2014.07.02,

Նյուսրում

«Ժողովուրդ»-ը հեռացրեց փողոցում մերկացած կնոջ մասին նյութը, սակայն համաձայն չէ, որ էթիկայի խախտում է թույլ տվել

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

«Ժողովուրդ» թերթը որոշեց հեռացնել իր Armlur.am կայքում հրապարակված «Հայուհու մերկ լոգանքը Իսակովի պողոտայում» վերնագրով նյութը։

Հոդվածին ուղեկցող լուսանկարներում եւ տեսանյութում պատկերված էր փողոցում կանգնած` մինչեւ գոտկատեղը մերկ մի կին:

Նյութում նշվում էր, որ երեւանցի «թափառաշրջիկ» այդ կինը Իսակովի պողոտայում «լոգանք» էր ընդունում ոռոգման ջրով:

Նյութը «Հանուն բարեխիղճ լրագրության» ֆեյսբուքյան էջում մասնագիտական թեժ քննարկման առիթ էր դարձել։ Շատ լրագրողներ մերկ կնոջ լուսանկարը տեղադրելն էթիկայի խախտում, իսկ լրատվամիջոցի այս քայլն անընդունելի էին համարել:

«Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք»-ը հայտարարություն էր տարածել, որով «Ժողովուրդ» թերթից պահանջում էր անհապաղ հեռացնել նյութը կայքից:

«Ձեր կայքի վարքագիծն անընդունելի է, քանի որ մարդու իրավունքների կոպիտ խախտում է արձանագրվել, եւ անպարկեշտ ձեւով ստորացվել է հոգեկան առողջության խնդիր ունեցող ՀՀ քաղաքացու պատիվն ու արժանապատվությունը: Բացի այդ` լրագրողական պրոֆեսիոնալիզմին հարիր չէ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց ծաղրի ենթարկելը եւ դրանով սենսացիա ստեղծելը»,- ասվում էր հայտարարության մեջ:

«Տեսանյութում երեւում է, որ մարդն ակնհայտորեն առողջական խնդիր ունի: Այս նյութը հրապարակելը մարդու արժանապատվությունը նսեմացնող արարք է, որը պատժվում է քրեական օրենսգրքով, հատկապես եթե մասայական է արվում` լրատվամիջոցներով: Պարզապես ամենացավալին այն է, որ լրատվամիջոցը չի գիտակցում, որ ծաղրի է ենթարկել մարդու, ով հոգեկան առողջության խնդիր ունի եւ թույլ է տվել խախտում թե’ լրագրողական էթիկայի,  թե’ մարդու իրավունքների տեսանկյունից»,- ասում է «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միության նախագահ Զարուհի Բաթոյանը:

Բաթոյանի խոսքով` լրատվամիջոցները պետք է հատկապես զգույշ լինեն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց մասին որեւէ նյութ հրապարակելիս, քանի որ նրանք կրկնակի խոցելի են հաշմանդամություն ունեցող մարդկանց խմբում:

Նա գտնում է, որ նման նյութ հրապարակելն այցելուների ավելի մեծ քանակ ապահովելու նպատակ է ունեցել:

«Աստղերի մերկ լուսանկարներն ու վիդեոները հրապարակելը վերջացրինք, հիմա անցանք հոգեկան առողջության խնդիրներ եւ խնամքի կարիք ունեցող մարդկանց ծաղրի՞ն: Չեն մտածու՞մ, որ այդ կինը գուցե երեխաներ, հարազատներ, ընտանիքի անդամներ ունի, ինչպե՞ս կարելի է նման բան անել»,- ասում է Զարուհի Բաթոյանը:

Մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանի խոսքով` նման նյութ հրապարակելը լրագրողական էթիկայի կոպիտ խախտում է:

«Լրատվամիջոցները հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին որեւէ նյութ պատրաստելիս պետք է շատ զգույշ լինեն: Նրանց անօգնական վիճակը շահագործելը էթիկայի տեսակետից անընդունելի եւ դատապարտելի է»,- ասում է Մեսրոպ Հարությունյանը:

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նույնպես դատապարտում է նման նյութի հրապարակումը:

«Այս նյութը բարուց եւ չարից անդին է։ Նույնիսկ դժվար է խոսել այն մասին, որ անմեղսունակ մարդկանց առանց թույլտվության չի կարելի նկարահանել, որ մերկ կնոջ նկարը տեղադրելը նույնպես սխալ է։ Հարցն այն է, որ նման նյութերը յուրահատուկ մթնոլորտ են ձեւավորում,  որը քյարթուների լեզվով ասած` ցնորվածների վրա կայֆավատ լինելը դարձնում է կյանքի նորմ»,- ասում է Սամվել Մարտիրոսյանը։

Մինչեւ նյութը կայքից հեռացնելը, Media.am-ին տված մեկնաբանությունում «Ժողովուրդ» թերթի խմբագիր Թագուհի Թովմասյանն ասում էր, որ Armlur.am-ն ընդամենը ներկայացրել է իրականությունը:

«Եթե այդ մարդը հոգեկան հիվանդ է, դա մեր պրոբլեմը չէ, առողջապահության նախարարությունը պիտի մտածի, որ հոգեկան հիվանդները փողոցում չհայտնվեն, որովհետեւ սա առաջին դեպքը չէ: Այդ մարդը այսօր մերկացել է, բայց դեպքեր եղան, որ հոգեկան հիվանդները մարդկանց դանակահարեցին, այսինքն` միեւնույն է,  զոհը հասարակությունն է, եւ եթե այդ մարդը հոգեկան հիվանդ է ու դրսում է, դրա մեղավորը հաստատ Armlur.am-ը չէ»,- ասում է նա:

«Ժողովուրդ» թերթի կայքի` Armlur.am-ի պատասխանատու Դավիթ Վանեսյանի կարծիքով` հրապարակման մեջ էթիկայի որեւէ խախտում չի եղել: նա շեշտում է, որ իրենք նկարահանումն արել են հանրային վայրում՝ Իսակովի պողոտայում։

«Ֆեյսբուքում շատ կարծիքներ են հնչում, որ այդ մարդը հոգեկան հիվանդ է, ես հարց եմ տալիս ֆեյսբուքում գրողներին` որտեղի՞ց եք ճշտել այդ մարդու առողջական վիճակը, արդյոք դա գրողները շատ ավելի վատ բան չեն անում, քան իրենց թվում է, թե մենք ենք արել: Նրանք մարդուն ամենավատ ձեւով պիտակավորում են: Եթե մարդն, ի վերջո, հոգեկան հիվանդ է, ինչը կարելի է կասկածել, ի՞նչ գործ ունի նա հասարակական վայրում, ինչու՞ պատկան մարմինները նրան չեն մեկուսացնում եւ չեն զբաղվում նրա առողջության վերականգնմամբ»,- ասում է նա:

Դավիթ Վանեսյանի խոսքով` լրատվամիջոցը ծաղրելու նպատակ չի ունեցել:

«Նյութը նպատակ է ունեցել պատկան մարմինների ուշադրությանը հրավիրել, որ այս քաղաքում կան նման մարդիկ, ու նրանց մեկուսացնել է պետք, ճշտել է պետք նրանց առողջական վիճակը: Այս նյութը նպատակ է ունեցել պարզ լրագրողական ֆունկցիա իրականացնելու` իրականությունը ներկայացնելու»,- ասում է նա:

Օրվա վերջում Armlur.am կայքից քննարկվող նյութը հեռացվեց։ «Ժողովրդի» ֆեյսբուքյան էջը տարածեց թերթի լրագրող Տաթեւ Հարությունյանի գրառումը, որտեղ նշվում է, որ հոդվածը հեռացրել են, քանի որ «եթե մեր որեւէ հրապարակման շուրջ կա անհասկացվածություն, մենք թույլ չենք տա դա խորանա: Կհեռացնենք հրապարակումը՝ առանց որեւէ մեկի հասցեին վիրավորանք հնչեցնելու: Առանց այդ էլ մեր հասարակության մեջ մաղձը շատ է, մենք սեր ենք քարոզում: Սիրեք իրար, կյանքը կարճ է»:

Աննա Բարսեղյան 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *