2019.06.22,

Ստուգված է

Մի գրառում ու երեք փաստարկ

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

«Այս տարվա հոկտեմբերին ազատության մեջ կհայտնվի մարդասպան Նաիրի Հունանյանը», – ասաց henaran.am-ը, նույն միտքը մի փոքր այլ կերպ ձևակերպեց analitik.am-ը։ Blognews.am-ի վերնագիրն էլ հավելեց, որ ըստ փոփոխության այս տարի նույն ժամանակահատվածում ազատության մեջ կհայտնվի նաև «մարդասպան Մհեր Ենոքյանը»։  Bavnews.am-ն էլ գրեց, թե «Սորոսի հիմնարկը ի վերջո օրենքը փոխել տվեց․․․»։

Այս բոլոր հրապարակումների աղբյուրը ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Մալյանի «շնորհավորանքի» տեքստն էր։ Հունիսի 20-ին արված գրառման առիթը դրանից 17 օր առաջ ՀՀ Ազգային ժողովի կայացրած որոշումն էր՝ ՀՀ Քրեակատարողական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին։

Դրանցից որոշ կետեր վերաբերում էին ցմահ ազատազրկման դատապարտվածներին և ենթադրությունների, մանիպուլյացիաների ու շահարկումների առիթ դարձան։

Media.am-ն առանձնացրել է 3 փաստարկ․

1․ Լրատվամիջոցների վերնագրերից չէր հասկացվում, որ խնդրահարույց դարձած Քրեակատարողական օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի փոփոխության համաձայն` ցմահ դատապարտյալներին պատիժը կրելուց առնվազն 20 տարի հետո ոչ թե ազատվելու, այլ բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխվելու հնարավորություն է տրվում։

Բաց ուղղիչ հիմնարկը ենթադրում է (հոդված 103), որ դատապարտյալը կարող է տեղաշարժվել գիշերային ժամերին՝ ուղղիչ հիմնարկի այդ նպատակով նախատեսված տարածքի սահմաններում, իսկ ցերեկային ժամերին՝ ուղղիչ հիմնարկի տարածքի սահմաններում, և ուղղիչ հիմնարկի պետի թույլտվությամբ՝ դրանից դուրս։ Դատապարտյալները պահվում են հասարակական համակեցության կանոններին համապատասխան և նրանց այնտեղ պահելու պայմանների առանձնահատկությունները սահմանվում են ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով:

2․ Այս փոփոխությունների և լրացումների նախաձեռնության հեղինակը ՀՀ կառավարությունն է՝ Արդարադատության նախարարությունը, որը փաթեթը մշակել է ՄԻՊ աշխատակազմի հետ համատեղ։

Առաջարկը ապրիլի 5-ին քննարկվել է ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում։ Զեկուցող Արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանի խոսքով քրեակատարողական հիմնարկներում սեգրեգացիայի խնդրի մասին երկար ժամանակ բարձրաձայնել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն։ Զեկուցողի խոսքով, այս փոփոխությամբ կընդլայնի դատապարտյալների վերսոցիալականացման հնարավորությունները։

ՀՀ կառավարությունը «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ի հետ ուղիղ կապ չունի և այս օրենսդրական փոփոխության համար հիմնադրամից դրամաշնորհ չի ստացել, հետևաբար անհասկանալի է վերատպված գրառման այն միտքը, թե փոփոխությունը «Սորոսի հիմնարկն է փոխել տվել»։

3․ Ցմահ ազատազրկվածների՝ բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխվելը միայն պատժի կրած որոշակի ժամկետով չի պայմանավորված, կարևոր է նաև նրանց դրսևորած դրական վարքագիծը։

Լրատվամիջոցները այս հարցերին չէին անդրադարձել, նրանք պարզապես վերատպել էին ֆեյսբուքյան գրառումը։

Այսրոպեական լրագրությանը, այսինքն ցանկացած լուր հնարավորինս արագ հաղորդելու ձևավորված ավանդույթին media.am-ը անդրադարձել է։ Հոդվածում ասվում է, որ Ֆեյբուքի կոնտենտը կրկնելը չի տարբերակում, ավելին` հավասարության նշան է դնում լրատվականի ու սոցցանցի միջև, մինչդեռ․ «Հենց այս րոպեին ֆեյսբուքում արդեն տարածված լուրը չկրկնելով, լրատվամիջոցը կկարողանա ջանք ու ժամանակ տրամադրել այդ լուրի համատեքստը գտնելու, ընդհանուր պատկերը ներկայացնելու, վերջապես՝ առավել ու առավել պահանջված դարձող պատշաճ վերլուծություն առաջարկելու համար»:

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *