևոր թեմաներ լուսաբանելու հնարավորությունից և անկախ այն փաստից՝ իրենց աշխատանքային իրավունքները խախտվում են, թե ոչ:

Հարցման մասնակիցների մասին

Հարցված լրագրողների մեծ մասը` 82,2%-ը, լրիվ դրույքով են աշխատում, իսկ 17,8%-ը` ֆրիլանսերներ են: Ընդ որում` հարցված տղամարդ լրագրողներից միայն մեկն է ֆրիլանսեր, իսկ կանանցից` 12-ը:

Հարցմանը մասնակցած լրագրողների 46,6%-ը աշխատում է ինտերնետային կայքերում, 24,7%` հեռուստատեսությունում, 12,3%-ը` թերթում, 4,1%-ը` ռադիոյում, 12,3%-ը մի քանի լրատվամիջոցում միաժամանակ:

Լրագրողների աշխատանքային փորձն էլ է տարբեր: Մինչև 5 տարի աշխատանքային փորձ ունեցող լրագրողները կազմում են հարցվածների 35,6%-ը: 32,9%-ն ունի 5-10 տարի, իսկ 31,5%-ը` 10 տարուց ավելի աշխատանքային փորձ:

Աշխատանքային օրեր ու ժամեր

Հարցված լրագրողների մեծ մասը (43,8%) աշխատում է շաբաթական 6 օր, 31,5%-ը շաբաթական 5 օր, 16,4%-ը` շաբաթական 7 օր և 8,2%-ը` խառը գրաֆիկով:

Լրագրողների 38,4%-ն աշխատում է 8 ժամ, 32,9%-ը` 10 ժամ, 9,6%-ը` 12 ժամ, 12,3%-ը` 8 ժամից պակաս: Ընդ որում 8 ժամից պակաս պատասխանած 9 լրագրողից 7-ը ֆրիլանսերներ են:

Հարցման պատասխանները ցույց են տալիս, որ շաբաթվա կտրվածքով առավելագույն օրերի քանակով աշխատող լրագրողները նաև ավելի երկար են աշխատում: Օրինակ` հինգ օր աշխատող 23 լրագրողներից միայն մեկն է 12 ժամ աշխատում, մեծ մասն աշխատում է 8 ժամ կամ պակաս: Մինչդեռ յոթ օր աշխատող 12 լրագրողներից կեսը աշխատում է 12-16 և ավել ժամ, և միայն երեքն են աշխատում 8 ժամ:Հարցված տղամարդկանց 15%-ը աշխատում է 8 ժամ, 60%-ը` 10 ժամ, 15%-ը` 12 ժամ, 10%-ը` 8 ժամից պակաս:

Հարցված կանանց 39,8%-ը աշխատում է 8 ժամ, 20,7%-ը` 10 ժամ, 16,9%` 12-16 և ավելի: 22,6%-ը ֆրիլանսերներ են:

Թեև տղամարդիկ միջինում ժամաքանակով ավելի երկար են աշխատում, քան կանայք, սակայն երկար աշխատող կանանց աշխատանքային ժամերն ավելի շատ են (12-16 ժամ և ավել), քան երկար աշխատող տղամարդկանց (12 ժամ):

Մյուս կողմից` ազատ գրաֆիկով (ֆրիլանսեր) աշխատող կանայք ավելի մեծ տոկոս են կազմում, քան ազատ գրաֆիկով աշխատող տղամարդիկ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդվածի համաձայն`

«Աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից: Ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը չի կարող անցնել ութ աշխատանքային ժամից, բացառությամբ սույն օրենսգրքով, օրենքով, այլ իրավական ակտերով և կոլեկտիվ պայմանագրով նախատեսված դեպքերի: Աշխատաժամանակի առավելագույն տևողությունը`

1) ներառյալ` սույն օրենսգրքի 145-րդ հոդվածով նախատեսված դեպքերում գործատուի պահանջով արտաժամյա աշխատաժամանակը, շաբաթվա ընթացքում չի կարող անցնել 48 ժամից.

2) ներառյալ` կողմերի համաձայնությամբ արտաժամյա աշխատաժամանակը, չի կարող անցնել օրական 12 ժամից (ներառյալ` հանգստի և սնվելու համար ընդմիջումները):

Տարբեր գործատուների կամ նույն գործատուի մոտ երկու և ավելի աշխատանքային պայմանագրերով աշխատողի ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը (ներառյալ` հանգստի և սնվելու համար ընդմիջումները) չի կարող անցնել օրական 12 ժամից»:

 

Աշխատավարձ

Հարցմանը մասնակցած լրագրողների 32,9%-ը ստանում է 100.000-150.000 դրամ աշխատավարձ, 26%-ը` մինչև 100.000 դրամ, 15,1%-ը` 150.000-200.000 դրամ, 12,3%-ը` 200.000-250.000 դրամ, 5,5%-ը` 250.000-300.000 դրամ, 5,5%-ը` 400.000 դրամից ավել, 2,7%-ը` 300.000-400.000 դրամ:

Հարցված 20 տղամարդ լրագրողից 3-ը ստանում են 400.000 դրամից ավել աշխատավարձ, մինչդեռ 53 կին լրագրողից միայն 1-ն է 400.000 դրամից բարձր աշխատավարձ ստանում: Մինչև 100.000 դրամ աշխատավարձ ստանում է 15 կին և 4 տղամարդ լրագրող:

 

Ձեզ գնահատված զգու՞մ եք աշխատավայրում

Հարցված տղամարդ լրագրողներից իրեն աշխատավայրում գնահատված է զգում 60%-ը, չգնահատված` 40%-ը: Գնահատված զգալը տղամարդիկ հիմնականում փաստարկել են նորմալ աշխատավարձով, աշխատավարձի բարձրացմամբ կամ դրա հեռանկարով: Չգնահատված զգալը նույնպես գումարային հենք ունի. տղամարդ լրագրողներն իրենց գնահատված չեն զգում աշխատանքի դիմաց ցածր աշխատավարձի և/կամ հավելավճարների բացակայության պատճառով:

Հարցված կանանցից իրեն գնահատված է զգում 62%-ը, չգնահատված` 38%-ը: Ընդ որում` իրենց գնահատված համարող կանանց պարագայում նշանակություն չունի աշխատավարձի չափը. կին լրագրողներն իրենց նույնքան գնահատված են զգում թե’ մինչև 100.000 դրամ, թե’ 400.000 դրամից ավելի աշխատավարձի դեպքում:

Հարցված կանայք իրենց գնահատված են համարում, երբ`

  • ղեկավարությունն իրենց լավ է վերաբերվում
  • գործընկերները սիրով են ընդունում
  • կարծիքը հաշվի են առնում
  • թույլ են տալիս պատասխանատու թեմաներ լուսաբանել
  • թույլ են տալիս աշխատանքից բացակայել
  • չեն ստիպում պատվերով նյութեր գրել:

Իրենց չգնահատված համարող կին լրագրողների միայն մի մասն է չգնահատված զգում աշխատանքի դիմաց ոչ համարժեք վարձատրության պատճառով, մյուսների փաստարկը ղեկավարության կողմից իրենց աշխատանքը փնովելն ու լրագրողի դերը չկարևորելն է:

Իրավունքի խախտումներ

Լրագրողների կեսից ավելին` 56,2%-ը կարծում է, որ իր իրավունքներն աշխատավայրում խախտվում են, 43,8%-ը այդպես չի համարում:

Հետաքրքրական է, որ եթե տղամարդ լրագրողների շրջանում գնահատված զգալն ու աշխատանքային իրավունքները խախտված/չխախտված համարելը փոխկապակցված են, ապա կին լրագրողների դեպքում նման փոխկապակցվածություն չկա: Կին լրագրողների մի մասը թեև համարում է, որ աշխատավայրում իր իրավունքները խախտվում են, այնուամենայնիվ, աշխատավայրում իրեն գնահատված է զգում:

Մյուս կողմից` լրագրողների մի մասը, որը համարում է, թե իր աշխատանքային իրավունքները չեն խախտվում, հարցաշարի այլ պատասխաններում աշխատանքային օրենսգրքի ակնհայտ խախտումներ է նշել (օրինակ` օրական 12+ ժամ աշխատանք, տարեկան 10-14 օր արձակուրդ) ինչից կարելի է ենթադրել, որ լրագրողների մի մասը լավ տեղյակ չէ իր իրավունքներից:

Որպես աշխատանքային իրավունքի խախտումներ լրագրողները հիմնականում նշել են հետևյալ փաստարկները`

  • «չեն գրանցում ու ստիպված ես համակերպվել դրա հետ»
  • «ավելի շատ ու երկար եմ աշխատում, քան նախատեսված է պայմանագրով»
  • «արտաժամյա աշխատանքի համար չեմ վարձատրվում»
  • «աշխատում եմ նաև շաբաթ-կիրակի օրերը»
  • «արձակուրդը քիչ է»
  • «վճարովի արձակուրդ չեն տրամադրում»
  • «աշխատավարձը սեփական հայեցողությամբ են տալիս, ժամկետները ձգձգում են»
  • «նույնիսկ արձակուրդի ընթացքում աշխատեցնում են»
  • «ստվերային աշխատող եմ, սակայն իմ աշխատավարձից սոց պահումներ են անում»

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 159 հոդվածի համաձայն` «Ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը 28 օր է: Ոչ լրիվ աշխատաժամանակի պայմաններով աշխատողների ամենամյա արձակուրդը չի կրճատվում»: Բացի այդ` լրագրողներին տրամադրվում է ամենամյա լրացուցիչ արձակուրդ` համաձայն աշխատանքային օրենսգրի 161-րդ հոդվածի, որով նշվում է, որ լրացուցիչ արձակուրդ է տրամադրվում`

1) աշխատանքի վնասակար և վտանգավոր պայմաններում աշխատողներին.

2) չնորմավորված աշխատանքային օրով աշխատողներին.

3) հատուկ բնույթի աշխատանքներում աշխատողներին:

ՀՀ Կառավարության 2005 թվականի որոշման համաձայն` ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկում ներառված են նաև լրագրողները: Լրագրողները տարեկան 28 օր արձակուրդից բացի ստանում են լրացուցիչ 4 աշխատանքային օր արձակուրդ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 146 հոդվածի համաձայն`

« 1. Գործատուի պահանջով արտաժամյա աշխատանքը իրար հաջորդող երկու օրվա ընթացքում չպետք է գերազանցի 4 ժամը, իսկ տարվա ընթացքում` 120 ժամը:

Կողմերի համաձայնությամբ արտաժամյա աշխատաժամանակի տևողությունը` հիմնական աշխատաժամանակի հետ, իրար հաջորդող երկու օրվա ընթացքում չի կարող անցնել օրական 12 ժամից (ներառյալ` հանգստի և սնվելու համար ընդմիջումները):

2. Գործատուն պարտավոր է յուրաքանչյուր աշխատողի կատարած արտաժամյա աշխատաժամանակը ստույգ հաշվառել աշխատաժամանակի հաշվառման տեղեկագրերում:»

 

Իրավունքի խախտման մասին բարձրաձայնելը

Թեև հարցված լրագրողների մեծ մասը կարծում է, որ իր աշխատանքային իրավունքները խախտվում են, 61,6%-ը երբևէ չի բարձրաձայնել այդ մասին:

Իրավունքի խախտումների մասին չբարձաձայնելը լրագրողների մեծ մասը պատճառաբանել է հետևյալ կերպ`

  • «համատարած խախտումների դեպքում իմաստ էլ չունի բարձրաձայնելը, ընդհանուր լրատվական դաշտի կանոններն են»
  • «դա որևէ արդյունք չի տա. մասնավոր սեկտոր է՝ դուրդ չի գալիս՝ հեռացիր, քո փոխարեն միշտ ուրիշը կգտնվի, որ համաձայն է պայմաններին»
  • «մտածել եմ, որ գուցե այլ աշխատանք չգտնեմ, նույն գումարով»
  • «առիթ չի եղել»
  • «իմաստը ո՞րն է.. չես ուզում մի աշխատիր…»
  • «սովորաբար բարձրաձայնում եմ ինձ հուզող խնդիրների մասին, պարզապես շատ դեպքերում իմ աշխատավայրում արդեն կան ձևավորված ավանդույթներ, որոնք խախտելը դժվար է»
  • «նախկինում բարձրաձայնելու փորձերը տխուր ավարտ են ունեցել` աշխատանքից ազատվելու, կամ նվազագույնը իմ հանդեպ լարվածություն և ոչ բարյացակամ վերաբերմունք ստեղծելու արդյունքով»:

Աննա Բարսեղյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?