Կայքեր, որոնք օգնում են ընտրողներին

16.04.2012, Նյուսրում

2012թ.-ի Խորհրդարանական ընտրություններին հետեւում ենք ոչ միայն ավանդական մեդիայի, այլ նաեւ ինտերնետային նոր սերնդի կայքերի օգնությամբ: Ընտրությունների մասին ընտրողին հետաքրրքող ամբողջական տեղեկատվություն հաղորդող միանգամից մի քանի նախագծեր են գործում:

Մոտ երկու շաբաթ է՝ գործում է Հայաստանի Ընտրությունների քարտեզը՝ iditord.org-ը: Այն ընտրությունների ընթացքի նկատմամբ քաղաքացիական վերահսկողություն իրականացնելու գործիք է: Հայաստանի ցանակացած բնակիչ կարող է ընտրախախտումի վերաբերյալ հաղորդում տալ iditord-ին:

«Եթե մենք ունենանք գրեթե 3000-4000 մարդկանց հաղորդագրություն կեղծիքներին վերաբերյալ, այդ դեպքում կունենանք նաեւ իրական պատկեր, թե ինչ է կատարվում ընտրությունների ընթացքում, այսինքն` ընդհանրական եւ այլընտրանանքային բոլոր պաշտոնական եւ ոչ պաշտոնական արդյունքների ամփոփումը կհամեմատենք նաեւ մեր կայքի տված պատկերի հետ»,- ասում է iditord.org-ի կոորդինատոր Մարինե Մանուչարյանը:

Iditord.org-ին ուղարկած ահազանգերը կբաշխվեն Հայաստանի քարտեզին: Ընտրական գործընացի մասին խախտումները[[wysiwyg_imageupload:245:]] կարելի է գրանցել հենց կայքում կամ հեռախոսազանգի, կարճ հաղորդագրության եւ Twitter-ում գրառում անելու միջոցո:

«Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Սոնա Այվազյանն ասում է, որ քարտեզի վրա արտացոլվելու են ոչ միայն նախընտրական քարոզարշավի եւ ընտրությունների օրվա խախտումները, այլ նաեւ հետընտրական զարգացումների: «Հուսով ենք, որ նախագահական ընտրությունների ժամանակ եւս կայքը կգործի, մենք կկատարելագործենք այս հարթակը եւ ավելի պատրաստ կլինենք»,-ասում է նա:

Մեկ շաբաթ առաջ համացանցում հայտնված armelections.info կայքն ընտրությունների մասին համապարփակ տեղեկատվություն է հաղորդում: Այստեղ կարելի է գտնել ընտրական օրենքները, ընտրացուցակները, գործող թեժ գծերը: Ընտրական համակարգերի միջազգային կենտրոնի՝ IFES հայաստանյան մասնաճյուղի մոնիթորինգի եւ գնահատման մասնագետ Համազասպ Դանիելյանն ասում է, որ դեռ զարգացնելու են իրենց նախագիծը:

[[wysiwyg_imageupload:246:]]«Շուտով կայքում կգործարկենք «Գտիր քո կուսակցությունը» բաժինը, որտեղ քվեարկողը, մի քանի հարցերի պատասխանելով, կարող է տեսնել, թե որ կուսակցության դիրքորոշումն է իրեն ավելի հարազատ եւ ինչ համընկնումներ կան»,-ասում է Համազասպը:

Մեկ այլ նորաստեղծ irazek.am-ը երկու օրվա պատմություն ունի: Սա «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության նախագիծն է: 

«Irazek.am-ը հնարավորություն է տալիս օգտատերին դառնալ կայքի անդամ եւ հաղորդագրություններ թողնել սեփական համայնքում ընտրություններին առնչվող իրադարձությունների վերաբերյալ` դրանով իսկ դառնալով իր համայնքի ներկայացուցիչը կայքում եւ նպաստելով իրենց տարածքում ընտրությունների ակտիվ մասնակցությանը»,- ասում է «Լրագրողներ հանուն ապագայի»-ի նախագահ Սուրեն Դեհերյանը: [[wysiwyg_imageupload:249:]]

Խորհրդարանի գործունեությունը ուսումնասիրող մասնագիտացած կայք է parliamentmonitoring.am-ը: «Մանդատ» հասարակական կամզակերպության այս նախագիծը ստեղծվել է 2010թ-ին եւ հատկապես հայտնի է իր Վիճակագրություն բաժնով, որտեղ թվերով արտացոլվում է ԱԺ պատգամավորների գործունեությունը. ով ինչպես է քվեարկել կամ ինչքան նիստից է բացակայել:

Այս տարվա փետրվարից parliamentmonitoring.am-ը ներկայանում է նոր տեսքով: ԱԺ ընտրություններից առաջ կայքը ներակայցնելու է ամփոփիչ տեղեկանքներ
խորհրդարանական հինգ խմբակցությունների հնգամյա գործունեության արդյուքների մասին.

«Ընտրարշավ է սկսել  ու բոլոր կուսակցություններն ընտրողներին իրենց գործունեության միայն լավ կողմերն են զեկուցում, շատ ընդհանուր թվեր են ներկայացնում`իմանալով, որ ընտրողը խորամուխ չի լինելու դրանց մեջ: Մենք էլ, որպես դիտորդներ, ովքեր հետեւել են իրենց աշխատանքին հինգ տարիների ընթացքում, այլընտրանքային հաշվետվություն ենք ներկայացնելու իրենց արածի մասին»,-ասում է «Մանդատ»-ի ղեկավար Լուսինե Վասիլյանը:

Մյուս շաբաթվանից parliamentmonitoring.am–ում կլինի նոր էջ` «Հարց ընտրողից» խորագրով: Կայքի աշխատակիցները Հայաստանի տարբեր համայնքներում ընտրողներից հարցեր են հավաքել, որպեսզի դրանք ուղղեն պատգամավորության թեկնածուներին: Փորձելու են պարզել, թե ընտրողների հարցադրումները որքանով են արտացոլված նախընտրական ծրագրերում:

[[wysiwyg_imageupload:248:]]«Մենք այդ հարցերից ամենահետաքրքիրները եւ հաճախ տրվածները խմբավորելու ենք եւ դիմելու խորհրդարանի հինգ խմբակցություններին: Բոլոր պատասխանները ստանալու եւ տեղադրելու ենք կայքում: Ընտրողը կկարողանա կարդալ, թե ինչ են պատասխանել, եւ կարծիք թողնել, գնահատել ու նաեւ իր հարցը տալ»,- ասում է Լուսինե Վասիլյանը:

Մայիսի 6-ի ընտրություններից հետո parliamentmonitoring.am–ի թիմը ամփոփելու է աշխատանքը եւ պատրաստվելու է հաջորդ խորհրդարանի աշխատանքի մոնիտորինգին:

Նվարդ Հովհաննիսյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?