2019.12.24,

Ստուգված է

«Ժողովուրդ» թերթի պնդումը կեղծ է․ Մարությանը օրենք չի խախտել

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Դեկտեմբերի 5-ին «Ժողովուրդ» թերթը հրապարակեց փաստաթուղթ, ըստ որի Հայկ Մարությանը քաղաքապետ դառնալուց հետո չէր դադարել լինել «Երկուս ու կես» ընկերության տնօրեն՝ խախտելով օրենքը։

Այսօր հայտնի դարձավ, որ թերթի հրապարակման հետքերով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քաղաքապետ Հայկ Մարությանի նկատմամբ վարույթ է հարուցել՝ անհամատեղելիության պահանջների խախտման հիմքով։

Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հերքել էր թերթի պնդումները՝ նշելով, որ Մարությանը դեռ 2018-ի հոկտեմբերի 10-ից դադարել է լինել ընկերության տնօրեն։ Նա նաև հրապարակել էր Մարությանին տնօրենի պաշտոնից ազատելու մասին ընկերության բաժնետիրոջ ստորագրությամբ փաստաթուղթը։

«Ժողովուրդ» թերթի հոդվածը հիմնված էր Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից ներբեռնած քաղվածքի վրա։ Քաղվածքը ներբեռնվել էր 2019-ի նոյեմբերին, և Հայկ Մարությանը իսկապես նշված էր որպես տնօրեն։

Media.am-ը նույնպես ներբեռնեց «Երկուս ու կես» ընկերությանը վերաբերվող քաղվածքը։ Մեր ստացած փաստաթղթերի տվյալները, սակայն, տարբերվում են «Ժողովրդի» ներկայացրածից։

«Ժողովուրդը» ներկայացրել է հին քաղվածք՝ պնդելով, որ այն նոր է

Պետռեգիստրի կայքից կարելի է ներբեռնել տարբեր տարիներին վերաբերող տեղեկություն։ «Երկուս ու կես» ՍՊԸ-ի դեպքում հասանելի են 2010, 2011, 2012, 2018 և 2019 թվականներին վերաբերող քաղվածքներ։

«Ժողովուրդը» ներբեռնել է 2012 թվականի քաղվածքը, չնայած որ հրապարակման պահին հասանելի էր ավելի նոր՝ 2018 թ. քաղվածքը։ Թերթը չի նշել, որ իր ներկայացրած քաղվածքը յոթ տարվա վաղեմության է։ 2012-ին  Հայկ Մարությանը իսկապես այդ ընկերության տնօրեն էր, բայց քաղաքապետ չէր։

2012 թվականի քաղվածքը, որը ներկայացրել է «Ժողովուրդ» օրաթերթը

Ավելին, թերթը փորձել է ստեղծել տպավորություն, թե քաղվածքը նոր է։ Հոդվածի հեղինակը պնդում է, թե «փաստաթղթում հստակ ընդգծումով երևում է, որ ինֆորմացիան ներբեռնվել է 2019-11-27 ամսաթվով ու այդ օրվա դրությամբ Մարությանը դեռ ընկերության տնօրեն է»։

Պետռեգիստրի կայքից ցանկացած վաղեմության փաստաթուղթ ներբեռնելիս նշվում է ներբեռնման ամսաթիվը, որը կապ չունի փաստաթուղթը կազմելու ամսաթվի հետ։

Թարմ քաղվածքներում երևում է, որ Մարությանը տնօրեն չէ

Ամենաթարմ՝ 2019 թ. քաղվածքում երևում է, որ 2018 թ. նոյեմբերի 3-ին գրանցվել է ընկերության տնօրենի փոփոխություն և որպես տնօրեն է նշվում քաղաքապետի եղբայրը՝ Արման Մարությանը։ Սա հաստատում է քաղաքապետի մամուլի խոսնակի հայտարարությունը։

2019թ. դեկտեմբերի 24-ին ներբեռնված քաղվածքը

Նոր քաղվածքում երևում է նաև, որ մեկ շաբաթ առաջ «Երկուս ու կես» ընկերությունը սկսել է լուծարման գործընթաց։

«Ժողովուրդը» թարմ քաղվածքի տեղեկությունը շրջանցել էր, իսկ հին քաղվածքը ներկայացրել որպես նորը։ Հետևաբար, թերթի հնչեցրած մեղադրանքը կեղծ է։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *