2013.09.30,

Տեսակետ

«Լրագրողն այլեւս անելիք չունի»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Հետաքննող լրագրողների «Հետք» առցանց լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է այն մասին, որ Հայաստանի իշխանությունները կարողացան ոչնչացնել մեդիա դաշտը, որտեղ լրագրողներն այլեւս չեն կարողանում իրենց տեղը գտնել:

«Բավականին ժամանակ է մտմտում եմ «Հետք» թերթը փակելու մասին: Որովհետեւ մեդիա դաշտում, մենք կարծես թե արդեն տեղ եւ անելիք չունենք»,- հայտարարել է լրատվական դաշտում մեծ կշիռ ու հեղինակություն ունեցող «Հետք»-ի խմբագիրը: Այդ գրառումից հետո ցանցային մեդիան շտապեց հայտարարել, որ «Հետքը» փակվում է:

Իսկ Էդիկ Բաղդասարյանը շեշտեց, որ թեեւ ծայրաստիճան հուսահատ վիճակում է հայտնվել, քանի որ եւ՛ ողջ մեդիա դաշտը, եւ՛  լրագրողական մասնագիտությունը խեղաթյուրված է, սակայն նոր հետաքննություններ անելուց «Հետքը» դեռ չի հրաժարվում:

Ձեր գրառումը մեծ ալիք բարձրացրեց: Ի՞նչն է այս հոռետեսական գրառման դրդապատճառը:

Մեդիա դաշտում գործելով՝ այլեւս չես հասկանում, թե ինչու է պետք թերթ տպագրել, լրատվամիջոց պահել: Անձամբ ինձ հուսահատությունը լրիվ խեղդում է: Մեդիա դաշտն ամբողջովին խեղաթյուրված է:

Պատճառը ճնշումնե՞րն են:

Ճնշումների պատճառով լրատվամիջոց չի փակվում, խնդիրն ավելի պարզ ու միաժամանակ խորքային է:

Տեսեք, թե ինչպես են պետական պաշտոնյաները, օլիգարխները կարգավորում իրենց հարաբերությունները խմբագիրների հետ, լրագրողները ում պատվերներն են կատարում, ում փողերով են մեկնում հանգստանալու եւ էլի նման բաներ:

Հայաստանում մեդիան ամենավերահսկվող դաշտն է դարձել: Նյութերի, թեմաների վերահսկումը, դրանց հրապարակումների կազմակերպումը հստակ է:

Խնդիրն այն է, որ ինֆորմացիայի ավանդական աղբյուրներն այլեւս չեն աշխատում: Այլեւս կարիք չկա լրագրողական հետաքննություն անցկացնել (իսկ դա հաճախ ամիսներ է տեւում), սեփական աղբյուրները գտնել այս կամ խնդիրը բազմակողմանի ներկայացնելու համար: Հիմա ինֆորմացիայի աղբյուրներն իրենց սեփական մեդիան ունեն ու միանգամից կարողանում են տարածել ինֆորմացիան՝ իրենց հարմար տեսակետից: Հիմա ամեն մի պաշտոնյա ու գերատեսչություն իր մեդիան ունի:

Ոստիկանությունն, օրինակ, մի քանի սեփական կայքեր ունի, որտեղ տեղեկությունն ավելի արագ է հրապարակվում, քան անգամ ոստիկանության պաշտոնական կայքում: Դա աննորմալ իրավիճակ է: Պաշտոնապես ինֆորմացիա չկա, բայց պաշտոնական աղբյուրից սնվող կայքերը գրում են այդ մասին:

Ընդ որում՝ դրանցից շատերը չունեն ոչ հասցե, ոչ լրագրողական աշխատակազմ:

Մեդիայի դերը անասելի նվազել է, փոխարենը մեծացել է տարատեսակ կայքերի դերակատարությունը:

Կայքերից շատերը մեդիա չե՞ն:

Ո՛չ, դրանք մեդիա չեն, քանի որ դրանց հիմնական նպատակը ոչ թե ինֆորմացիա հավաքագրելն է, այլ ինֆորմացիա ցրելը: Լրագրողները ամիսներով չարչարվում են, մի թեմա են ուսումնասիրում, աշխատում են աղբյուրների հետ, իսկ արդյունքում նրանց աշխատանքը կորչում է այս կայքերի հորձանուտում:

Միահամուռ ուժերով անթիվ կայքեր մեդիա դաշտ են նետում մի աննշան ու ցրող թեմա, ասենք՝ համբույր, կրծքեր, արյունոտ ինքնասպանություններ ու վթարներ, եւ դրանով իսկ ոչնչացնում են լրագրողի կողմից բարձրացրած թեմաների արժեքը:

Եվ պետք է ասեմ, որ դա բավական խելացի ու հետեւողական է արվում: Մեդիա դաշտի ոչնչացումը պլանավորված գործ է, որը ոչ թե երեկ, այլ շատ ավելի վաղ է սկիզբ առել:

Այս վերջին 4-5 տարում հասանք նրան, որ մեդիա դաշտը լրիվ դատարկվեց ու արժեզրկվեց: Եվ դրանից հետո մի բան է մնում միայն. դաշտից դուրս գալ, քանի որ այստեղ զզվելի բաներ են կատարվում:

Իսկ որքանո՞վ է հիմնավոր «Հետք»-ի գործունեության կասեցումը: Շատ կայքեր արդեն իսկ գրել են, որ ձեր հիմնադրված լրատվամիջոցը հրաժեշտ է տալիս մեդիա դաշտին:

Այս իրավիճակում աշխատելն, իհարկե, անիմաստ է դառնում, սակայն «Հետքը» հո վա՞ղը չի փակվելու:

Իհարկե, մենք բազմաթիվ խնդիրներ ունենք, եւ հիմնականը ֆինանսական պրոբլեմներն են: Հնարավոր չէ լրագրողներից լավ աշխատանք պահանջել եւ միեւնույն ժամանակ նրանց ընդամենը 60-70 հազար դրամ աշխատավարձ վճարել:

Բայց մենք պարտավորվածություններ ու ծրագրեր ունենք, որոնք պետք է ավարտին հասցնենք:  Այնպես որ, մինչեւ այս տարվա վերջ, հաստատ կաշխատենք: Եվ դեռ մի քանի հետաքննություն պետք է անենք: Հիմա, օրինակ, սպասում ենք օֆշորային պատմությունը հետաքննող քննչական խմբի վերադարձին, որը նախկին հրապարակումների շարունակությունը կդառնա:

Ձեր խոստացած մեդիադաշտի, մեդիա սեփականատերերի ու նպատակների հետաքննությունը լինելու՞ է:

Այո:

Հարցազրույցը՝ Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *