2019.02.19,

Քննադատ

Հովհաննես Թումանյան. «Եվ չի ուղղվելու հայ թերթը, մինչև…»

author_posts/lilit-avagyan
Լիլիթ Ավագյան
facebook

Լրագրող

Հովհաննես Թումանյանը մամուլի հանդեպ լուրջ վերապահություն ուներ, թեև ինքն աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկ», «Հորիզոն» պարբերականներին:

Ի դեպ, իր առաջին հոդվածը մամուլում տպագրել է   18 տարեկանում («Նոր-Դար», 1887, «Մի ավանդություն»):

Ի՞նչը մամուլում հատկապես չէր գոհացնում Թումանյանին. «Նա, ով երկար տարիներ բաժանորդ է եղել մեր թերթերին ու ընթերցող, լավ կլիներ մի նստեր ու հաշիվ տար ինքն իրեն, թե ի՞նչ է ստացել այդ թերթերից։ Էլ հեռու չգնանք, գոնե մեր կյանքից, իր շրջապատից ի՞նչ տեղեկություն ունի։ Տարիներով կարդացել է՝ ժողովուրդ, ժողովուրդ… Ո՞վ է այդ ժողովուրդը, ի՞նչ է ուզում, ինչու՞ են միշտ նրա անունը տալի. արդյոք հասկացե՞լ է այդ ընթերցողը» («Մեր մամուլն ու իր ընթերցողը», «Հորիզոն», Թիֆլիս, 1910, N-223):


Ժամանակակիցների հուշերը, ինչ խոսք, Թումանյանին բացահայտելու առումով չափազանց կարևոր են, սակայն նրան ճանաչելու առումով ուղղակի հաճույք է ընթերցել նրա հրապարակումները մամուլում: Ընդ որում, ոչ միայն հրապարակախոսությունը կամ գրական գործերը:

Հետաքրքիր է  Թումանյանի արձագանքը հասարակական տարբեր երևույթներին: Մասնավորապես, մանկավարժ Նիկողայող Տեր-Ղևոնդյանի կողմից իր «Շունն ու կատուն» «սրբագրելուն, սիրունացնելուն».

«Դասագիրք կազմող պ. Ն. Տեր-Ղևոնդյանը «Մշակի» N 274-ում պատասխանում է իմ բողոքին, թե իր երկրորդ տարվա դասագրքում փոփոխելով իմ «Շունն ու կատուն» մի մազաչափ անգամ չէ վնասել, միայն ավելորդ տողերն է դուրս ձգել, վանկերն է շտկել և ռամկական բառերն ու ոճերն է փոփոխել… Նախ` ես կարծում եմ հենց այն էլ անարդարություն է արդեն, որ կարող է նա-դասագիրք կազմողը-օգտվել, շահ ստանալ հեղինակի գործից առանց մասնակից անելու գրվածքի տիրոջը, թե ինչ օրենքի անունով ուզում է այդ կատարվի:   

…Քեռի Քուչին… ծանր ու մեծ,
Ուստա Կատվի շեմքում կանգնեց:

«Ծանր ու մեծ»-ը ոճ է, որ նշանակում է важно.
Սիրունացնող պ. Տեր-Ղևոնդյանը այդ ոճը գտել է ռամկական, փոխել է, շինել.

Քեռի Քուչին…քայլերը մեծ,
Ուստա Կատվի շեմքում կանգնեց:

Եվ այսպես ուրիշ ոճեր ու տողեր, որ փոփոխել կամ դուրս է ձգել ոտանավորից, անխիղճ կերպով «սիրունացրել» և տակը դրել… իմ անունը: Ես բողոքում եմ, և նա, գիտե՞ք, ինչ է ասում. «Պ. Հովհաննես Թումանյանի հրամանը ես ինձ համար պարտավորեցուցիչ չեմ համարում. դասագիրք կազմողների արտոնությունները պարոնի կարծածից շա~տ ավելի ընդարձակ են»: Մարդ մնում է ապշած» («Պ. Նիկ. Տեր-Ղևոնդյանը և իմ «Շունն ու կատուն», Թիֆլիս, «Մշակ», 1904, N 278):

Այսօր, երբ մեր մեդիայի հիմնական խնդիրների մեկը կեղծ լրատվությունը, ֆեյք կայքերն ու ֆեյք օգտատերերն են, արդիական է Թումանյանի «Պատասխան Պ.Կատոնին» հոդվածը՝ ովքե՞ր են թաքնվում կեղծ ստորագրությունների տակ, ինչու՞ են այնքան անազնիվ, որ համարձակություն չունեն սեփական անուն-ազգանունով հանդես գալ:

Թումանյանը հետաքրքրվել էր՝ արդյո՞ք «Կ», «Իրազեկ» և «Ս. Չերքեզյան» ստորագրությունները միևնույն մարդունը չեն. «Եվ ահա բռնել եմ ձեզ. պատասխան տվեք իմ հարցին, դուրս եկեք հրապարակ։ Ոչ մի բարոյական օրենք չկա, որ մի մարդ խոսի, գործ տեսնի միաժամանակ մի քանի կեղծ անուններով, մի անունը մի բան գրի, մյուսը նրան վկա գա, երրորդն էլ հաստատի, իբրև թե երեք մարդ են մեջտեղը։ Մի անունով հայհոյի, զրպարտի, մյուս անունով կանգնի իբրև բանից անտեղյակ ու անմեղ մեկը։ Մարդ մի երես պետք է ունենա ու մի անուն, մանավանդ նա, որ առաջ է անցնում խոսելու հասարակական ծանր խնդիրների մասին, անհատների ու հոսանքների դեմ» («Հորիզոն», 1911, N 222):    

Ագրեսիվ, անվայել մեղադրանքներ՝ հիմնավորված քննադատության փոխարեն. այս միտումը հատուկ է ոչ միայն ժամանակակից մամուլին:

«Ափեղցփեղ», վիրավորական արտահայտությունների թիրախ եղել է նաև Թումանյանը:

Ահա նրա արձագանքը՝ իրեն վիրավորողին՝ «Մշակ»-ի աշխատակից Գրիգոր Վարդանյանին.

«Բա՞ն եմ գրել. – քննադատեցեք։ Համաձայն չե՞ք։ Խիստ քննադատեցեք։ Կպարզվի, վերջը կերևա՝ ո՛վ է ուղիղ դատում։ Բայց վիրավորական, ափեղցփեղ դարձվածքներով վեր կենալ մի, ինչպես Դուք բարեհաճում եք վկայել, «սիրած ու հարգված» գրողի դե՞մ…» («Մշակի» պարոն Գ.Վ.-ին» «Հորիզոն», Թիֆլիս, N 98, 1910):

Ի՞նչ լեզվով ենք գրում, որքանո՞վ է տեղին փոխառությունները, բարբառային ձևերը կիրառել հրապարակումներում, գրական գործերում:

«Լեզվական փոխառություններ» հոդվածում Թումանյանն անդրադարձել է այս հարցերին, մասնավորապես, գրողների հասցեին քննադատությանը, թե «Ինչ որ հնչվում է ժողովրդի բերանում, լինի դա հայերեն թե թուրքերեն, թաթարերեն թե ռուսերեն, վերցվում է և իսկույն գրվածքի մեջ է դրվում»։

Ժամանակին Թումանյանը, նաև Իսահակյանը մեղադրվել են «ռամկագրության» մեջ, որ իրենց գործերում գործածում են «ջան, ջիգյար, յար, յարաբ, ղարիբ» և այլ՝ ոչ հայերեն բառեր։  

«Քանի որ մի ժողովուրդ հազար ու մի ձևերով հարաբերություն ունի ուրիշ ժողովուրդների հետ, քանի որ նրա կյանքը զարգանում է նաև արտաքին ազդեցությունների տակ, քանի որ մեծանում է, էնքան էլ ազդեցություններ է կրում և նրա լեզուն, հարստանում, ճոխանում ու զարգանում»,- մեղադրանքին այսպես է արձագանքում Թումանյանը («Հորիզոն» օրաթերթ, Թիֆլիս, 1910, N 103):

Հոդվածի սկզբում նկատեցինք, որ Թումանյանը մամուլի աշխատանքից գոհ չէր: Եվ իր հոդվածներից մեկում տալիս է որակյալ մամուլ ունենալու իր լուծումը.  «Եվ չի ուղղվելու հայ թերթը, մինչև չտեսնի իր դեմ կանգնած է այն ընթերցողը, որ հասկանալ ու պահանջել գիտի, որ թույլ չի տալ իրեն հետ ամեն բան խոսել և ամեն ձևով խոսել  («Մեր մամուլն ու իր ընթերցողը», «Հորիզոն», Թիֆլիս, 1910, N-223)»։ 

Լիլիթ Ավագյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *