2014.11.18,

Տեսակետ

«Դեմքը մարդու սեփականությունն է, և նույնիսկ մահից հետո ոչ ոք իրավունք չունի այն օգտագործել»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Լուսանկարիչ Գերման Ավագյանը լուսանկարելուց առաջ աշխատում է խորասուզվել մարդկային ճակատագրերի ու իրադրության մեջ այնքան, որքան թույլ է տալիս իրավիճակն ու իր ներքին զգայական համակարգը: Երկար զրուցում է մարդու հետ, ընկերանում, հարցեր տալիս և, ամենակարևորը, լսում է: Լսածն ու վերապրածը դառնում են շրջանակված մի ակնթարթ, որի հետևում միշտ պատմություն է:

Ի վերջո, լուսանկարչի պրոֆեսիոնալիզմը հենց պատմություն ակնարկելն է, այլ ոչ թե միայն հոգեցունց, շշմեցնող ու սկանդալային կադրեր տարածելը:

Գերման Ավագյանն աշխատել է և՛ որպես ֆոտոլրագրող (նաև միջազգային համբավ ունեցող CNN-ի համար), և՛ սեփական հեղինակային վավերագրական ֆոտոնախագծեր է ստեղծել:

Նա վստահ է, որ ցանկացած լուսանկար պիտի փոխի դիտողին, կամ էլ գոնե դրդի նրան մտորել, հուզականորեն հարստացնել, այլ ոչ թե իր ներգործման էֆեկտով «հարվածել» ուղեղին:

Մեր մեդիա դաշտի խնդիրներից մեկը, ըստ Գերման Ավագյանի, լրագրողի ու հատկապես ֆոտոլրագրողի մասնագիտության արժեզրկումն է: Նաև դա փոխելու նպատակով էլ նա ցանկանում է Երևանում ֆոտոդպրոց հիմնել:

«Մի գաղտնիք բացեմ. ոչ մի լուսանկարիչ ոչինչ սովորեցնել չի կարող, սովորեցնելն ընդհանրապես անհնարին է, կարելի է միայն միասին աշխատել: Ուզում եմ միասին ընտրենք, կառուցենք, զգանք ֆոտոժապավենի հետ շփման հաճույքը»,- ասում է նա:

Ինտերնետի գոյությունն առաջին հերթին ազդեց վիզուալ դաշտի վրա: Ահռելի քանակի պատկերներ լցվեցին մեր կյանք՝ խճճելով այն: Այս ֆոտոգրոհը ինչպե՞ս ազդեց մեդիա դաշտի վրա:

Լրագրողական ու վավերագրական ֆոտոները տարբեր են: Ես գտնում եմ, որ լուսանկարը բացիկ չէ, այլ պատմություն է, և այդ սկզբունքով էլ աշխատում եմ տարիներ շարունակ: Իսկ ինտերնետն ազդեց ոչ միայն ֆոտոների, այլև տեքստի վրա:

Ի՞նչ է, մեդիա դաշտում հայտնվող լրագրողական հոդվածները չե՞ն խճճում: Բառերը նույնքան շատ ու հաճախ անորակ են, որքան պատկերները:

Ինձ ավելի շատ բարկացնում է, որ Հայաստանում ամեն ինչ արվում է լրագրողի (և հատկապես ֆոտոլրագրողի) մասնագիտությունը վարկաբեկելու համար:

Ստեղծվում է ագրեսիվ, կիսագրագետ լրագրողի կերպար, որը մարդկանց կյանք է ներխուժում ու ինչ ուզում, լուսանկարում է, ինչպես ուզում, վարվում է:

Կամ իշխանություններն են չափազանց խելացի, որ կարողանում են այդ աստիճան արժեզրկել լրագրողի մասնագիտությունը, կամ էլ հասարակությունն է անպատրաստ դիմադրել:

Ադրբեջանում, օրինակ, լրագրողներին բանտ են նետում, իսկ մեզ մոտ վարկաբեկում են՝ նույն հարթության վրա դնելով ոչ պրոֆեսիոնալ, ագրեսիվ ինքնահավանների հետ: Խոսքի ազատություն կա, բայց խոսքն արժեք չունի, քանի որ քեզ կարող են ասել՝ բա դա չե՞ք:

Եվ ստացվում է, որ ես էլ եմ ֆոտոլրագրող, ոմն կիսագրագետը, բայց հայտնին՝ նույնպես:

Լրագրողի վարկանիշը բարձրացնելու և վերջերս արձանի արժանացած լրագրողական զանգվածին չնմանվելու համար լուրջ ջանքեր է հարկավոր գործադրել:

Ինչպե՞ս վարվել, երբ լուրի, ինֆորմացիայի հիմքը ցնցումն է, մահը, և հարկ է ցույց տալ մահացածներին, արյուն, վթար, աղետ: Լրագրողական էթիկան ու իրականությունը պատկերելու պարտքը հաճախ հակասում են իրար:

Խնդիրը ոչ թե լրագրողական, այլ պարզ մարդկային էթիկան է: Միշտ ասել եմ, որ չի կարելի նկարահանել ու ցուցադրել մահացած մարդկանց դեմքերը: Ի վերջո, ֆոտոլրագրողի պրոֆեսիոնալիզմը պարտադրում է այնպիսի լուսանկար անել, որտեղ կերևա աղետը, բայց մահացածի դեմքը չի երևա:

Հիշում եմ՝ 1988-ի երկրաշարժից հետո բազմաթիվ լուսանկարների շարքում տեսա մի լուսանկար, որը պատկերում էր բակում դրված դագաղներ: Բոլոր մահացած մարդկանց դեմքերը փակ էին, բայց մեկը բաց էր` առանց ծածկոցի:

Հարցրի լուսանկարչին՝ ինչպե՞ս են մոռացել ծածկել։ Պատասխանեց՝ ես եմ բացել, ուզում էի ավելի ազդեցիկ լուսանկար անել։

Համոզված եմ, որ նա այդպես վարվելու իրավունք չուներ, դեմքը մարդու սեփականությունն է, և նույնիսկ մահից հետո ոչ ոք իրավունք չունի այդ սեփականությունն օգտագործել։

Դա մարդու իրավունքների խախտում է, նույնիսկ եթե մեծ էֆեկտ ունեցող ֆոտո է ծնվում։

Անգամ ամենաէժանագին հոլիվուդյան ֆիլմերում տեսնում ենք, որ առաջին հերթին փակում են մահացած մարդու դեմքը: Ոստիկանը մոտենում է, հանում իր բաճկոնն ու արագ փակում դիակի դեմքը: Դա է կարգը:

Մահն ու աղետը ավելի ազդեցիկ են լուսանկարներում, քան երբ բառերով են նկարագրվում: Իսկ մեդիան ուզում է ազդեցիկ նյութեր անել:

Ի՞նչ իմաստ կա լուսանկարել դագաղում պառկած մարդուն: Եթե գրեն, որ նա մահացել է, դա բավական չի՞ լինի, չե՞ն հավատա:

Կան լուսանկարիչներ, որոնք հանգիստ նկարում են, ես դա անել չեմ կարող: Երբ 2010-ի Օլիմպիական խաղերի օրերին զոհված մարզիկի թաղումն էր, ես գնացի Բակուրիանի` թաղմանը, և լուսանկարեցի:

Բայց ինձ ավելի շատ հետաքրքրում էր ոչ թե մահացածը, այլ ծիսակարգը, արարողության պատրաստումը: Որոշ կադրերում նաև դագաղն է երևում, բայց այդ ֆոտոները ես երբեք չեմ ցուցադրել:

Լուսանկարից արդեն իսկ պարզ է, որ սա թաղում է, էլ ի՞նչ կարիք կա մահացածի դեմքը ցուցադրել:

Հասկանում եք, մարդն այնպիսի էակ է, որը սահմանափակ քանակությամբ էմոցիաներ է ընկալում:

Եվ եթե մեդիան ուզում է ազդեցիկ նյութ անել, այդ սահմանը պիտի հաշվարկի, այլապես հակառակ էֆեկտը կստանա. ցնցվելու փոխարեն, լսարանն ավելի անտարբեր կդառնա:

Գոյություն ունի զգացմունքայնության շեմ, որն անցնելով` մարդը դադարում է ընկալել ու զգալ ցավը, վտանգը: Նրա համար ամեն ինչը միևնույն է դառնում:

Եթե մի տեսանյութ հարյուր անգամ ցույց տաս ու տարածես, մարդը կդադարի ընկալել այն շատ պարզ պատճառով` կբթանա նրա ընկալողությունը:

Հենց դա տեղի ունեցավ 2001-ի սեպտեմբերի 11-ին, երբ Նյու Յորքում պայթեցվեցին զույգ աշտարակները: Այդ ժամանակ Ամերիկայում էի ապրում, և հիշում եմ, թե ինչպես էին պայթյունի կադրերն ազդում մարդկանց վրա. սկզբում սարսափ էր, կարեկցանք, իսկ հետո զգացմունքները բթացան, արձագանքը թուլացավ:

Բարկացնում է, որ Հայաստանում ամեն ինչ արվում է լրագրողի (և հատկապես ֆոտոլրագրողի) մասնագիտությունը վարկաբեկելու համար:

Ստեղծվում է ագրեսիվ, կիսագրագետ լրագրողի կերպար, որը մարդկանց կյանք է ներխուժում ու ինչ ուզում, անում է։

Եթե ֆոտոլրագրողը դաստիարակված մարդ է, նա չի լուսանկարի նաև հոգեկան հիվանդներին, ասենք, մերկ կամ նսեմացնող իրավիճակում: Եթե հանկարծ մի հիվանդ այնպիսի շարժում անի, որ կուրծքը երևա, ես ոչ միայն խցիկը, այլև հայացքս կփախցնեմ:

Գիտեմ մի հեղինակի, ով հատուկ նախագիծ էր արել հոսփիսում՝ լուսանկարելով մարդկանց մահից առաջ ու հետո: Շատ հետաքրքիր դիմանկարներ էին:

Բայց հեղինակը դեռևս կենդանության օրոք այդ մարդկանցից իրենց լուսանկարելու թույլտվություն էր ստացել, բացի այդ՝ լուսանկարները մի քանի տարի տևած աշխատանքի, շփման արդյունք էին:

Իսկ մեզ մոտ լուսանկարիչները գալիս են, արագ-արագ չխկացնում են իրենց սարքերով ու միանգամից տարածում պատկերները:

Ձեր բոլոր ֆոտոնախագծերը փորձում են կապ ստեղծել տարբեր տարիների, հերոսների միջև: Կարելի՞ է ասել, որ լուսանկարը փոխում է մոտեցումն այս կամ այն խնդրի հանդեպ:

Միշտ ուզում եմ, որ այդպես լինի: Երկար տարիներ լուսանկարել եմ Արցախի պատերազմից հետո մնացած պայթուցիկ զինամթերքի, ականների պատճառով հաշմանդամ դարձած երեխաներին (շատերը հիմա իմ ընկերներն են): Այո, այդ նախագծից հետո շատ բան փոխվեց:

Ցանկացած վավերագրական նախագիծ, որը հայտնվում է մեդիայում (լայն իմաստով նաև ամենուրեք, քանի որ ամեն ինչն էլ մեդիա է), պիտի ազդեցություն թողնի հենց կյանքի վրա, այլապես ինչի՞ համար է այն արվել:

Մի անգամ 1997-ին լուրջ սխալ գործեցի: «Առավոտ» թերթում էի աշխատում, երբ տեղեկություն ստացանք, որ Կիևյան կամրջից նետվելով` մի մարդ է ինքնասպան եղել: Շատ արագ հասա դեպքի վայր, անգամ ոստիկաններից ու բժիշկներից շուտ, լուսանկարեցի ու գնացի: Ֆոտոները տպագրվեցին, բայց նույնիսկ հիմա՝ տարիներ անց, զղջում եմ արածիս համար:

Միշտ մտածում եմ՝ եթե մի քանի րոպե շուտ հասնեի, խոսեի մարդու հետ, արդյո՞ք կստացվեր կանխել ինքնասպանությունը:

Երևի թե չէր ստացվի, բայց փորձել պետք է, քանի որ կյանքը մեզ տրված ամենագեղեցիկ նվերն է, և դրա մասին կարելի է հիշեցնել հենց լուսանկարների միջոցով:

Առաջարկում եմ Կիևյան կամրջի մոտակայքում պաստառներ փակցնել, որոնք կհիշեցնեն հենց կյանքի արժեքի մասին:

Lուսանկարն ավելի մեծ ներգործություն ունի, քան տեսագրությունը. ֆոտոյի առավելությունը վիդեոյի նկատմամբ հենց հիշվելու հատկությունն է:

Չարժե կադրը անիմաստ բաներին ծառայեցնել:

Հարցազրույցը` Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *