2020.06.03,

Քննադատ

Երբ վարչապետը լսեց օգտատերերին

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Կորոնավիրուսը Հայաստանում զարգանում է մեծ տեմպերով, փորձ է արվում ոչ միայն խստացնել պաշտպանական արտակարգ միջոցները (որքան տեսնում ենք, մեծամասամբ ապարդյուն), այլև հանրային պախարակման ենթարկել այն մարդկանց, որոնք թքած ունեն վարակի վրա ու շարունակում են ապրել, կարծես վարակ չկա:

Համենայնդեպս, վարչապետի վերջին ֆեյսբուքյան արշավը նման նպատակ ուներ, երբ նա սկսեց հավաքել սոցիալական հեռավորության ու պաշտպանիչ միջոցների չպահպանման լուսանկարներն ու դրանք հրապարակել որպես ամոթանքի նմուշներ:

Հետո արձանագրեց, որ իրավիճակը «կատաստրոֆա» է, քանի որ ուսումնասիրելով օգտատերերի ուղարկած ֆոտոները, համոզվել է, որ հանրային գիտակցությունը բարձր չէ, իսկ ուժային կառույցները չեն կարող վերահսկել իրավիճակը:

Իրավիճակն իրոք աղետալի է, ավելի խնդրահարույց, քան համավարակի հայտարարման առաջին օրերին, երբ կառավարության հիմնական ուղերձն այն էր, որ ամեն ինչ հսկվում է ու վերահսկվում:

Իրականում, փողոցներում ու մարդաշատ վայրերում իրավիճակը գրեթե չի փոխվել: Հեռավորությունն ինչպես չէր պահպանվում, այնպես էլ չի պահպանվում:

Խնդիրն այստեղ այն է, թե ինչու այդ մասին ու նման խիստ տոնայնությամբ չէր ասվում մարտ ամսին, երբ իրոք կային տագնապ ու զգուշավորությունը ուժեղացնելու նախադրյալներ (նոր, թարմ, վախեցած էինք): Իսկ հիմա չկան, քանի որ ընտելացել ենք ու կորցրել զգոնությունը:

Միգուցե վարչապետը չէր հետևում օգտատերերի ֆոտոներին ու գրառումներին՝ հույսը դնելով ոստիկանության ու իր խորհրդականների հաշվետվություններին:

Բայց դա հենց միայն վարչապետի խնդիրն է և իր հանդեպ վստահության պաշարի նվազում:

Իսկ ավելի լայն իմաստով, պատճառը թերևս այն է, որ վարակի, մահերի, ախտանիշների, վարակված լինելու դեպքում քայլեր ձեռնարկելու մասին հիմնականում խոսում էին քաղաքական գործիչներն ու չինովնիկները, այլ ոչ թե բժիշկներն ու վարակաբանները:

Լրատվամիջոցներն ավելի մեծ հաճույքով (այդպես հեշտ ու սովորական է) հյուր են կանչում տաղավարներ պատգամավորներին ու ընդհանուր մասնագետներին (ՀԿ-ների ղեկավարներին կամ ամեն ինչի մասին խոսել սիրող անձանց), այլ ոչ թե մտնում անծանոթ դաշտ, ասենք, խոսք տալով խանութների, բանկերի մենեջերներին կամ ռեստորանատերերին, որոնք կարող էին պատմել, թե որքան անհնարին և միևնույն ժամանակ կարևոր է սոցիալական հեռավորությունը, որն իրենք ապահովել չեն կարողանում:

Ցանկացած առևտրի կետի կամ շուկայի աշխատակից այնքան շատ բան կարող էր պատմել կանոնների պահպանման անհնարինության մասին, որ դա կլիներ բացահայտում առաջին հերթին բարձրաստիճան ծառայողների համար:

Իհարկե, առողջության ու տնտեսության ակամա բախումը շատերի բերանին կապանք է դրել (ոչ միայն դիմակ): Շատերը լռում են՝ խախտելով տարրական նորմերը, քանի որ փող վաստակել են ուզում, իսկ վարակը կարևորության սանդղակում իջնում է ստորին նիշ:

Եվ դա նորություն չէ, որը հիմա զարմանքով բացահայտում է Հայաստանի կառավարությունը:

Եվ եթե հարկ է բարձրացնել վարակվելու վախը վերին նիշեր ու դարձնել կենսական պահանջ, ոչ այնքան ոստիկանություն է պետք (որը իրոք անզոր է ամեն ինչ ոչ թե նույնիսկ վերահսկել, այլ անգամ տեսնել), այլ մասնագիտական խոսք և սթափեցնող օրինակներ:

Պետք է հենց այն, ինչը Պարետատունը փորձեց սահմափակել համավարակի առաջին օրերին, բայց իր ձեռքից էլ բաց թողեց այսպես կոչված՝ բացասական օրինակներով սթափեցնելու ու անգամ խուճապ տարածելու իր մենաշնորհը: Մտածեց, որ առանց բացասական օրինակների էլ կարող է, անգամ չափից դուրս տարվեց զվարթ ու դրական օրինակներով:

Հիվանդանոցներից կադրերի բացակայությունը մարտ-ապրիլ ամիսներին, առողջապահական իրական վիճակը գեղեցկացնելու ցանկությունը ոչ մի լավ բանի չհանգեցրեց:

Եթե տեսնեինք հերթերն ու մարդկային կուտակումները Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում, լսեինք ուժասպառ եղած և վարակված բուժքույրերին, հիմա արդեն ոչինչ անել չկարողացող և միայն հոգեբանական խորհուրդներ տվող պոլիկլինիկայի բժիշկներին, միջազգային հետազոտությունների մասնակից վարակաբաններին, հասարակական զգոնությունը շատ ավելի բարձր կլիներ:

Տեղեկատվական դաշտի միայն մեկ խողովակով (սոցցանցային լուսանկարներով) Հայաստանի համար մեկ բլոգերի կարգավիճակ ունեցող վարչապետը պատկերացում կազմեց հանրային կյանքի մասին:

Եվ ասաց, որ աղետ է:

Իհարկե, աղետ է: Նաև հենց լրատվամիջոցների մեղմ վերաբերմունքի շնորհիվ, խոսքը այն լրատվամիջոցների մասին չէ, որոնք միայն ու միայն քաղաքական դրդապատճառներով ամեն բան մանիպուլացնում են ու թիրախավորում վարչապետին, պարետին ու Արսեն Թորոսյանին:

Խոսքը տեղեկատվությունը մեղմելու ու նախշերով պատելու մոտեցման մասին է:

Եթե օրինակ, Հանրային հեռուստատեսության լուրերի թողարկումը լիներ մեր միակ տեղեկատվական աղբյուրը, ապա վստահ կլինեինք, որ Հայաստանում ոչ թե «կատաստրոֆա» է, այլ միայն ծաղկունք:

Տեղեկատվական ազատությունը նաև ենթադրում է, թե ով պետք է խոսի օրհասական պահերին:

Եվ որքան հասկանում ենք, շատ լրատվամիջոցների համար բարդ է գտնել ազատ խոսող ու բանիմաց բժիշկների, վարակաբանների կամ թեկուզ կենսաբանների, քանի որ նրանք ազատորեն չեն արտահայտում իրենց կարծիքը:

Կաշկանդված են թե՛ արտակարգ դրությամբ, թե՛ ներքին արգելքներով, թե՛ այն պատճառով, որ համակարգի մաս են, իսկ համակարգը չի ուզում ճաքեր տալ, այսինքն, թույլ տալ, որ լինի տարակարծություն:

Իսկ տարակարծություն պիտի լինի, բայց ոչ ընդհանուր-քաղաքական, այլ կոնկրետ թեմայի շուրջ՝ վարակի ու դրա հաղթահարման:

Այդպիսի մասնագետներին պետք է նաև Պարետատունը ուղարկեր լրատվական ռազմաճակատ, այլ ոչ թե պահանջեր հղում անել միայն իր փոխանցած, մշակված ու խմբագրված տվյալներին:

Պատգամավորը կամ կառավարության անդամը եթերում բան չի ասի, կասի վարակաբանը:

Եվ հատկապես կարևոր բան կասի, եթե իր հետ եթերում հյուր լինի մեկ այլ վարակաբան, կենսաբան կամ կենսաֆիզիկոս, այլ ոչ հայրենասիրության ու դավաճանության մասին խոսող կուսակցության ներկայացուցիչ:

Ի վերջո, շատ երկրներում վարակաբանները ավելի մեծ դեր ունեն, քան առողջապահության նախարարները կամ նույնիսկ վարչապետերը:

Նրանք տեղյակ են: Եվ դրա շնորհիվ նրանց վստահում են։

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *