«Էբոլայի խուճապը». խորհրդավոր վարակը «կպել է» լրատվամիջոցներին

03.11.2014, Քննադատ

Լրագրող, հիմնական հետաքրքրությունները. հեռուստատեսություն, նոր մեդիա, էպիկուրյան փիլիսոփայություն

«Էբոլայի առաջին դեպքը ԱՄՆ-ում».  այս վերնագիրը կտրուկ փոխեց ամերիկյան լրատվամիջոցների օրակարգը։

էբոլան ամերիկյան հասարակություն թափանցեց միանգամից՝ շնորհիվ հատուկենտ վարակակիրների եւ լրատվամիջոցների։

Էբոլայի «հայրենիքը» Լիբերիան է, որտեղ մահացու վիրուսի առաջին ախտորոշումները գրանցել են դեռ մարտից։ Լիբերիացի լրագրող Պրիսիլա Քուայան օգոստոսին տեղափոխվել է Ամերիկա՝ սովորելու։

Նրա կարծիքով` Ամերիկայում Էբոլայի լուսաբանման ընթացքում անընդհատ խուճապ է տարածվում՝ մասամբ լրագրողների, մասամբ էլ հասարակության անտեղյակ լինելու պատճառով։

542

«Այդ վիրուսը մսի հետ շփվելուց է առաջացել։ Անասունների մորթի, մսի պահպանման կանոնները չպահպանելու հետեւանքով անցել է մարդկանց։ Հիվանդներին  խնամում են մեծ խմբերով, դա էլ նպաստում է տարածմանը։

Բացի այդ` մարդիկ շփվում են դիակների հետ՝ թաղման ժամանակ հրաժեշտի համբույր են տալիս, կպչում են մեռածի մարմնին։ Իսկ դա վիրուսի փոխանցման ամենահավանական տարբերակներից է։ Այդպես մահացավ ամուսնուս եղբայրը: Լավ մարդ էր, միշտ օգնում էր ծանր իրեր տանել։

Երկու շաբաթ առաջ քույրս է մահացել՝ 28 տարեկան։ Այնքան բարի էր, միշտ օգնում էր, ամաններն էր լվանում»։ 

Հոկտեմբերի 16-ից 19-ը ընկած ժամանակահատվածում «Էբոլայի խուճապը» ամերիկյան լրատվամիջոցներում ռեկորդ է սահմանել։ Այն հավասարվել է Բեն Լադենի սպանության եւ Սենդի փոթորիկի ցուցանիշերին։

543

 CNN հեռուստալիքի «Վստահելի աղբյուրներ» (Reliable Sources) հաղորդաշարը հրապարակել է հարցման արդյունքներ, որոնք արտացոլում են ամերիկացիների անհանգստության պատկերը։

«Վստահելի աղբյուրներ» հաղորդման մեկնաբան Բրայեն Ստելտերը media.am-ի հետ զրույցում նշեց, որ թեման անընդհատ էկրաններին ու թերթերի էջերին է, որովհետեւ չբացահայտված հանգամանքները շատ են։

Բրայեն Ստելտեր. Էբոլայի շուրջ խորհրդավորություն կա։ Որտեղի՞ց եկավ այն, ինչպե՞ս ամերիկացիները վարակվեցին, ի՞նչ544 հանգամանքներում։ Սա դուր է գալիս լրագրողներին, այս մասին կարելի է երկար խոսել:

Իսկ աղքատության շուրջ խորհրդավորություն չկա։ Այստեղ ամեն ինչ պարզ է, դրա համար էլ լրատվամիջոցները խոսում են Էբոլայից, ոչ թե աղքատությունից, որը շատ էական հարց  է հիմա Ամերիկայում։

media.am. Ինչու՞ է դա խուճապ առաջացնում 

Բրայեն Ստելտեր. Օրինակ բերեմ։ Այսօր առավոտյան (հոկտեմբերի 27-ին) 5 տարեկան մի երեխայի Նյու Յորքում հոսպիտալացրել են էբոլայի կասկածանքով։ Լրագրողները հայտնել են այդ մասին։ Ուրիշ ոչինչ հայտնի չէ։

Ես կուզեի հենց հիմա հիվանդանոցից կարճ հաղորդագրություն (sms) ստանալ, որ երեխան Էբոլայով վարակված չէ։ Քանի դեռ չեմ ստացել, հիմնական լուրը եթերում եւ թերթերում այն է, որ «հնարավոր է՝ երեխան էբոլայով վարակված է»։ Սա ինձ պահում է անհանգստության եւ խուճապի մեջ։ 

Լրագրության պրոֆեսոր, էթիկայի մասնագետ դոկտոր Բիլ Սիլքոքը կարծում է, որ Էբոլայի արտակարգ լուրը (breaking news) որեւէ կերպ չի փոխարինվում դեպքի վերաբերյալ ավելի մանրամասն պատմության։ Այն ուղղակի փոխարինվում է մեկ այլ իրադարձությամբ, այն էլ՝ ժամանակավոր։

546media.am. Մինչեւ ե՞րբ լրատվամիջոցները կպահեն Էբոլան  «վերեւի սանդղակում»:

Բիլլ Սիլքոք. Երեւի երբ ISIS-ը հարձակվի Ամերիկայի վրա։ Տեսեք, նույնիսկ Կանադայի հրաձգությունը (նկատի ունի կանադայի խորհրդարանում կատարված զինված միջադեպը) շատ բան չփոխեց՝ Էբոլան մեկ օրորվ կորավ լրատվամիջոցներից, բայց հաջորդ օրը հետ եկավ։

Հիմա էլ այդ 5 տարեկան երեխայի հիվանդությունը, այսօր էլ կարդում եմ (հոկտեմբերի 29), որ արդեն Բալթիմորում էլ մի դեպք կա։ Բալթիմորու՞մ որտեղից։ Ես արդեն անհանգստանում եմ, որովհետեւ պետք է ճամփորդեմ եւ վախենում եմ օդանավակայաններից։

media.am. Խուճապ առաջացնելը էթիկայի նորմերի խախտում չէ՞։ 

Բիլլ Սիլքոք. Քանի դեռ անհայտություն կա այս հարցի շուրջ, շատ դժվար է այն ճիշտ տեսանկյունից լուսաբանել։ Իսկ այդ արտակարգ լուրերը, պատահարները միշտ էլ անցնում են լրագրողական էթիկայի սահմանները։

Լրագրողները ժամանակ չունեն մտածելու, թե ինչ հետեւանք կունենա իրենց ասածը լսարանի համար։ Այստեղ նրանք ուղղակի դեն են նետում էթիկայի նորմերը։

Հոկտեմբերի 16-ին` լրատվամիջոցներում Էբոլայի անհանգստության բարձր ցուցանիշով օրը,  (ըստ Pew ընկերության հարցումների) ԱՄՆ Սիրակուզի համալսարանում Էբոլայի խուճապը հաղթեց առողջ հետաքրքրությանը բոլորի աչքի առաջ։

Համալսարանի ղեկավարությունը արգելեց Վաշինգթոն Փոսթ (Washington Post) թերթի լրագրողի մուտքը համալսարան՝ զգուշանալով այն հանգամանքից, որ նա եղել է Լիբերիայում։

ԱՄՆ-ում ամենապատվաբեր՝ Պուլիտցերյան 3 մրցանակ ունեցող լրագրող Միշել Դու Սիլը (Michel du Cille) պետք է  ներկայացներ իր դիտարկումները հենց «առաջին ձեռքից»՝ Էբոլայի, դրա բնույթի եւ կարծրատիպերի մասին։

Համալսարանի ղեկավարությունն անդրդվելի է մնացել ցանկացած այլ փաստարկների դեմ, ներողություն է խնդրել անհարմարության համար, բայց որոշումը չի փոխել։ 

Արմեն Սարգսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?