2020.04.03,

Քննադատ

Համավարակի մասին սերիալները փարատում են տագնապը

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Վիրուսային աղետները վաղուց են կինոյում՝ մոդելավորելով էքշըն ժանրը: Յուրաքանչյուր արտառոց վտանգ ու անտեսանելի սպառնալիք զարկ են սյուժեի համար:

Հիմա, երբ աշխարհում բարձրացել է վարակի, մեկուսացման ու աղետները հաղթահարող հերոսների մասին ֆիլմերի պահանջարկը, կարելի է ասել, որ «վարակակիր» ֆիլմերը անորոշությունը հաղթահարելու ու նյարդերին անհրաժեշտ սնունդ մատակարելու միջոց են:

Համավարակները էկրանին փարատում են տագնապը (իհարկե, սկզբում խտացնում ու վախեցնում են, բայց հետո թողնում մաքրագործող էֆեկտ):

Միգուցե նաև օգնում ավելի լավ հասկանալ արտակարգ իրավիճակներում հերոսների վարքն ու խառնաշփոթին դիմադրելու մեխանիզմները:

Եթե վարակն ու վտանգը ընդամենը էֆեկտի համար են՝ հրեշների ծնունդը բացատրող, նյարդների հետ խաղացող ու մոլորված ու հիստերիկ իրավիճակներ ստեղծելու համար, էլի լավ է:

Մենք միշտ էլ ենթագիտակցորեն ոչ միայն խաղաղություն, այլև սարսափ ենք որոնում: Հարցրեք երեխաներին, որոնց համար սարսափը գայթակղիչ է ու ավելի նախընտրելի՝ որպես կյանքի բարդությունների հետ համակերպվելու քայլ:

Մեկուսացման պայմաններում ֆիլմեր դիտելու առաջարկները շատ են միջազգային մեդիայում: Մենք էլ փորձենք ներկայացնել այն սերիալները, որոնք առավել ռեալիստական են վարակը ներկայացնում ու լրիվ չեն կտրվում իրականությունից՝ սավառնելով դեպի այլ մոլորակներ, մութ ուժեր ու հեքիաթային հեռուներ: Կամ էլ՝ եթե անգամ կտրվում են, դա անում են շատ հետաքրքիր:

Ինչպես, օրինակ, «Շտամը», ( The Strain, 2015-2017):

Այս սերիալի հեղինակը (նաև գրքի), պրոդյուսերն ու առաջին մասի ռեժիսորը սարսափների մեծ հավաքածու ունեցող Գիլերմո Դել Տորոն է: Նա ամեն ինչ գիտի անհայտ ուժերի, հրեշների ու ավանդական սարսափազդու պատումների մասին: Նրա ֆիլմերը այնքան ազդեցիկ են, դող ու սրտխփոց առաջացնող, որ ուզում ես գնալ ու կորել ճերմակ ամպերի մեջ:

Բայց «Շտամը» բոլորովին այլ պատմություն է: Այն արել է խելացի ու թեմայից տեղյակ մարդ, որը շտամպերը քանդում է նույնքան հաճույքով, որքան դրանք կառուցել են նախկին կինովարպետները:

«Շտամ» բառը կենսաբանական տերմին է՝ միկրոօրգանիզմների որոշակի տեսակի հիմք, և վերնագիր է դարձել հենց այդ բառը, այլ ոչ թե հնարված ու գայթակղիչ մի բան:

Նյու Յորք ժամանած ինքնաթիռով գալիս է վարակն ու գլխավոր վարակ տարածողը՝ հողով լի դագաղում պառկած Մութը, ու բոլորը հայտնվում են զոմբի դառնալու վտանգի առջև:

Գլխավոր հերոսների շարքում են բժիշկ-համաճարակաբանը, հաքեր աղջիկը, առնետների որս անողն ու իմաստուն ծերունի Աբրահամ Սեդրակյանը, որին բոլորը կոչում են «հրեա», բայց նա համբերատար ասում է, որ հայ է: Հետո արդեն չի ասում, ընդունելով, որ տարբերություն չկա:

Մարդիկ, որոնք վարակվում են (նրանց չեն կծում, վարակը որդերի միջոցով է), դառնում են գործիք, որն ունի գլխավոր ուղեղ: Ուղեղը մի մեծ համակարգչային կենտրոնի պես Չարիքն է, որը թելադրում է, թե ինչ անել, ինչպես խամաճիկներին:

Վարակը զրկում է մարդկանց կամքից: Ու հմայքից: Նրանք անուղեղ են ու առանց սեռական օրգանների:

Սկսած Ֆրենսիս Ֆորդ Քոփոլայի «Հարցազրույց վամպիրի հետ» ֆիլմից, որտեղ վամպիր էին հայտնի գեղեցիկներ Բրեդ Փիթն ու Անտոնիո Բանդերասը, վերջացրած «Մթնշաղը» շարքով, կինոյում վամպիրները հայտնվում էին որպես ոչ միայն վտանգավոր, այլև գեղեցիկ, առեղծվածային ու ռոմանտիկ էակներ: Եվ անպայման՝ սեքսի: Այդպես էր, օրինակ, «Իսկական արյուն» (True Blood) սերիալում, որտեղ սեռական հմայքը պարզապես հորդում էր Ալեքսանդր Սկարսգարդից:

«Շտամը» դրան պատասանում է՝ ոչ մի լավ բան չկա, քանի որ եթե ուղեղիդ տերը չես, սեռական ձգողությունից էլ չունես:

Այս սերիալում անգամ սերն է ծառայում վտանգի խտացմանը, քանի որ վարակված մարդիկ բնազդաբար առաջինը գնում են նրանց մոտ, ում սիրել են մարդ եղած ժամանակ: Բնականաբար, սերը մահ է դառնում սիրելիների համար:

Բացի միֆերից (թե՛ հինավուրց, թե՛ կինոյում ստեղծված), այս սերիալում կա նաև գիտություն: Առասպելն ու գիտությունը շատ հետաքրքիր են խառնվում, որ կլանող պտույտներից հետո վերջում ստացվի՝ չարիքը չի կարող լինել փոքր-ինչ գեղեցիկ: Այն տգեղ է միշտ:

«Շտամի» ձայնային ձևավորումը առանձին հաճույք է, այն արել է «Գահերի խաղից» հայտնի Ռամիլ Ջավադին: Նուրբ գործ է:

«Մեկուսացում» (Containment, 2015) սերիալում ամեն ինչ իրատեսական է, առանց առասպելական մեկնակետի:

Գրիպ է տարածվում, և ախտանիշները նման են այսօրվա կորոնավիրուսին՝ մարդիկ հազում են, փռշտում, վարակը տարածում մակերեսներին դիպչելով: Առաջին վարակակիրը բժիշկ է:

Եվ երբ պարզ է դառնում, որ համաճարակն այլևս վերահսկելի չէ և քաղաքում սկիզբ է առնում ազգային մակարդակի աղետ, օգնության է գալիս ուժը: Մարդկանց զմռսում են տներում՝ քաոսից խուսափելու համար: Եվ դա իրոք սարսափելի է, քանի որ մարդը դառնում է անկարևոր տարր՝ պետության համար: Մղվում է պայքար հանուն անվտանգության, և դա շատ վտանգավոր պայքար է:

«Մեկուսացումը» օրիգինալ չէ, այն բելգիական «Պատնեշ» (Cordon) սերիալի ռիմեյք է: Եթե ցանկություն լինի, կարելի է նայել դա:

Սյուժեի մաս են հայտնի կինոքայլերը՝ պաշտոնյաները թաքցնում են ինֆորմացիան, բժիշկները սխալվում, շարքային քաղաքացիները վերածվում վայրենի ցեղերի ներկայացուցիչների:

Կարելի է կանխատեսել պատմության զարգացումները, և սա այս սերիալի թույլ կողմն է, բայց ուժեղ կողմն այն է, որ ամեն ինչը շատ իրատեսական է: Ամեն ինչի պատճառն ու հետևանքը մարդկային գործոնն է: Այդ թվում նաև՝ մթերային պաշարների համար մղվող մարտական գործողությունների:

Կան հստակ դրական և հստակ բացասական կերպարներ: Լրագրողն, օրինակ, տականք է:

Հիմա օնլայն հարթակներում առաջատար է դիտումներով «Վարակ»-ը, (Contagion, 2011):

Սթիվեն Սոդեբերգի այս ֆիլմը զարմացնում է իր նմանությամբ կորոնավիրուսի հետ: Այստեղ առաջին զոհը, ինչպես ասում են՝ «զրոյական պացիենտը» (Գվինեթ Փելթրոուի կատարմամբ) փոխանցում է վարակը շատ մանրամասնորեն:

Մենք տեսնում ենք բոլոր այն մակերեսները, որոնց դա դիպչում է՝ թողնելով մահաբեր հետքեր: Բաժակը, սկուտեղը, քարտերը խոշոր պլանով ու մանրակրկիտ ցույց են տալիս վարակի շղթան: Իսկ ամեն ինչ սկսվում է ասիական ռեստորանում, որտեղ խոհարարը շփման մեջ է խոզի հետ, որն էլ իր հերթին շփվել է չղջիկի հետ:

Վերջերս Փելթրոուն Ինտագրամում ֆոտո է տեղադրել՝ ինքնաթիռից, սև դիմակով և գրել. «Ես արդեն եղել եմ այդ ֆիլմում: Առողջ եղեք: Մի սեղմեք ձեռքերը: Հաճախ լվացեք ձեռքերը»:

Շատերի համար «Վարակը» յուրահատուկ ուղեցույց է, թե ինչպես վարվել համաճարակների ժամանակ:

Բոլոր տեսակի աղետների մասին արդեն կես դարից ավելի երկար գրող ու սարսափելին և մարդկայինը իրար կապող Սթիվեն Քինգն էլ անցյալ տարի թվիթ էր արել՝ ասելով, որ ավարտում է իր «Դիմադրություն» վեպի նոր սցենարը, որի նկարահանումները նախատեսված էին այս տարի:

Ամենայն հավանականությամբ, դրանք կհետաձգվեն, քանի որ հիմա ողջ աշխարհն է դադար վերցրել:

Բայց կարելի է դիտել «Դիմադրություն» կարճ սերիալը՝ ռետրո տարբերակով (The Stand, 1994): Կամ կարդալ հենց վեպը, որը սուպերգրիպի ու մարդ մնալու մասին ամենահիմնավոր գրքերից է: Բնականաբար, պետական ապարատի ու բանակի ամենաթողությամբ ու ենթագիտակցական կապերի մասին:

Բնականն ու գերբնականը երբեմն աննշմարելի են Քինգի մոտ: Ինչպես նաև չարն ու բարին: Եվ, ի վերջո, ամեն ինչ կախված է մարդու ընտրությունից:

Իսկ եթե կարանտինը շարունակվի դեռ երկար ժամանակ, չի խանգարի նաև սուզվել «Քայլող դիակներ» (The Walking Dead) էպոսի մեջ, որը սկսվել է 2010-ին ու կանգ առել տասներորդ սեզոնի վրա, քանի որ նկարահանումներին խոչընդոտել է կորոնավիրուսը:

«Քայլող դիակները» ուրախ դիտում կլինի, քանի որ ինչ-որ պահից սկսած՝ զոմբիներն ու մարդիկ արդեն միասնություն են, իսկ ապոկալիպտիկ դրամաները՝ կյանքի մասին պատմություն:

Քայլում են ձեռք ձեռքի տված, ինչպես 2020-ին մեր մոլորակի բնակչությունը քայլում է Covid19-ի հետ:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *