2020.03.30,

Նյուսրում

COVID-19․ Հայաստանում կառավարությունը հեռախոսների միջոցով կվերահսկի մարդկանց տեղաշարժը

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Կորոնավիրուսի դեմ ավելի արդյունավետ պայքարելու համար Կառավարությունն առաջարկում է հավաքագրել, մշակել և անհրաժեշտության դեպքում օգտագործել բոլոր տվյալները, որոնք թույլ կտան որոշել քաղաքացիների հեռախոսային խոսակցության տեղը, ամսաթիվը, սկիզբը և ավարտը:

Այս եղանակով անձնական տվյալների հավաքագրման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունն ԱԺ-ն ընդունեց առաջին ընթերցմամբ՝  57 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ ձայների համամասնությամբ: Երկրորդ ընթերցումը վաղն է՝ մարտի 31-ին:

Կառավարության բացատրության համաձայն՝ արտակարգ իրավիճակում նման քայլի գնալու նպատակն է օնլայն ռեժիմով և ավելի արդյունավետ ստանալ տեղեկություն այն անձանց շփման շրջանակի վերաբերյալ, որոնց մոտ արդեն հաստատվել է կորոնավիրուսի վարակը: Այսպես հնարավոր կլինի հետևել վիրուսի տարածմանը և կանխարգելել այն:

ԱԺ-ում նախագծի ներկայացման ժամանակ Արդարադատության նախարար Ռոստամ Բադասյանը վստահեցրեց, որ հեռախոսազանգերի բովանդակությունը չի մշակվելու, իսկ անձնավորված տվյալները ոչնչացվելու են արտակարգ դրության ավարտից` ապրիլի 14-ից հետո:

Ներկայացված նախագիծն ասում է, որ բոլոր դեպքերում անձնավորված տվյալները պետք է ոչնչացված լինեն ոչ ուշ, քան արտակարգ դրությունն ավարտվելուց մեկ ամիս հետո: Մշակված անձնավորված տվյալները ոչնչացնելու պահանջն արգելք չէ ապանձնավորված վիճակագրական տվյալներ պահպանելու և օգտագործելու համար:

Կառավարության հիմնավորումն այն է, որ ներկայումս 10-ից ավելի երկրներ, այդ թվում՝ անձնական տվյալների պաշտպանության առավել բարձր մակարդակ ունեցող եվրոպական երկրներ, անցել են տեխնոլոգիաների միջոցով մարդկանց տեղաշաժին հետևող լուծումների՝ ԱՄՆ, Հարավային Կորեա, Գերմանիա, Սինգապուր, Ավստրիա, Լեհաստան, Բելգիա, Մեծ Բրիտանիա և այլն:

«Նժարներից մեկի վրա հանրության կյանքն ու առողջությունն է, մյուսին՝ նրա ազատությունների սահմանափակումները: Նպատակն իրավաչափ է, մեր խնդիրը վարակվածների հետ շփում ունեցածների տեղորոշելն է: Փաստ է, որ որևէ մեկի մտքով չի կարող անցնել համաճարակի ժամանակ գեներացված տվյալները հետագայում այլ նպատակներով օգտագործել», – ասում է Արդարադատության նախարարը:

ԱԺ պատգամավորները և անկախ փորձագետները բազմաթիվ հարցեր ունեն այս նախագծի հետ կապված: Ըստ էության, այն բնորոշվում է անարդյունավետ, անորոշ, անհստակ և արդեն ուշացած:

Մտահոգությունները շատ են, ավելի առարկայացված և նեղ հարցեր պարունակող, սակայն ընտրել և ներկայացնուն ենք նրանք, որոնք այս պահին պատասխան և կարգավորում ստանալու կարիք ունեն:

Ո՞վ է վերահսկելու տվյալներ գենարցնողին

Հիմնական մտահոգությունը նման ծավալի տեղեկատվության հետ աշխատող պետական մարմնին վերահսկող օղակի բացակայությունն է: Տեղեկությունների հավաքագրումն իրականացնելու են իրավապահ մարմինները՝ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն:

Հավաքված տվյալներն ապանձնավորված են լինելու։ Որպեսզի հետագայում բացառվի դրանց անձնավորումը, կոնկրետ քաղաքացիների հետ նույնականացումն ու նրանց համար խնդիրների առաջացումը, անհրաժեշտ է ստեղծել վերահսկող օղակ: ԱԺ-ում առաջարկ եղավ, նման գործառույթ տալ ԱԺ-ի տարբեր խմբակցություններից կազմված մարմնին:

Նախարար Բադասյանն ասաց, որ ապաանձնավորված տեղեկատվությունը անձնավորելը բարդ է, սակայն հնարավոր է, և Կառավարությունը կարող է վերանայել այդ դրույթները:

Եթե մարդը չունի սմարթֆոն․․․

Մարդկանց տեղորոշել հնարավոր է միայն սմարթֆոնների միջոցով, սակայն կառավարությունը վերջնական չունի այն հարցի պատասխանը, թե ինչպես է հետևելու այն ինքնամեկուսացված մարդկանց, որոնք չունեն նման հեռախոս:

Չի բացառվում հեռախոսների տրամադրումը, սակայն պարզ չէ, ինչ միջոցների մասին է խոսքը, որ կազմակերպությունն է տրամադրելու և ինչքան ժամանակով:

Բադասյանն ասում է, մնացած դեպքերի համար այլ միջոցառումներ կձեռնարկվեն, ընդհուպ մինչև մեկուսացածի բնակարանի մոտ ոստիկանական հսկողությունը:

Տարբերակներից մեկն էլ այն է, որ նրանք ովքեր չեն ունենա հեռախոս և հատուկ հավելվածով չեն դիտարկվի այս ցանցում, ուրեմն պետք է պատրաստ լինեն ենթարկվել որոշմանը և կարանտինն անցկացնել պետության կողմից առանձնացված պայմաններում:

Վերահսկման մեթոդները պարզ չեն

Հարցի նման լուծում առաջարկել են ՏՏ մասնագետները: ԱԺ-ում նկատեցին, որ նման դեպքերում կարևոր է նաև հեռահաղորդակցության ոլորտի մասնագետների և համաճարակաբանների ներգրավվածությունը:

Նպատակը պարզ է, բայց մեթոդները՝ անհասկանալի, օրինակ ինչի համար է անհրաժեշտ մարդու մեկ այլ անձի հետ հեռախոսազրույցի տևողությունը, ինչ է տալու զրույցի սկիզբն ու ավարտը ֆիքսելը: Հնարավոր է մարդը օրվա ընթացքում խոսի 40 հոգու հետ և ոչ մեկին չհանդիպի:

Եվ բացի այս վարակվածը այսպես թե այնպես տեղեկացնում է իր հանդիպումների մասին: Նախարարն ասում է, որ մարդը ոչ միտումնավոր կարող է մոռանալ նշել  մեկին, ում հետ այդ ժամանակահատվածում շփվել է:

Ընդդիմախոսներն ասում են, որ GPS-ով մարդկանց տեղորոշելն ամբողջապես բավարար է, իրար հետ մարդկանց զրույցը ոչ մի հավելյալ տեղեկատվություն չի կարող պարունակել:

Հատկապես որ շատերն օգտվում է ոչ թե դասական հեռախոսազանգից, այլ կապ են հաստատում տարբեր ծրագրային հավելվածների՝ WhatsApp-ի, Signal-ի, Telegram-ի, Viber-ի, Ֆեյսբուքի մեսենջերի, Սկայպի և այլնի միջոցով:

Ինչու՞ է պետք պահել տվյալները

Արտակարգ դրությունից հետո տվյալների պահպանումը խնդրահարույց է: Կառավարությունն ասում է, որ դա անհրաժեշտ է վիճակագրական վերլուծությունների և հետագայում նման համաճարակների դեմ պայքարի համար:

Հիմնակավորումը ընդդիմախոսներին չի համոզում, քանի որ տվյալների հավաքագրման շղթայում վստահության խնդիր կա: Քանի որ չեն պարզաբանում, թե տեխնիկական ինչ լուծումներով են տվյալները հավաքվելու, մշակվելու և պահպանելու, դրանց անվտանգության հետ կապված հարցեր են առաջանում: Արդյոք դրանք հասանելի չեն դառնա մի երրորդ անձի կամ կազմակերպության, արդյոք դրանք 1-ամսյա ժամկետից հետո անմբողջապես ոչնչացվելու են: Որ մարմնին է տրված ոչնչացման հսկողության դերը և այլն: Եվ ինչու է պահվում 1 ամիս, եթե ոչ մի քանի օր, եթե նպատակը պատկեր ստանալն ու վերլուծելն է:

Եվ ամենակարևորը՝ ո՞ր պատկան մարմիններն են մուտքի հնարավորություն ունենալու դեպի այդ բազա:

Ի՞նչ արդյունավետություն ունի այս խիստ մեթոդը

Կառավարությունը նման կարևոր քայլ է ձեռնարկում ու արդյունքների կանխատեսման ոչ մի թվային վերլուծություն:

Հիմնավորումների մեջ նշում է, որ նման հսկողությունը կհանգեցնի կանխարգելիչ միջոցառումների արդյունավետությանը, օպերատիվության բարձրացմանը, արագ արձագանքման հնարավորությունների մեծացմանը:

Մասնագետներն ասում են, որ այս նպատակի համար ձեռնարկվող քայլն անհամաչափ է և հետագայում կարող է օգտակար լինել բացառապես քաղաքական նպատակներով: Ավելի նպատակահարմար է՝ վարակված անձի հեռախոսային կապերի մասին տեղեկատվություն ստանալ անմիջապես բջջային օպերատորներից: Եվ քաղվածքների միջոցով հասկանալ ու գնահատել կոնտակտավորների շրջանակը՝ առանց հանրային ավելորդ հուզում առաջացնելու:

Քնարկումների ժամանակ տեսակետ կար, որ այս քայլն արդեն ուշացած է ու ոչ արդյունավետ։ Այն պետք էր ներդնել ավելի շուտ, երբ դեռ նոր էր վարակը մտնում երկիր:

Չի բացառվում, որ մարտի 31-ի՝ երկրորդ ընթերցման ժամանակ կառավարությունը փոփոխած կլինի խնդրահարույց կետերը:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *