Ինչն է կարևոր ինտերնետ գովազդում

27.02.2017, Նյուսրում

Լրագրող

Ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս, ինտերնետային գովազդի ծավալներն աճում են: Մենք պաշտոնական վիճակագրություն չունենք, թե ինչքան գումարային հոսք կա Հայաստանի ինտերնետ գովազդի շուկայում, սակայն տարբեր փորձագիտական գնահատականներով, 2016թ-ի բյուջեն կազմել է մոտ 5 մլն դոլար:

Ոլորտի մասնագետները կարծում են, որ 2017թ-ին զարգացման տեմպը կպահպանվի, քանի որ նորանոր օգտատերեր են մուտք գործում ինտերնետ հարթակ: Ինտերնետ պրովայդերների տրամադրած տվյալների համաձայն, ինտերնետ սպառողների թիվը մոտ 2 մլն է: Բջջային հեռախոսով տվյալների փոխանակման ծառայություններից օգտվող բաժանորդների քանակը 1 միլիոն 900 հազար է: 2016թ. երկրորդ եռամսյակի համեմատ այս ցուցանիշն աճել է 97,209-ով, իսկ 2015թ. երրորդ եռամսյակի համեմատ արձանագրված աճը կազմել է 229,347 բաժանորդ։

Այս հոդվածը պատրաստված է Հայաստանում փետրվարի 16-ին անցկացված «Թվային օր. Մեյլ.ռու / Digital Day.Mail.Ru» խորագրով կոնֆերանսի ընթացքում ներկայացումների հիման վրա:

Ինտերնետային գովազդի մի օրինակ

«Ամուսինդ նայո՞ւմ է ֆուտբոլ և ոչ թե քեզ, ուրեմն գնացինք ֆիտնես սրահ»...սա կարող է լինել ինտերնետ գովազդի մի օրինակ, գրավի՞չ է: Գուցե այո՛, բայց նման գովազդ մենք կարող ենք լսել ռադիոյով կամ դիտել հեռուստացույցով, ինչո՞վ է առանձնահատուկ այն ինտերնետում:

Թիրախավորում

Այս գովազդը հիմնականում այն երիտասարդ կանանց համար է, ովքեր ունեն քաշի պահպանման խնդիր և ֆուտբոլ նայող ամուսիններ: Նրանք հիմնականում օգտվում են միաժամանակ մի քանի սոցիալական կայքերից, հաճախ են որոնման համակարգերում փնտրում նիհարեցնող սննդակարգեր, ուտեստներ, նայում մարզումների մասին տեսանյութեր և այլն:

Այսօր աշխարհում տարբեր գործիքներ կան, որոնք թույլ են տալիս ուսումնասիրել օգտատերերի վարքագիծն ըստ ինտերնետում դրսևորած նախասիրությունների:

Գովազդատուները, գովազդային գործակալները և ոլորտի մնացած մասնակիցները այսօր ձգտում են հնարավորինս հստակ թիրախավորված լսարան ունենալ ինտերնետում, որպեսզի իրենց գովազդային արշավն էֆեկտիվ լինի:

Ընթացիկ վերահսկողություն

Այս գովազդը տեղադրելուց հետո գովազդատուն կամ գործակալությունը կարողանում է ամեն պահ հետևել իր արշավի ընթացքին, թե քանի հոգի է այն նայում, քանի քլիք է գրանցվում, ինչքան ժամանակ է դիտվում, արդյունքում ինչքանով է բարձրանում ֆիտնես սրահ այցելությունների թիվը այն ժամանակահատվածում, երբ ընթանում է արշավը: Այսպես հնարավոր է նաև ընթացքում փոխել ռազմավարությունը, իսկ ավելի կոնկրետ՝ գովազդի համար հատկացված գումարը ճիշտ կառավարել:

Այլ մեդիակրիչների դեպքում գովազդի ընթացքը գրեթե անհնար է կառավարել: Միայն որոշ ժամանակ անց հնարավոր է վերլուծել արդյունքները և հետևություններ անել:

Բյուջե

Ի՞նչ եք կարծում գովազդի այս օրինակը ինտերնետում տարածելը ինչ բյուջե է պահանջում: Միանգամից ասեմ՝ ոչ մեծ: Օրինակ, հեռուստագովազդի կամ ռադիոգովազդի դեպքում նախապատրաստական աշխատանք է արվում՝ ձևաչափ է մշակվում, տեքստ է գրվում, ձայնագրվում, տեսանկարահանվում, մոնտաժվում:

Այստեղ ներգրավվում են տարբեր մասնագետներ: Հաշվի առնելով ինտերնետ գովազդի ձևաչափի հնարավորությունը, այստեղ կարելի է միայն տեքստ տեղադրել կամ միայն ձայն մի քանի գրաֆիկներով կամ միայն տեսքով ուղեկցվող պատկեր բրենդի մասին: Ընտրության նման հնարավորությունն օգնում է որևէ ձև առանձնացնելով մնացածը թուլացնել, հետևաբար գումար խնայել:

Եթե թվերով խոսենք, ապա ինտերնետում գովազդ կարելի է տեղադրել 30 դոլարանոց բյուջեով, և ըստ արդյունքների մեծացնել բյուջեն՝ հասցնելով օրինակ 500 դոլարի:

Նման ձևով աշխատում են հիմնականում փոքր ու միջին գովազդատուները, որոնք երբեմն ինքնուրույն են գովազդ տեղադրում՝ խնայելով գործակալություններին վճարվող միջնորդավճարները:

Մի քանի հարթակներով և մի քանի ձևաչափերով գովազդային արշավների համար, որոնք իրենց թույլ են տալիս խոշոր ընկերությունները, ամսական բյուջեն կարող է տատանվել 500-2000 դոլարի սահմաններում:

Թեստավորում

Որպեսզի գովազդային արշավը հաջողություն ունենա, պետք է ժամանակ առ ժամանակ թեստավորում անել՝ հասկանալու, ինչ արդյունք կա, որտեղ պետք է շտկումներ անել, կա՞ վերաթիրախավորման անհրաժեշտություն, թե՞ ոչ:

Տեսեք, եթե կանանց այցելությունը ֆիտնես սրահ որոշ ժամանակ անց դանդաղի, գովազդատուն վերաթիրախավորում պետք է անի, գուցե այս անգամ էլ ընտրելով այն կանանց, ովքեր տարված են օնլայն խաղերով:

Գայանե Ասրյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?