2019.06.24,

Ստուգված է

Զորաց քարերը աստղադիտարան չեն, իսկ դրանց ոչնչացման մեղադրանքները անհիմն են

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Հունիսի 20-ին Livenews.am կայքը հոդված հրապարակեց  Զորաց քարեր պատմամշակութային արգելոցի տարածքում իրականացվող պեղումների մասին, պնդելով, որ պեղումների ժամանակ խախտվել են մի շարք օրենքներ և «ակնհայտ ոտնձգություն է» իրականացվել հնավայրի դեմ։

Հոդվածի հեղինակը մեջբերում է «Քարահունջի» պահպանման քաղաքացիական շարժման» անդամ Նանա Հերունու (Պարիս Հերունու դուստրն է) խոսքերը՝ Քարահունջը «դավադրաբար ոչնչացնելու» մասին։

Հոդվածը ավարտվում է պնդմամբ, թե պեղումներ իրականացնող արշավախումբը՝ Մշակույթի նախարարության թողտվությամբ, իրականացնում է «Հայաստանի պատմության ու մշակույթի համաշխարհային նշանակությունը նսեմացնելու» պատվեր։  

Հոդվածում առկա պնդումները իրականությանը չեն համապատասանում։

Պարիս Հերունու աստղադիտարանի վարկածը չի ապացուցվել

Հեղինակը «ակնհայտ ոտնձգություն» է անվանում այն փաստը, որ հնավայրի մոտ տեղադրված ցուցանակի վրա գրված չէ, որ Զորաց քարերը աստղադիտարան են։ Նաև ակնարկում է՝ «դավադիր» ցուցանակի բովանդակությունը թելադրվել է  միջազգային ֆինանսավորողների կողմից։

Զորաց քարերի՝ աստղադիտարան լինելու պնդումները արվել են մի քանի հետազոտողների կողմից, սակայն առավել հաճախ այդ վարկածը կապվում է հայտնի գիտնական, ակադեմիկոս Պարիս Հերունու անվան հետ։ Հերունին ուսումնասիրել է Զորաց քարերը 1990-2000-ականներին և հայտարարել, որ հնավայրը 7500 տարեկան աստղադիտարան է։

Այս վարկածի ճիշտ լինելը կնշանակեր, որ Քարահունջը աշխարհի ամենահին աստղադիտարանն է՝ Սթոունհենջից ավելի վաղ կառուցված։

Պարիս Հերունու բարձր համբավը նպաստեց այն բանին, որ այս բացառիկ պնդումը արժանանա միջազգային ուշադրության։ Այսպես, Քարահունջը սկսեցին հետազոտել նաև միջազգային գիտնականներ և գիտական խմբեր։

Սակայն երբ Հերունու պնդումներն ավելի մանրամասն ուսումնասիրվեցին, պարզվեց, որ դրանցում առկա են մի շարք անճշտություններ և գիտական հիմք չունեցող ենթադրություններ։

Օրինակ, Հերունին պնդում էր, որ Զորաց Քարերը որպես աստղադիտարան օգտագործող մարդիկ հատուկ տրամագծով կավե խողովակներ էին տեղադրում քարերի անցքերում, որպեսզի կարողանան հետևել երկնային մարմինների շարժմանը։

Սակայն տարածքում չեն հայտնաբերվել ո՛չ կավի հետքեր անցքերի վրա, ո՛չ էլ խողովակների մնացորդներ։ Ավելին, չկա տեղեկություն, որ այդ ժամանակվա և տարածաշրջանի մարդիկ օգտագործում էին նմանատիպ գործիքներ։ Այլ կերպ ասած, խողավակների օգտագործման, դրանց ձևի ու տրամաչափի բացատրությունը չուներ ապացուցված փաստարկներ և հիմնված էր ենթադրության վրա։

Նման բացթողումների շարքին է պատկանում նաև Հերունու կողմից առաջարկված վարկածը, ըստ որի Զորաց քարերում օգտագործվել են վանակատից (օբսիդիանից) պատրաստված «հայելիներ», որոնք տեղադրվում էին անցքերի մեջ արևին հետևելու համար։ Նման գործիքների հետքեր հնավայրում նույնպես չեն հայտնաբերվել։

Խնդրահարույց էր նաև աստղադիտարանի տարիքը՝ «7500 տարին» Քարահունջը դարձնում էր ամենահինը, բայց չէր ապացուցվում հետազոտություններով։

Հերունու հրապարակած հոդվածները քննադատության արժանացան և նրա դրույթները հերքվեցին այլ գիտական հրապարակումներում։  

Պարզ չէ, թե ինչպես է օրենք խախտվել

Livenews.am-ի հոդվածում նշվում է, որ պեղումների ժամանակ խախտվել է միանգամից երեք օրենք, սակայն հեղինակը չի մանրամասնում, թե օրենքների ո՞ր դրույթները և ինչպե՞ս են խախտվել։ Օրենք խախտելու պնդումը մնում է չփաստարկված։

Հոդվածի հեղինակը պնդում է, որ Քարահունջի՝ աստղադիտարան լինելու փաստը «հաստատվել է 11.08.2004 թ․ կառավարության կայացրած և նախագահի կողմից ստորագրված որոշմամբ»:

Նշված որոշումը ուժը կորցրել է 2017 թվականին։

Ավելին՝ գիտական հետազոտությունների արդյունքները կախված չեն կառավարության սահմանումներից․ Զորաց քարեր հնավայրի  ուսումնասիրությունը ցույց չի տալիս, որ այն հին աստղադիտարան էր։ Այս փաստը որևէ օրենքի ընդունում չի կարող փոխել։   

Զորաց քարերի աստղադիտարան լինելու վարկածի չհաստատվելը չի նշանակում, որ հնավայրը պակաս հետաքրքրություն է ներկայացնում հնագետների համար․ այն մնում է եզակի հուշարձան, որի ուսումնասիրությունը շարունակում են կատարել թե՛ հայ, թե՛ օտարերկրյա գիտնականներ։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *